ՀՈՎՍԵՓԸ ՓԱՐԱՎՈՆԻ ԵՐԱԶՆԵՐՆ Է ՄԵԿՆՈւՄ

Հավատք

Մի օր Եգիպտոսի Փարավոնը երազ տեսավ: Երազում կանգնած էր գետի ափին: Հանկարծ գետից յոթ գեր կովեր դուրս եկան ու սկսեցին եղեգների մեջ արածել: Հետո դուրս եկան յոթ նիհար կովեր: Այդ նիհար կովերը կերան գեր կովերին: Դրանից հետո Փարավոնը արթնացավ:

Նորից քնեց և ուրիշ երազ տեսավ: Մեկ ցողունի վրա յոթ պարարտ ու լավ հասկեր էին դուրս եկել: Ահա նրանց ետևից յոթ վտիտ և խորշակահար հասկեր բուսան ու կուլ տվին լավ հասկերին: 

Փարավոնը արթնացավ ու այս երազներից շատ շփոթվեց: Իր մոտ կանչեց Եգիպտոսի բոլոր իմաստուններին ու նրանց պատմեց իր երազը: Սակայն ոչ ոք մեկնել չկարողացավ: 

Այն ժամանակ մատռվակն ասաց թագավորին, որ հիշում է Հովսեփ անունով մի հրեա երիտասարդի, որը բանտում իր ու հացագործի երազները մեկնեց, ու երազները իրականացան այնպես, ինչպես երիտասարդը մեկնել էր: Փարավոնը իսկույն Հովսեփի ետևից մարդ ուղարկեց: Երբ նրան բերին, թագավորն ասաց. «Լսեցի, որ դու կարող ես երազներ մեկնել»: Հովսեփը պատասխանեց. «Ոչ թե ես, հապա Աստված պիտի տա խաղաղության պատասխան Փարավոնին»: Փարավոնը նրան պատմեց իր երազները: Հովսեփն ասաց. « Աստված ցույց է տվել Փարավոնին այն, ինչ պիտի անի: Յոթ լավ կովերն ու յոթ լի հասկերը, լավ բերքի յոթ տարիներ են Եգիպտոսում: Իսկ յոթ նիհար կովերն ու յոթ վտիտ հասկերը սովի յոթ տարիներ են, որոնք կհաջորդեն բերքառատ տարիներին: Փարավոնի երազը կրկնվեց երկու անգամ, նրա համար, որ այս բանը իսկապես Աստծո կողմից է և նա շուտով պիտի կատարի: Հետո Հովսեփը խորհուրդ տվեց Փարավոնին Եգիպտոսի վրա մի իմաստուն կառավարիչ կարգել, որպեսզի նա պաշար հավաքի յոթ առատ տարիների ընթացքում:

 

ԾՆՆԴՈՑ 41:1-36

 

 

Գովազդ