8 ոսկե հնարք. ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վախն ու անհանգստությունը

3-6տարեկան

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր փոքրիկին միշտ ժպտադեմ տեսնել և հեռու պահել բացասականից։ Ամեն դեպքում վախերի ու անհանգստության դեմ պայքարելն էլ ինչ-որ տեղ կարևոր հմտություն է, որը երեխային շատ է պետք գալու։

Բալիկը կարող է անհանգիստ լինել ելույթ ունենալուց առաջ, մութ տարածքում հայտնվելիս, կոնկրետ մարդու հանդիպելիս կամ էլ սովորական մի պատմության ու մուլտֆիլմի ազեցության տակ հայտնվելու արդյունքում։ Անկախ դեպքերի բազմազանությունից՝ կան մեթոդներ, որոնք կարող են օգնել փոքրիկին ընդունել իրավիճակը, ուժ ձեռք բերել և առաջ գնալ։ Եվ, բնականաբար, այդ հարցում նրան պետք է օգնեն ծնողները։

 

 Դու ապահով ձեռքերում ես

Անհանգստությունը փոքրիկին ստիպում է զգալ, որ իր միտքն ու մարմինը վտանգված են: Հիշեք, որ փոքրիկն իր սիրելի մարդու կողմից ասված խոսքն ընդունում է որպես անվտանգության երաշխիք: Երեխան հավատում է, օրինակ, ծնողի ասած կախարդական խոսքերին ու ամրապնդվում: Վերոնշյալ արտահայտությունը պարբերաբար կրկնելը կխաղաղեցնի նրան ու վստահություն կներշնչի:

   

 Հաշվենք

Սա շեղման պարզագույն տեխնիկա է, որը նախապատրաստական աշխատանք չի պահանջում: Երեխան նախ սկսում է հաշվել սենյակում առկա ժամացույցների,  հագուստի ու տարբեր առարկաների, անկյունային հատվածների քանակը, ապա մտածում՝ ինչն է ցրում իր անհանգստությունը: 

 

 Փնտրենք ապացույցներ

Ձեր երեխայի մտահոգությունները հաստատելու կամ հերքելու համար ապացույցներ հավաքելն օգնում է։ Պարզ է դառնում՝ այդ անհանգիստ մտքերը տեղին են, թե ոչ: 

 

Թվարկի՛ր բոլոր մարդկանց, որոնց սիրում ես 

Սերն ի զորու է հակազդել անհանգստությանը: Հիշեք այն անհատներին, որոնց սիրում է փոքրիկը ու հարցրեք նրան՝ ինչու՞: Դրական հիշողությունները կպարուրեն երեխային ու կփոխեն նրա տրամադրվածությունը:

 

Գնանք զբոսնելու

Մի քանի ժամով քայլելը կբարձրացնի երեխայի տրամադրությունն ու կթուլացնի լարվածությունը: Իսկ եթե այդ պահին դուրս գալու հնարավորություն չկա, բալիկը կարող է տեղում վազվզել, ցատկոտել կամ վարժություններ անել: 

 

Պատկերացնենք, թե ինչպես է քո միտքը գնում

Խնդրեք երեխային պատկերացնել, որ անհանգստացնող միտքը գնացք է, որը կանգ է առել իր գլխավերևում գտնվող կայարանում: Մի քանի րոպեից մտքերը գնացքների պես հեռանալու են անվերադարձ: 

 

Օգնի՛ր ինձ շարժել պատը

Պատը հրելու ընթացքում երեխան կազատվի լարվածությունից ու կթոթափի ներսում կուտակված բացասական հույզերը: 

 

Հիշու՞մ ես, թե ինչպես դա հաջողեցիր նախորդ անգամ

Հիշեցնելով երեխային անցյալի հաջողությունները՝ դուք խրախուսում եք նրան համառորեն պահպանել այդ վիճակը: Հիշեցրե՛ք, որ արդյունքներն էլ կապ չունեն, մեկ է՝ դուք նրանով հպարտանում եք: Դա նրան կազատի ամեն ինչ իդեալական անելու մտքերից ու հնարավոր սթրեսներից: