ՀՈՎՍԵՓԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՐ ՀԵՏ

Հավատք

Լսելով, որ Հովսեփի եղբայրները այցելել են իրեն, Փարավոնը հրամայեց ճանապարհի համար հավելյալ ուտելիք, զգեստներ, կառքեր տալ իրենց, իրենց երեխաների և հոր համար: Նրանց բոլորին հրավիրեց գալ Եգիպտոս:

Երբ Հակոբը լսեց, որ իր սիրելի որդին կենդանի է ու կարող է նրան տեսնել, սիրտը ցնծությամբ լցվեց ու ասաց. «Իմ Հովսեփը դեռ կենդանի է. գնամ, գնամ իրեն տեսնելու»: Այդ բանից հետո Աստված Հակոբին երազում ասաց. «Հակո՛բ...Ես Աստված եմ, քո Աստվածը, մի՛ վախեցիր Եգիպտոս գնալուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ժողովուրդ եմ դարձնելու: Ես քեզ հետ կգամ Եգիպտոս ու քեզ անշուշտ կվերադարձնեմ»: 

Հակոբը հավաքեց իր բոլոր երեխաներին, թոռներին, ունեցվածքը ու ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս: Հովսեփը պատրաստեց իր կառքը ու դուրս եկավ նրանց դիմավորելու: Տեսնելով սիրելի հորը՝ նրա վզին փաթաթվեց և ուրախությունից երկար լաց եղավ: 

Երբ Փարավոնը լսեց, որ բոլորն արդեն եկել են, իր մոտ կանչեց Հովսեփին ու ասաց. «Ահա հայրդ ու եղբայրներդ քեզ մոտ են եկել: Եգիպտոսի ամբողջ երկիրը քո առջև է, և դու նրանց Եգիպտոսի լավագույն մասում բնակեցրու»: Հովսեփի բոլոր եղբայրները մանկուց նախրապաններ էին, ուստի Փարավոնը նրան ասաց. «Եթե կարծում ես, որ քո եղբայրների մեջ ընդունակ մարդիկ կան, ապա նրանց հսկիչ նշանակիր իմ նախրի վրա»: 

Հովսեփը իր բոլոր հարազատներին Եգիպտական հողի լավագույն մասերից կալվածքներ տվեց ու անընդհատ նրանց հաց և ամեն անհրաժեշտ բան մատակարարեց: Հակոբը Քանանու երկիրը չվերադարձավ, այլ մնաց Եգիպտոսում: Իր մահվանից առաջ, նա Հովսեփի երկու որդիները` Մանասեն ու Եփրեմը,  և ապա նաև իր բոլոր որդիները օրհնեց: Ինչպես Հակոբը պատվիրել էր, իր որդիները նրա մարմինը տարան Քանանու երկիրը և թաղեցին Մաքփելայի արտում գտնվող գերեզմանում, որտեղ արդեն թաղված էին Աբրահամն ու Սարան. Իսահակն ու Ռեբեկան:

 

ԾՆՆԴՈՑ 45-50

 

 

Գովազդ