ՀՈՎՍԵՓԸ ՀԱՅՏՆՈւՄ Է ԻՐ ԻՆՔՆՈւԹՅՈւՆԸ...

Հավատք

Երբ Հովսեփի եղբայրները տուն եկան ու պատմեցին իրենց հորն այն մասին, թե ինչ պատահեց իրենց, Հակոբը վճռականորեն ասաց, որ Եգիպտոս չի թողնի իր կրտսեր որդուն` Բենիամինին, որն իր ծերության օրերի մխիթարությունն է: 

Սակայն շուտով վերջացավ Եգիպտոսից բերած նրանց հացը: Հակոբը դարձյալ ուղարկեց իր որդիներին՝ ասելով. «Նորից գնացեք ու մի քիչ ուտելիք բերեք»: Որդիները պատասխանեցին, որ եգիպտական երկրի կառավարիչը հրամայել էր իրենց ետ չգալ առանց կրտսեր եղբոր:

Հակոբը երկար ժամանակ չէր ուզում Բենիամինին նրանց հետ թողնել: Սակայն երբ քաղցը սաստկացավ, օրհնեց նրանց ճանապարհը` ասելով. «Թող ամենազոր Աստված ձեզ շնորհ գտնել տա այդ մարդու մոտ, որպեսզի բաց թողնի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին»:

Եվ այսպես տղաները Բենիամինի հետ Եգիպտոս եկան: Հովսեփը, Բենիամինին տեսնելով, գնաց մյուս սենյակն ու լաց եղավ: Հետո երեսի արցունքները լվաց ու ծառաներին հրամայեց եղբայրների համար մի մեծ հյուրասիրություն կազմակերպել: Եղբայրները շփոթվեցին` չիմանալով, թե ինչու է նա իրենց այսպիսի պատիվ ցուցաբերում: 

Վերջապես Հովսեփն այլևս ուժ չուներ իրեն զսպելու: Նա բարձրաձայն լաց եղավ ու եղբայրներին ասաց. «Ես Հովսեփն եմ: Հայրս դեռ կենդանի՞ է»: Շփոթված եղբայրները չկարողացան որևէ բան ասել: Այն ժամանակ Հովսեփն ասաց. «Մոտեցե՛ք ինձ»: Նրանք մոտեցան: «Ես Հովսեփն եմ` ձեր եղբայրը, որին ծախեցիք Եգիպտոս տարվելու համար: Իսկ հիմա մի՛ տխրեք, մի՛ ափսոսացեք, որ ինձ Եգիպտոս գնալու վաճառեցիք, որովհետև Աստված ինձ ձեր առջևից ուղարկեց, որպեսզի ձեր կյանքը պահպանվի...Ուրեմն ոչ թե դուք ինձ այստեղ ուղարկեցիք, այլ Աստված, որն ինձ Փարավոնի տան և ողջ Եգիպտական երկրի տերը դարձրեց: Շտապ գնացեք հորս մոտ ու ասացեք նրան. «Այսպես է ասում քո որդի Հովսեփը: Աստված ինձ ամբողջ Եգիպտոսի տերը դարձրեց: Ե՛կ իմ մոտ, մի՛ ուշացիր... Ես քեզ այստեղ կկերակրեմ որովհետև սովը դեռ հինգ տարի պիտի շարունակվի»: Այս խոսքերից հետո Հովսեփը Բենիամինի վիզն ընկավ ու լաց եղավ: Հետո գրկեց և համբուրեց բոլոր եղբայրներին: Նա սիրում էր նրանց և ամբողջ սրտով ներեց վատությունը, որ իրեն պատճառեցին:

 

 

 

 

 

ԾՆՆԴՈՑ 42:36-38, 43:1-34, 45:1-15

Գովազդ