Հոգևոր դաստիարակությունը մանկական տարիքում. հոգեբանի խորհուրդները

Հավատք

Հոգևոր դաստիարակությունը մանկական տարիքում շատ կարևոր է արժեքային համակարգի ձևավորման, ինչպես նաև մշակութային ժառանգությունը փոխանցելու համար: Այս կարևորությունը գիտակցելով` երեխային քրիստոնյա մեծացնելու, նաեւ  հոգևոր

Հոգևոր դաստիարակությունը մանկական տարիքում շատ կարևոր է արժեքային համակարգի ձևավորման, ինչպես նաև մշակութային ժառանգությունը փոխանցելու համար: Այս կարևորությունը գիտակցելով` երեխային քրիստոնյա մեծացնելու, նաեւ  հոգևոր ժառանգությունը փոխանցելու համար պետք է իմանալ երեխայի զարգացման առանձնահատկությունները,  հաշվի առնել առաջին հերթին նրա`

  • մտածողության,
  • երևակայության,
  • բարոյական ընկալումների զարգացման առանձնահատկությունները:

Վաղ մանկական և նախադպրոցական տարիքում երեխայի համար դժվար է հասկանալ կամ ըմբռնել երևույթները, որոնք նա չի տեսնում կամ չի կարող դրանց հետ գործողություններ կատարել: Սա նշանակում է, որ երեխան առավել լավ կարող է հասկանալ մեր բացատրությունները, լուծել որևէ խնդիր, եթե նա տեսնի կամ կարողանա գործողություններ կատարել այդ առարկաների հետ` լուծում գտնելու, հասկանալու համար: Այսինքն, երբ մենք երեխային փորձում ենք որևէ բան բացատրել, պետք է կամ ցույց տանք, կամ իր ձեռքը տանք, կամ պատկերավոր բացատրենք, որն ավելի դժվար է: Օրինակ` եթե մենք երեխային բացատրենք` ինչպես պետք է կոշիկի կապիչները կապել, նա չի հասկանա, մինչև կոշիկներն իր ձեռքում չլինեն և նա չտեսնի` ինչպես է մայրիկը կապում: Բազմիցս տեսնելով և փորձելով` երեխան սովորում է կապել կոշիկների կապիչները: Մեծահասակներն այդպես չեն մտածում, նրանք կարող են մտքում իրականացնել գործողություններ և լուծումներ գտնել՝ վերանալով իրավիճակից, որում իրենք գտնվում են: Այնպես, ինչպես մենք մտքում կամ թղթի վրա լուծում ենք մաթեմատիկական կամ ֆիզիկական խնդիրներ` բացարձակ չգտնվելով համապատասխան իրավիճակում:

Այս տարիքում ակնհայտ է նաև երեխայի երևակայության վառ արտահայտվածությունը, առավել վառ, քան մեծահասակների մոտ: Մանկական տարիքում յուրահատուկ են երեխայի բարոյական ընկալումները, որոնք առավել էգոցենտրիկ են, քան հասուն տարիքում: Երեխաները դժվարանում են պատկերացնել, որ կա մի համընդհանուր համամարդկային բարոյականություն, նրանք ունեն իրենց սեփականը: Այն, ինչ ցավեցնում կամ վախեցնում է երեխային, համարվում է սխալ ու վատ: Նման ձևով երեխան պատիժներն ընկալում է որպես վիրավորանք կամ իրեն չսիրելու ապացույց: Երեխան դեռևս չի կարող գնահատել երևույթները տարբեր տեսանկյուններից, նա դիտում է իր տեսանկյունից: Սա բնական է և նորմալ այս տարիքի համար, բնորոշ է գրեթե բոլոր երեխաներին:

Հոգևոր դաստիարակությունը նպատակ ունի բարոյական արժեքներ սերմանելու: Երբեմն մենք երեխային փորձում ենք վախեցնել կամ նրա վարքի վրա ազդել Աստծո գաղափարով կամ Աստծո պատիժներով: Դրանք իրականում կապ չունեն հոգևոր դաստիարակության հետ, քանի որ երեխայի վրա վախի միջոցով ազդելու ձևեր են` այնպես, ինչպես վախեցնում են «Մեշոկ Պապի»-ով կամ ոստիկանով:

Նմանատիպ օրինակ է նաև, երբ ծնողները երեխային ասում են` Աստված քեզ տեսնում է միշտ և ամենուր, ու եթե դու քիթիկդ փորես, նա քեզ կպատժի: Նախ` սա նույն օրինակն է, ինչ նախորդը` այնպես, ինչպես երեխային ասում են Ձմեռ պապիկի մասին, որը նվեր չի բերի, եթե քեզ չար պահես: Այս օրինակները որևէ կապ չունեն հոգևոր դաստիարակության հետ, մշակութային արժեք չեն պարունակում և երեխային ոչինչ չեն սովորեցնում: Հակառակը` անգամ խեղաթյուրում են հոգևոր արժեքները: Երեխայի երևակայության առանձնահատկությունները երբեմն կարող են նրան տանել շատ ավելի հեռուն,  քան մենք սպասում ենք: Երեխայի մոտ կարող են վախեր առաջանալ` ամենուր իրեն հսկող կամ տեսնող այդ աչքի հանդեպ: Մեծահասակների շատ արտահայտություններ բարոյական ծանր բեռ կարող են դառնալ երեխայի համար: Երեխաների արարքների մեծ մասը մանկական չարաճճիություններ են, ընդ որում` Աստվածահաճ: Մենք երեխաներին հրամցնում ենք այն ընկալումները, որոնք մենք ունենք կրոնի, Աստծո և նրա պատժի մասին:

Երեխաներն ավելի լավ ընկալում են մեր վարքն ու պահվածքը, քան մեր հրահանգներն ու խրատները: Այդ պատճառով այս տարիքում հոգևոր դաստիարակությունը պետք է իրականացվի ոչ առանձին և ոչ հատուկ պլանավորված: Եթե տանը լինի մանկական Աստվածաշունչ` նկարազարդումներով և երեխայի համար հասանելի, ապա այն հաստատ հետաքրքրություն կառաջացնի երեխայի մոտ:

Ի վերջո, պետք է հիշել, որ ավելի լավ է առաջին հերթին մտածել սեփական անձի հոգևոր արժեքների մասին, հետո միայն` երեխաների մեջ այդ արժեքները սերմանելու: Երեխաները կրկնօրինակում են մեր վարքը, և եթե մենք ապրում ենք բարոյական և քրիստոնեական արժեքներով, ապա մեր երեխան կմեծանա որպես դրանց կրող մարդ:

Հոգևոր դաստիարակությունը և հավատքը պետք չէ օգտագործել որպես վախի և դաստիարակության միջոց: Հոգևոր դաստիարակությունը ոչ թե մեզ սահմանափակելու և վախեցնելու համար է, այլ մեզ հույս, ուժ, բարություն, ձգտում, կյանքի իմաստավորում և արժևորում փոխանցող ուժ է:

 

Անուշ Ալեքսանյան

«Երկուսով»  հոգեբանական մասնագիտացված կենտրոն

Գովազդ