Ի՞նչ ջուր տալ փոքրիկին և որքա՞ն. պարզաբանում է մանկաբույժը. մաս 2

Սնունդ

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ։

Եթե երեխան չափազանց շատ է ուզում ջուր խմել կամ հակառակը՝ քիչ է խմում, դա ինչ-որ բանի մասին կարո՞ղ է վկայել:

Եթե երեխան սովորականից ավելի շատ կամ քիչ ջուր է պահանջում օրվա ընթացքում, ապա պետք է վերանայել երեխայի սննդակարգը և գտնել հարցի պատասխանը, հասկանալ՝ որտեղ է թույլ տրված սխալը, ինչի պատճառով երեխան շատ հեղուկ է ուզում կամ հրաժարվում հեղուկ օգտագործել: Ուշադրություն ենք դարձնում նաև երեխայի ընդհանուր ֆիզիկական վիճակին: Եթե քիչ ջուր խմող երեխան ֆիզիկապես ակտիվ է, մաշկի տուրգորը` առանձգականությունը, նորմալ է, չունի ջրազրկման որևէ նշան, ապա անհանգստանալու կարիք չկա: Նույնը շատ հեղուկներ ընդունող երեխայի դեպքում: Եթե նա չունի այտուցներ, փքվածություն, աշխույժ է ու առույգ, ապա մտածել պետք չէ: Քիչ հեղուկ օգտագործելը վտանգավոր է ջրազրկման տեսանկյունից: Հատկապես շատ կարևոր է հիվանդ, ջերմող երեխաներին մեծ քանակությամբ հեղուկ առաջարկելը: Առհասարակ, շատ հեղուկ խմելը կարող է հանգեցնել հաճախամիզության: Եթե երեխան օգտագործում է չափազանց շատ ջուր հատկապես երեկոյան ժամերին՝ քնելուց առաջ, կարող է ունենալ գիշերամիզություն:

 

Սկզբնական շրջանում մայրիկն ի՞նչ ջուր պետք է տա երեխային՝ խանութից գնված հատուկ մանկական ջու՞ր, թորա՞ծ, եռացրա՞ծ, թե՞ ծորակից էլ կարելի է վերցնել:

Խորհուրդ է տրվում սկսել մանկական ջրերից, քանի որ նրանց բաղադրությունը համապատասխանում է երեխայի օրգանիզմի պահանջներին: Տարբեր ջրեր ունեն զանազան աղային կազմեր: Կան մագնեզիումական, կալցիումական, կալիումական աղերով հագեցած ջրեր: Մանկական ջրերում պահպանված է այնպիսի հատուկ բալանս, որ այդ աղերը որևէ ավելցուկ չառաջացնեն փոքրիկի օրգանիզմում: Եթե ինչ-ինչ պատճառով ծնողն ի վիճակի չէ տվյալ հատուկ մանկական ջրերը գնել, հաջորդ տարբերակը ֆիլտրված կամ եռացրած-հովացրած ջուր օգտագործելն է: Ծորակի ջուր կարելի է երեխային առաջարկել մեկ տարեկանից հետո, բայց պետք է համոզված լինել, որ այն մաքուր է:

 

Ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել, եթե փոքրիկն օգտագործի անորակ ջուր:

Շատ հաճախ ջրերն աղտոտվում են և կարող են պարունակել ինֆեկցիա առաջացնող բակտերիաներ: Անորակ ջուր օգտագործելու դեպքում մեծ է թունավորման և աղիքային ինֆեկցիաների առաջացման ռիսկը:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ