ՍՈՎԻ ՅՈԹ ՏԱՐԻՆԵՐԸ

Հավատք

 

Յոթ տարի հետո ողջ երկիրը սովի մատնվեց: Բոլոր երկրներից մարդիկ Եգիպտոս էին գալիս, որպեսզի Հովսեփից հաց գնեն, քանի որ նա Եգիպտոսի բոլոր քաղաքներում հացահատիկի մեծ պաշար էր կուտակել:

Երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում հաց կա, իր տղաներից տասին ուղարկեց հաց գնելու` իր մոտ թողնելով միայն իր կրտսեր որդի Բենիամինին: 

Հովսեփը ամբողջ երկրի իշխանն էր ու ողջ ժողովրդին հաց էր  վաճառում: Նրա եղբայրները եկան ու մինչև գետին խոնարհվելով` խնդրեցին իրենց հաց վաճառել: Հովսեփը ճանաչեց նրանց, բայց իրենք նրան չճանաչեցին: Այն օրվանից, երբ իրեն վաճառել էին, ոչինչ չէին լսել ու չգիտեին նրա ճակատագրի մասին: Չգիտեին, թե ինչ բարձր դիրքի էր հասել: 

Հովսեփը այնպես ձևացրեց, թե ոչինչ չգիտի ու ասաց նրանց, որ իրենք լրտեսներ են ու եկել են ուսումնասիրելու Եգիպտոսի թույլ կողմերը: Եղբայրներն ասացին, որ իրենք ազնիվ մարդիկ են` մեկ հոր զավակներ, և իրենց կրտսեր եղբայրը տանն է մնացել: Հովսեփը հրամայեց ձերբակալել նրանց: Երրորդ օրը նրանց ասաց. «Եթե դուք ազնիվ մարդիկ եք, ապա թող ձեզանից մեկը մնա այստեղ ու մյուսները թող հացը տուն տանեն, որպեսզի ձեր ընտանիքը սովամահ չլինի: Բացի այդ, ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որպեսզի կարողանաք ապացուցել ձեր խոսքերի ճշմարտությունը և որպեսզի ես հավատամ, որ դուք վատ նպատակով չեք եկել այս երկիրը»: 

Այս լսելով` եղբայրներն իրար ասացին. «Մենք պատժվում ենք  մեր եղբոր նկատմամբ կատարած մեր մեղքի համար: Մենք տեսանք նրա հոգու տառապանքները, երբ իրեն վաճառում էինք: Ահա այս բանի համար ենք պատժվում»: Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր իրենց լեզուն, որովհետև նրանք թարգմանչի միջոցով էին հաղորդակցվում: 

Լսելով նրանց խոսքերը՝ Հովսեփը դուրս եկավ ու արտասվեց, հետո վերադարձավ ու հրամայեց նրանցից մեկին` Շմավոնին կապել, իսկ մյուսների պարկերը հացով լցնել ու տուն ուղարկել:

 

 

ԾՆՆԴՈՑ 41:54-57, 42:1-25