Քաղցրավենիք` փոքրիկի համար. ի՞նչ և ե՞րբ պետք է տալ երեխային

Սնունդ

Երեխաները մեծամասամբ քաղցրի սիրահարներ են։ Ծնողները մանկուց պետք է ուղղորդեն՝ ինչ քաղցրավենիք ուտել և ինչքան: Կոնֆետներն, իհարկե, համեղ են, բայց դրանք կարող են լինել վնասակար: Երեխայի համար  քաղցրավենիք ընտրելու մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ: 

Ինչպիսի՞ քաղցրավենիքներ կարելի է տալ փոքրիկին՝ հաշվի առնելով տարիքը:    

Խորհուրդ չի տրվում 0-1 տարեկան երեխային շատ շաքարավազ պարունակող սնունդ տալ: Կարելի է տալ մրգեր, օրինակ՝ բանան, խնձոր: Բնական չրերը պետք է ներառվեն շիլաների մեջ լավ մանրացված տարբերակով, որպեսզի երեխայի մոտ խեղդվելու վտանգ չառաջանա: Այդ տարիքի փոքրիկին կարելի է առաջարկել կրծքի կաթից պատրաստված պաղպաղակ: Այն  պետք է լինի զուտ կաթը սառեցված ձևով: Սա նպատակահարմար է հատկապես ատամների ծկթման շրջանում: Մեկ տարեկանից հետո երեխային տրվող պաղպաղակը պետք է լինի տանը պատրաստված: Պետական արտադրության պաղպաղակները պարունակում են մեծ քանակությամբ ոչ առողջ ճարպեր, քիմիական հավելանյութեր, որոնք կարող են վնասել երեխայի օրգանիզմը, առաջացնել թունավորումներ:

1-3 տարեկան փոքրիկին արդեն կարելի է շաքարավազի նվազ պարուկությամբ թխվածքաբլիթներ առաջարկել, երբեմն էլ՝ կոնֆետներ: Մեկ տարեկանից սկսած կարելի է փոքրիկին մեղր տալ: 1-2 տարեկան փոքրիկին օրվա ընթացքում տալիս ենք կես թեյի գդալ մեղր: 2 տարեկանից հետո մեղրի քանակությունը կարող ենք հասցնել մինչև մեկ թեյի գդալի:  Խորհուրդ չի տրվում շատ փոքր տարիքի երեխաներին մուրաբա տալ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Տորթերը պետք է լինեն թարմ և տանը թխված: Այդ դեպքում ծնողին հայտնի են բաղադրիչներն ու վնասելու վտանգը կրճատվում է:

Նշեմ, որ երեխաների համար վնասակար են քաղցր գազավորված ըմպելիքները: Երեխան չի ցանկանա ու պահանջի նման ըմպելիքներ, եթե ծնողներն ի սկզբանե չգնեն և տանը չպահեն: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը երեխայի օրգանիզմն ի զորու չէ մարսել: Կարող են առաջանալ բազմաթիվ ոչ ցանկալի հետևանքներ, այդ թվում՝ շաքարային դիաբետ: Տնական կոմպոտներ երեխային կարող ենք տալ մեկ տարեկանից հետո և դրանք պետք է դարձյալ պարունակեն աննշան քանակությամբ շաքար:

 

Պե՞տք է սահմանափակել երեխային տրվող քաղցրեղենի չափաբաժինը:    

Սահմանափակումներ պետք են հատկապես այն դեպքում, երբ երեխան քաղցրավենիքն ուտում է հիմնական սննդի փոխարեն: Ծնողը պետք է  համոզված լինի, որ երեխան օրվա ընթացքում համապատասխան սննդի միջոցով ստացել է անհրաժեշտ սննդանյութերը՝ ճարպ, սպիտակուց, ածխաջուր, վիտամիններ: Եթե դեռևս կա լրացման կարիք, դա կարող են անել քաղցրի միջոցով: Քաղցրեղենի չարաշահումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացման: Շոկոլադները, թխվածքները ունեն բարձր կալորիականություն:  Երեխային քաղցրավենիք փոխանցելիս  պետք է հաշվի առնել փոքրիկի քաշը, ինչքանով է հակված ավելցուկ քաշ հավաքելուն: Օրինակ՝ նիհար երեխաներին օրվա ընթացքում կարելի է տալ մինչև 100 գրամ շոկոլադ: Ծնողը երեխային քաղցրավենիք առաջարկելիս պետք է ուշադրություն դարձնի բաղադրությանը և ընտրի մաքսիմալ անվնասը: Կան տարբեր կարամելներ, բյուրեղանման կոնֆետներ, որոնք պարունակում են ոչ ցանկալի բաղադրիչներ՝ ներկանյութեր, քիմիկատներ, արոմատիկ նյութեր: Քաղցրի շատ գործածումը կարող է նաև առաջացնել կարիես, քանի որ բերանի խոռոչում փոխվում է  թթվային միջավայրը, ակտիվանում են կարիես առաջացնող բակտերիաները:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

 

 

 

 

 

Գովազդ