Կարելի՞ է նկատողություն անել երեխային ուրիշների ներկայությամբ կամ թույլ տալ, որ մեկ ուրիշը դիտողություն անի

3-6տարեկան

Երեխան խախտում է կրպակում գոյացած հերթը և առաջ անցնում, անդադար լաց է լինում ավտոբուսում, առանց հարցնելու վերցնում է ուրիշի տետրը։ Ճի՞շտ կվարվեն շրջապատող մեծահասակները, եթե բարձրաձայն նկատողություն անեն նրան։

«Առաջին հերթին, յուրաքանչյուր մեծահասակ պետք է փորձի իրեն պատկերացնել երեխայի կարգավիճակում, զգալ իրադրությունը և բոլորին, որոնք նախատում են օտար մարդկանց ներկայությամբ։ Այդպես կարելի է մոտավոր հասկանալ՝ ինչ արձագանք կտա բալիկը և ինչպիսի զգացողություններ կունենա»,- ընդգծում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգաբան Անի Ապիտոնյանը,- Միգուցե փոքրիկն ամաչկոտ դառնա, սկսի խուսափել շփումներից, ծնողների հետ տեղ գնալուց ու այլոց հետ նույն միջավայրում գտնվելուց։ Բարձրաձայն և կոպիտ խոսել չի կարելի, քանի որ բացասական հետևանքները ծագում են հենց այդ պատճառով։ Եթե կարծում եք՝ անհրաժեշտություն է բալիկին զգուշացնելը, ապա կարելի է անել դա մեղմ և ժպիտով, մի կողմ դնել քննադատական մոտեցումը, առանձին բացատրել և նշել՝ «շատ շնորհակալ կլինեմ, եթե դու այդպես էլ չվարվես»։

Հիշե՛ք, որ չի կարելի անգամ հարազատների մոտ երեխային պարսավել։ Երբ օտարները կամ բարեկամները փնովում են բալիկին, ծնողը պետք է ասի՝ «ես կխոսեմ փոքրիկիս հետ, խնդրում եմ՝ խոսակցությունն ավարտենք»։ Ծնողը կարող է լսել դիմացինին, մտածել նրա ասածների շուրջ, շնորհակալություն հայտնել ի վերջո, բայց ոչ երբեք վիճել և քննարկման վերածել երեխայի վարքը։ Այդ դեպքում ոչ թե վարքագիծն է քննարկվում կոնկրետ իրադրության մեջ, այլ բալիկն ու նրա ինքնագնահատականը։ Երբեմն բալիկի պահվածքին առնչվող մեկնաբանությունները ներշնչում են մայրիկին կամ հայրիկին, որ ինքը լավ ծնող չէ։ Լավ ծնող լինելը նշանակում է երեխային սովորեցնել ինքնուրույն լինել, գտնել խնդիրների լուծումը և ձեռք բերել գիտելիքներ ու կյանքի հմտություններ, հասարակության մեջ ընդգրկվելու համար ճկունություն դրսևորել։ Այդ ամենի մեջ մտնում է նաև հասարակական նորմերի ընդունումը։ Պարզապես փոքր տարիքում երեխան արժեքային համակարգի լիարժեք կրող չէ, ուստի ծնողի առավել հանգիստ արձագանքն ապացույցն է այն բանի, որ փոքրիկը դեռևս զարգացման փուլում է։

Իհարկե, բալիկի սխալները մշտապես ծածկելն էլ սխալ է, որովհետև արդյունքում բալիկը կարող է կրկնել դրանք, նորը գործել՝ մտածելով, որ իրեն պաշտպանելու են, փրկելու են ցանկացած իրադրությունից։ Առաջանում է ամենաթողություն, որի դեպքում սահմանները վերանում են ու բերում հակասոցիալական վարքագծի ձևավորման։ Սխալները հարկավոր է քննարկել երեխայի հետ դեմ առ դեմ և անպայման հարցնել վերջում՝ «ինչպե՞ս կվարվես հաջորդ անգամ, երբ նման իրավիճակում հայտնվես»։ 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան