Փարավոնի աղջիկը Մովսեսին է գտնում

Հավատք

Փարավոնի աղջիկն իր սպասուհիների հետ Նեղոսի ափը գնաց գետի մեջ լվացվելու: Հանկարծ եղեգների մեջ նկատեց տապանակը ու երեխայի լացը լսեց: Նա իր աղախնին ուղարկեց, որ տապանակը իրեն բերի:

Փարավոնի աղջիկը տապանակը բաց արեց ու տեսավ լացող երեխային, որը շատ գեղեցիկ էր: Աղջիկը գթաց երեխային և որոշեց իր մոտ վերցնել ու որդեգրել նրան:

 

Այստեղ իսկույն մոտեցավ երեխայի քույրն ու հարցրեց, թե արդյո՞ք երեխայի համար ծծմայր չի ուզում: Փարավոնի դուստրը համաձայնվեց: Երբ աղջիկն իր մորը փարավոնի աղջկա մոտ բերեց, վերջինս նրան ասաց. «Վերցրու այս երեխային ու կերակրիր: Ես քեզ կվճարեմ»: Մայրը ուրախությամբ վերցրեց իր որդուն ու Աստծուն շնորհակալություն հայտնեց իր աղոթքին պատասխանելու համար: Երբ Մովսեսը մեծացավ, մայրը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ:

Երկար ժամանակ անցնելուց հետո, երբ Մովսեսը մեծացավ, այնպես պատահեց, որ նա իր եղբայրների` Իսրայելի որդիների մոտ գնաց ու տեսավ նրանց ծանր աշխատանքը: Ու տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր հրեա եղբայրներից մեկին: Այս ու այն կողմ նայելով տեսավ, որ ոչ ոք չկա, սպանեց եգիպտացուն ու թաղեց ավազի մեջ:

Հաջորդ օրը նա նորից գնաց և ահա տեսավ, որ երկու հրեաներ իրար հետ են կռվում: «Ինչու՞ ես քո հայրենակցին ծեծում»,- հարցրեց նա հարձակվողին: «Ո՞վ քեզ մեր վրա իշխան ու դատավոր կարգեց,- ասաց նա,-չլինի՞ ինձ էլ սպանելու նպատակ ունես, ինչպես երեկ եգիպտացուն սպանեցիր»: Մովսեսը վախեցավ ու մտածեց. «Անկասկած այս դեպքի մասին իմացած կլինեն»: Փարավոնը լսեց այս դեպքի մասին և ուզեց սպանել Մովսեսին, սակայն Մովսեսը փարավոնի երեսից փախավ ու Մադիամի երկիրը գնաց:

 ԵԼԻՑ 2 և 3 Գլուխներ

Գովազդ