Ի՞նչ կարող է պատահել, եթե երկար ժամանակ չնախաճաշեք

3-6տարեկան

Ներկայացնում է ընտանեկան բժիշկ Սոնա Հայրապետյանը

Առողջությունը պահպանելու և ամրապնդելու տեսանկյունից նախաճաշն անչափ կարևոր է և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար: Շատերը ցանկության բացակայության, շտապելու, ուշ արթնանալու և զանազան այլ  պատճառներով բաց են թողնում նախաճաշը` չգիտակցելով երևույթի բացասական հետևանքները: Մեկ անգամ չնախաճաշելն աղետալի վնասներ օրգանիզմին չի հասցնի, բայց մշտական բնույթ ստանալու դեպքում, անշուշտ, կխաթարի աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Առաջին հերթին պետք է պատկերացում ունենալ` ինչպես է ընթանում մարսողության գործընթացը: Սննդագնդիկը, նախ, հայտնվում է ստամոքսում, ապա 12-մատնյա աղում: Չնայած սննդի որոշակի հատված մարսվում է ստամոքսում, գրեթե բոլոր սննդանյութերի ու վիտամինների ներծծումը տեղի է ունենում տասներկումատնյա աղում: Այդ ամենը կատարվում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների և լեղու օգնությամբ, որն արտադրվում է լյարդի կողմից:  

Լեղու արտադրությունը շարունակական պրոցես է: Հիշե՛ք՝ լեղին հավաքվում է լեղապարկում, սակայն լեղապարկի կծկման շնորհիվ  դուրս գալիս միայն այն ժամանակ, երբ ուտելիք է մուտք գործում տասներկումատնյա աղի: Այնտեղ հասնելով՝ ակտիվացնում է լիպազա ֆերմենտը, մասնակցում կերած ճարպերի մասնատմանը և յուրացմանը: Օգնում է, որ ճարպալույծ վիտամինները (A, D, E, K) ներծծվեն: Լեղին ուժեղացնում է նաև աղիների կծկողականությունը,  կարգավորում թթվահիմնային միջավայրը, թույլ չի տալիս, որ սննդային գնդիկում առկա ստամոքսահյութը վնասի տասներկումատնյա աղու լորձաթաղանթը: Հետևաբար կարողանում է կանխարգելել խոցերի ու տարբեր բորբոքային պրոցեսների առաջացումը:

Գիշերն էլ է լեղին արտադրվում, ուղղակի ցերեկային ժամերի համեմատ ավելի քիչ քանակով: Առավոտյան մենք արթնանում ենք լիքը լեղապարկով, և օրգանիզմը, բնականաբար, կարիք ունի ազատվելու լեղու նման քանակությունից: Եթե դուք արթնանում եք ու դրանից հետո 1-2 ժամվա ընթացքում չեք նախաճաշում, լեղին դուրս չի գալիս: Ուստի, երբ հաջորդ սնունդն ընդունեք ցերեկը, լեղու միայն մի մասը դուրս կգա՝ մասնակցելու մարսողությանը: Նշենք, որ լեղապարկը կարող է տանել մինչև 300 մլ լեղի: Եթե տվյալ պահին 70 մլ գնա դեպի տասներկումատնյա աղի, մեծ քանակություն մնում է: Լեղապարկն էլ իր հերթին ճկված, մեծացած և ծանրաբեռնված ձևով է մնում: Երբ այսպիսի դեպքերը սկսում են հաճախ կրկնվել, լեղապարկը տոնուսից ընկնում է, կորցնում է ունեցած լավ կծկողունակությունը: Պատահական չէ, որ երբ միանգամից ուտում եք երեկոյան, զգում եք ծանրություն, թվում է` ահռելի չափով սնունդ եք ընդունել: Այդպես լինում է, որովհետև լեղու արտամղումը տասներկումատնյա աղի ճիշտ քանակով չի կատարվում: 

Դուք կարող եք չնախաճաշել, իսկ արդյունքը զգալ ամիսներ կամ անգամ տարիներ անց: Սկզբում կարող են նկատվել փորափքանք, սրտխառնոց, ցավեր որովայնում, ձայներ որովայնից: Հետագայում կարող են առաջ գալ լեղաքարային հիվանդություն, դիսբակտերիոզ, ստամոքսի խոց, 12-մատնյա աղու խոց, ենթաստամոքսային գեղձի աշխատանքի, նյութափոխանակության խանգարումներ: Նախաճաշից հրաժարվելը նշանակում է կամովի ընդգրկվել ռիսկի խմբում: Անհրաժեշտ է հոգ տանել սեփական մարմնի մասին: Մայրիկները պետք է միշտ հորդորեն բալիկներին կանոնավոր սնվել, օրվա ընթացքում գոնե երեք անգամ: Լավագույն տարբերակը նախաճաշելն է արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Նախաճաշը պետք է լինի բալանսավորված ու ճարպի քիչ քանակությամբ: 

 

Աղբյուրը՝ Սոնա Հայրապետյանի յութուբյան էջ