Հովսեփը բանտում

Հավատք

Սակայն բանտում էլ Տերը Հովսեփի հետ էր ու օգնում էր իրեն: Աստված բանտապետի սիրտը լավ տրամադրեց Հովսեփի նկատմամբ ու նա բոլոր բանտարկյալների վրա տնօրեն նշանակեց Հովսեփին: Ինքը` բանտապետը, ամեն բան հանձնել էր Հովսեփին և ոչ մի բանի չէր խառնվում, որովհետև կատարելապես վստահում էր նրան: Աստված խոստացած է միշտ լինել նրանց հետ, ովքեր սիրում են Իրեն, ու երբ նրանք տառապանքի մեջ են լինում, Աստված ազատում և փառավորում է նրանց:

Հովսեփն իր հույսը Աստծո վրա դրեց ու նրանից օգնություն սպասեց:

Այն բանտում, որտեղ Հովսեփն էր, թագավորի երկու ծառաներն էին բանտարկված: Նրանցից մեկը ժամանակին թագավորի սեղանն էր սպասարկում` թագավորի բաժակի մեջ գինի լցնելով: Նրան մատռվակ էին անվանում: Մյուսը թագավորի սեղանին զանազան ուտելիքներ էր դնում: Նրան հացագործ էին անվանում: Սրանք թագավորի առաջ հանցանք գործեցին ու բանտ ընկան:

Մի օր մատռվակն ու հացագործը երազ տեսան, բայց երազները մեկնել չկարողացան: Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստված է տալիս մեկնաբանությունները: Պատմեցեք ինձ ձեր երազները»: Մատռվակն առաջինը պատմեց իր երազը: Նա երազում խաղողի որթ էր տեսել, որի վրա երեք ճյուղ կար: Այնուհետև որթի վրա ծաղիկներ էին երևացել, որոնք աճել ու պտուղ էին դարձել, նա հավաքել էր այդ պտուղները, ճզմել հյութը բաժակի մեջ ու մատուցել Փարավոնին:

Հովսեփը իսկույն նրան մեկնեց երազն ու ասաց. «Երեք ճյուղերը երեք օրեր են: Երեք օրից Փարավոնը կվերականգնի քեզ քո պաշտոնին, դու նրա ձեռքը կտաս բաժակը, ինչպես առաջ, նորից նրա մատռվակը կլինես»:

Հետո հացագործը պատմեց նրան իր երազը: Նա երազել էր, որ իր գլխի վրա երեք զամբյուղ կար: Ամենավերևում եղած զամբյուղը լի էր ամեն տեսակ թագավորական ուտելիքներով, որ թռչուններն էին ուտում:

Լսելուց հետո Հովսեփն ասաց նրան. «Երեք զամբյուղները երեք օր են նշանակում: Երեք օրից Փարավոնը կկանչի քեզ ու ծառից կկախի և թռչունները քո մարմինը կկտցահարեն»:

Երեք օրից նրանց հետ կատարվեց ճիշտ ու ճիշտ այն, ինչ կանխագուշակել էր Հովսեփը:

 

 

ԾՆՆԴՈՑ 39:7-23, 40:1-22

Գովազդ