Հովսեփն ամբողջ Եգիպտոսի կառավարիչն է

Հավատք

Փարավոնը շատ գոհ մնաց այն բանից, թե Հովսեփն ինչպես մեկնեց իր երազները: Նա իր ծառաներին ասաց. «Կգտնե՞նք արդյոք մեկ ուրիշ նման մարդ, ինչպիսին Հովսեփն է, որի մեջ Աստծո հոգին լինի»:

Հետո դիմեց Հովսեփին հետևյալ խոսքերով. «Քանի որ Աստված քո առաջ բաց արեց այս գաղտնիքը, նշանակում է` քեզանից ավելի խելացի և իմաստուն մեկը չկա: Դու կլինես իմ տան վերակացուն, ու քեզ կլսի իմ ամբողջ ժողովուրդը: Ես քեզ ղեկավար կկարգեմ ամբողջ Եգիպտոսի վրա ու միայն գահով կլինեմ քեզանից բարձր»:

Հետո Փարավոնը հանեց իր ձեռքի մատանին ու անցկացրեց Հովսեփի մատին: Վզին ոսկե շղթա դրեց ու թանկարժեք բեհեզյա հանդերձներ հագցրեց: Փարավոնը հրահանգ տվեց նրան իր երկրորդ կառքի մեջ նստեցնել, ման ածել Եգիպտոսի մեջ ու նրա առջևից գոչել` «Ծնրադրեցե՛ք»:

Այսպես մեծարվեց Հովսեփը, և իսկույն իր պարտականությունների կատարմանն անցավ: Քանի բերքառատ տարիներ էին, սկսեց պաշար հավաքել, որպեսզի գալիք սովի տարիներին Եգիպտոսի ժողովուրդը սովամահ չլինի: 

 

ԾՆՆԴՈՑ 41:37-48