Ի՞նչ է բոտուլիզմը, ինչպե՞ս է այն արտահայտվում և ինչպե՞ս խուսափել հիվանդությունից. ԱՆ

Սնունդ

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով:

Հիվանդության հարուցիչը կլոստրիսիում բոտուլինիումն է, որը գտնվում է արտաքին միջավայրում՝ հողի մեջ սպորտների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքների վրա: Բոտուլիզմի հարուցիչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, 20-30 աստիճան ջերմաստիճան և 4,6-ից բարձր թթվայնություն ունեցող միջավայր, որտեղ սպորտները վեր են ածվում վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն՝ բոտուլոթույն՝ 3-4 օրվա ընթացքում: Այդպիսի պայմաններ են ստեղծվում հերմետիկ փակված տարաներում, պահածոներում:

Բոտուլիզմի հարուցիչի աճը և բազմացումը դադարում է սննդամթերքում կերակրի աղի 6-11 տոկոս, շաքարի 60 տոկոս պարունակության, թթվայնության 4,4 և ցածր պայմաններում: Հարուցիչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում՝ ավտոկլավներում բարձր ջերմության՝ 120-130 աստիճան ցելսիուս, և ճնշման՝ 1.5-2 մթնոլորտ, ազդեցության տակ:

Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է:

 

Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, մշուշոտ, ցանցապատ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, բբերի լայնացում, կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:

 

Բոտուլիզմից խուսափելու նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

 

  • Խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
  • Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով
  • Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման՝ պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
  • Մի՛ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
  • Բոտուլիզմի առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

 

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն

Գովազդ