6 պարզ քայլ, որոնք կօգնեն երեխային դառնալ առավել կազմակերպված

3-6տարեկան

 1․ Սովորեցրեք փոքրիկին օգտվել օրացույցից

Սա այնպիսի հմտություն է, որն անչափ օգտակար է լինելու երեխայի համար, երբ նա սկսի ինքնուրույն վերահսկել իր ժամանակը: Առաջին ծանոթության համար ավելի հարմար կլինի ընտրել պատկերազարդ օրացույց, որտեղ ամբողջ տարին տեղադրված է մեկ էջում:

Երեխան հստակ կտեսնի եղանակները, ամիսները և կապը նրանց միջև: Միևնույն ժամանակ, օրացույցի համարները և գրությունները պետք է լինեն խոշոր, պայծառ և հեշտ ընթերցվող: Հարազատների ծննդյան օրերի կողքին փակցրեք նրանց փոքրիկ լուսանկարները: Կարելի է գործածել նաև օրացույց, որի էջերը հնարավոր կլինի պոկել: Երեխայի ուշադրությունը հրավիրեք այն փաստի վրա, որ շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր անունը (երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի ...), կան «երեկ», «այսօր» և «վաղը» հասկացությունները: Մի փոքր ուշ ներկայացրեք «աշխատանքային օրեր» և «հանգստյան օրեր» հասկացությունները: Միասին հաշվեք օրերը,  անցած օրն առեք շրջանակի մեջ, արեք այնպես, որ օրացույցը մշտապես երեխայի աչքի առջև լինի։

 

2․Կազմեք օրվա գործողությունների թերթիկ-շարքը

Գրեք, թե ինչ եք անելու արթնանալուց հետո, երբ եք դասավորելու պայուսակը, դպրոց գնալու համար երբ պետք է դուրս գաք տանից, դպրոցից հետո կատարվելիք աշխատանքները, տնային առաջադրանքները կատարելու հերթականությունը: Դա կզարգացնի երեխայի հիշողությունը, նա կսովորի կատարել իր պարտականությունները որոշակի հաջորդականությամբ:

 

3․ Պատմեք երեխային բարեգործություն անելու մասին

Նրա հետ դասավորեք խաղալիքները, հագուստն ու առանձնացրեք չօգտագործվողները: Ասացեք փոքրիկին, որ տվյալ իրերը կարող են փոխանցել այն երեխաներին, որոնք դրա կարիքն ունեն: Կարողանալ որոշումներ կայացնել և բաժանվել հին կամ անպետք իրերից, որպեսզի դրանք փոխանցվեն դրա կարիքն իսկապես ունեցող երեխաներին, կյանքի կարևոր դաս է:

 

4․ Պատրաստեք գանձերի և հիշողությունների արկղեր

Երեխան առաջին տուփի մեջ կդնի այն, ինչն իր համար արժեքավոր է, ուզում է երկար պահել: Այդտեղ կարելի է տեղադրել հուշանվերները, տետրերը, գրքերն ու ալբոմները: Իսկ երկրորդում կարող է հետո նայելու և հիշելու համար դնել թանգարանների, մանկական ներկայացումների տոմսերը, ձեզ հետ այցելած վայրերի հետ կապվող ցանկացած փոքր դետալ: Բալիկը կարող է տուփերը զարդարել տիպերով և ներկել: Տեղ գտեք այդ արկղիկների համար և միշտ նույն վայրում թողեք:

 

5․ Խնդրեք երեխային վերանայել շրջակայքը

Թող նա առանձնացնի իր չներկող ֆլոմաստերներն ու դեն նետի, հավաքի իր կողմից թափված իրերը, դնի իրենց տեղերում և դա ժամանակ առ ժամանակ կրկնի։ Կարելի է նաև ասել, որ ծաղիկները ջրի, իր կոշիկները կոկիկ դասավորի պահարանում, հագուստը խնամքով ծալի և վերցնի։ Իրար հետ արեք ամենը։

 

6․ Բալիկին ներգրավեք կազմակերպչական հմտությունները զարգացնող գործողություններում

Կազմեք նրա հետ գնումների ցուցակ, տեսակավորեք լվացքը կամ պատրաստեք ուտելիք բաղադրատոմսի համաձայն: Սովորեցրեք նրան գործել հօգուտ իրեն և շրջապատող մարդկանց։