Երեխայի ժլատությունը. ի՞նչ անել, երբ փոքրիկը հրաժարվում է կիսել իր «ունեցվածքը»

3-6տարեկան

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:

«Հապա նրան էլ տուր այդ խաղալիքը, արագացրու՛»․ այստեղ մայրիկը բարկանում է երեխայի վրա եղբոր, քրոջ կամ ընկերոջ հետ իր ունեցածը չկիսելու համար: Ծնողը, բնականաբար, ցանկանում է,  որ փոքրիկը համագործակցի այլ երեխաների հետ և ժլատություն չդրսևորի: Ուղղակի նա մոռանում է` ուղղորդելու գործընթացը պահանջում է համբերատարություն: Զայրացկոտ տոն կիրառելը և ստիպելը ոչնչով չեն օգնի:

Ամենից առաջ անհրաժեշտ է մտածել երեխայի հետ փոխադարձության ճանապարհով անցնելու մասին, քանի որ մեծահասակի միջոցով է բալիկը սովորում՝ ինչպես չլինել նյութական: Երեխան կարող է շատ սիրել այս կամ այն իրը, չցանկանալ կիսել, սակայն նրա կողքին գտնվող մեծերը պետք է բացատրեն՝ գուցե դժվար է կիսել մեզ համար արժեքավոր առարկան, բայց այն, ինչ «զոհաբերում ենք», դրա դիմաց ստանում ենք ավելի կարևորը՝ համերաշխություն, ընկերություն, փոխադարձ շնորհակալ լինելու կարողություն: Այնպես չէ, որ միայն խաղալիքը չտալով է արտահայտվում ժլատության երևույթը: Այդ նույն ժլատությունը կարող է դրսևորվել հետագայում սերը և ուշադրությունը չտալով: Երեխան ոչինչ չի տա, բայց կպահանջի հոգածություն: Ժլատության մեջ հարկավոր է տեսնել հենց հույզերի աղքատությունը:

Փոքրիկին  ժլատության բացասական բնույթը բացատրելու նպատակով կարելի է պատմել  հեքիաթ միայնակ շնիկի մասին: Բովանդակությունը հետևյալն է՝ «շնիկը  մնացել էր մենակ, որովհետև չէր ցանկանում իր ոսկորը կիսել մյուս շնիկների հետ: Հեռվում լսելով նրանց աշխույժ ձայները՝ ինքն իր աչքում այնքա՜ն փոքր թվաց, երբ հասկացավ՝ ոսկորը փոխել է լավ ընկերության հետ»: Շատ կարևոր է երեխայի մեջ ձևավորել ճիշտ արժեքներ, որպեսզի նա կարողանա գնահատել ոչ թե առարկայի «գինը», այլ «նշանակությունը»: