Վառվող մորենին

Հավատք

Մադիամի երկրում Մովսեսը ծանոթացավ Մադիամի քուրմի` Ռագուելի (Հոթորի) հետ: Այս քուրմը յոթը աղջիկ ուներ: Մովսեսն ամուսնացավ նրանցից մեկի` Սեպփորայի հետ:

Երկար ժամանակ անցնելուց հետո, եգիպտացիների թագավորը, այսինքն` փարավոնը մահացավ: Իսրայելի որդիները ծանր աշխատանքի պատճառով հառաչում էին ու Աստծուն աղաղակեցին:

 

Մովսեսը իր աներոջ` Մադիամի քուրմի` Հոթորի հոտն էր արածեցնում: Մի անգամ նա հոտն անապատում հեռու քշեց ու Աստծո Լեռը` Քորեբ հասավ: Ու Տիրոջ հրեշտակը կրակի բոցով վառվող մորենու միջից երևաց: Նա տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, սակայն չէր սպառվում: Մովսեսն ասաց. «Հիմա գնամ ու այս մեծ տեսարանը տեսնեմ, թե ինչու՞ մորենին չի այրվում»:

Տերը տեսնելով, որ նա մոտենում է դիտելու, կանչեց նրան մորենու միջից ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս...Մի՛մոտեցիր այստեղ: Ոտքերիդ կոշիկները հանիր, քանի որ այն հողը, որի վրա կանգնած ես, սուրբ է... Ես քո հայրերի Աստվածն եմ, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Մովսեսը ծածկեց իր դեմքը, որովհետև վախենում էր Աստծուն նայել:

Տերը մորենու միջից ասաց. «Ես տեսա իմ ժողովրդի տառապանքը Եգիպտոսում, ու լսեցի նրա աղաղակը: Ես գիտեմ նրա վշտերը, ու գալիս եմ նրան փրկելու եգիպտացիների ձեռքերից և դուրս բերելու նրանց այդ երկրից ու հաստատելու ավելի լավ ու ավելի ընդարձակ երկրի մեջ, որտեղ կաթ ու մեղր է հոսում... Ահա, Իսրայելի որդիների աղաղակն արդեն ինձ հասավ, ու տեսնում եմ այն, ինչ պատճառում են եգիպտացիները: Ուրեմն գնա, ես քեզ փարավոնի մոտ եմ ուղարկում: Գնա ու Եգիպտոսից դուրս բեր իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին»:

Սակայն Մովսեսը տարակուսեց: Նա իրեն անարժան էր համարում այդպիսի մեծ հանձնարարության համար: Նա Աստծուն ասաց. «Ո՞վ եմ ես, որ գնամ փարավոնի մոտ ու Իսրայելի որդիներին  դուրս բերեմ Եգիպտոսից»: Բայց Աստված նրան պատասխանեց. «Ես քեզ հետ կլինեմ»:

 

 

ԵԼԻՑ 3:1-11

Գովազդ