Մովսեսն ու Ահարոնը փարավոնի մոտ

Հավատք

Երբ Տերը Մովսեսին ասաց, որ իրեն փարավոնի մոտ է ուղարկում ասելու նրան, որ ազատ թողնի Աստծո ժողովրդին, Մովսեսը պատասխանեց. «Ո՛վ Տեր իմ, ես դժվարությամբ եմ խոսում ու կակազ եմ . . . ուղարկիր մի ուրիշի, որին կարող ես»: Տերը, ցույց տալով Մովսեսին իր Ահարոն եղբորը, ասաց. «Ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ՞: Գիտեմ, որ նա կարող է խոսել... Ես կլինեմ քո շուրթերում և նրա շուրթերում, ու ձեզ կսովորեցնեմ, թե ինչ պետք է անեք, և Ահարոնը քո փոխարեն ժողովրդի հետ կխոսի: Եվ այսպես նա քո շուրթերը կլինի, դու նրան` Աստծո փոխարեն»:

 

Մովսեսն ու Ահարոնը եկան փարավոնի մոտ ու ասացին. «Այսպես է ասում իսրայելացիների Աստվածը. «Բաց թող իմ ժողովրդին, որպեսզի անապատում ինձ համար զոհ մատուցեն»: Բայց փարավոնն ասաց. «Ո՞վ է այդ Տերը, որ ես լսեմ նրա ձայնը ու իսրայելացիներին ազատ արձակեմ: Ես ձեր Տիրոջը չեմ ճանաչում, ու իսրայելացիներին բաց չեմ թողնի: Դուք` Մովսես և Ահարոն, ինչու՞ եք ժողովրդին շեղում իր գործերից:  Գնացե՛ք, աշխատե՛ք»: Եվ փարավոնը սկսեց ավելի դաժանորեն վարվել իսրայելացիների հետ, ու վերակացուներին հրահանգ տվեց ավելացնել նրանց առանց այն էլ ծանր աշխատանքը:

Աստված շատ նշաններ ու հրաշքներ կատարեց փարավոնի աչքերի առաջ, բայց նրա սիրտը կարծրացած էր ու չուզեց ազատ արձակել Աստծո ժողովրդին:

Տերն ինը սարսափելի պատիժներ ուղարկեց Եգիպտոսի ժողովրդին. Նեղոս գետի ջուրը արյան վերածվեց, եգիպտական հողերը գորտերով ծածկվեցին, երկրի հողից լուեր ելան, Եգիպտոսը շնաճանճերով լցվեց, մահաբեր վերքեր ծածկեցին մարդկանց և անասուններին, կարկուտ, մորեխ, խավար իջան ողջ եգիպտական հողի վրա . . .

Փարավոնը խստացրեց իր սիրտը, թեպետ ինքը նույնպես տուժեց պատիժներից, սակայն Իսրայելի ժողովրդին ազատ չարձակեց: Այդ ժամանակ Մովսեսն ու Ահարոնը սկսեցին սպառնալ նրան վերջին` տասներորդ պատիժով:

 

 

ԵԼԻՑ 7, 8, 9, 10 

Գովազդ