Ո՞ր տարիքից է պետք ջուր տալ փոքրիկին և որքա՞ն. պարզաբանում է մանկաբույժը

Սնունդ

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ։

 

Քանի՞ ամսականից սկսած կարելի է փոքրիկին ջուր տալ: 

Երեխային ջուր կարող ենք տալ 6 ամսականից հետո, երբ սկսում ենք հավելյալ սնուցումը: 0-6 ամսական փոքրիկը պետք է սնվի բացառապես կաթով: Խորհուրդ չի տրվում այդ ժամանակահատվածում երեխային, կաթից բացի, որևէ այլ բան առաջարկել:Անկախ նրանից՝ երեխան սնվում է կրծքի կաթով, թե արհեստական կաթնախառնուրդով, լրացուցիչ ջուր տալ պետք չէ:

 

Ինչու՞, ո՞րն է հիմնավորումը։

Կրծքի կաթի բաղադրության մոտ 70 տոկոսը կազմում է ջուրը, իսկ արհեստական կաթնախառնուրդի՝ 80 տոկոսը: Փոքրիկին կաթնախառնուրդ տվող ծնողները կարող են պատկերացնել, որ մոտավորապես 3 չափիչ գդալ կաթնափոշուն արդեն իսկ խառնվում է 90 միլիլիտր ջուր: Երեխային 0-6 ամսականում լրացուցիչ ջուր տալը ծանրաբեռնվածություն է ստեղծում նրա երիկամների համար, քանի որ դրանք անատոմիապես դեռևս լիարժեք զարգացած չեն: Բացի այդ, ջուրը ծավալային առումով զբաղեցնում է ստամոքսի որոշակի հատվածը, և երեխան ունենում է կուշտ լինելու զգացողություն: Սա կարող է բերել ախորժակի անկման: Կալորիաները, որ փոքրիկը պետք է ստանա օրվա ընթացքում կաթի միջոցով, բավարար չափով չի ստանա, և կունենանք թերսնուցում: 

6 ամսականից մինչև 1 տարեկան որքա՞ն պետք է կազմի փոքրիկին տրվող ջրի նվազագույն չափը:

Ամեն ինչ կախված է երեխայի օրգանիզմի պահանջներից և սննդակարգից: Սննդակարգը պետք է ճիշտ կազմակերպվի, այսինքն՝ 6 ամսականից մինչև 1 տարեկան հասակում երեխայի սննդում գերակշռեն կաթը, բանջարեղենն ու մրգերը: Վերջիններս պարունակում են բավականաչափ քանակությամբ ջուր: Տվյալ դեպքում երեխային տրվող լրացուցիչ ջրի քանակը կարող է լինել 30-100 միլիլիտր:

 

Իսկ որքա՞ն պետք է կազմի ջուրը 1-3 տարեկան երեխայի ռացիոնում։

1-3 տարեկանում երեխայի ախորժակը դառնում է առավել ընտրողական, սննդային սովորույթները երբեմն խախտվում են: Կան երեխաներ, որ նախընտրում են ոչ միայն շիլաներ, կարտոֆիլ, այլև այնպիսի սննդամթերքներ, որոնք բավականաչափ քանակությամբ ջուր չեն պարունակում: Այս տարիքում երեխայի օրաբաժնում ներառվում է նաև քաղցրավենիք, այդ իսկ պատճառով երեխային հատկացվող ջրի քանակը մեծացնելու անհրաժեշտություն կա: Այն կարելի է հասցնել 300 միլիլիտրի: Հաճախ երեխաներն ավելի շատ են ջուր պահանջում, հետևաբար պետք է հաշվի առնել օրգանիզմի պահանջը:

 

Շարունակելի

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ