Եղանակի փոփոխության հետ մեկտեղ կարելի է նկատել, թե ինչպես է շեշտակիորեն աճում մրսածություն և գրիպ ունեցող մարդկանց քանակը: Ծանոթ լինելով տվյալ իրադրությանը՝ ծնողները շտապում են գտնել ու փորձարկել տարատեսակ մեթոդներ, որոնք կօգնեն կանխել հիվանդության զարգացումը երեխաների մոտ: Նրանց շրջանում կիրառվող «գործիքներից» մեկն է դառնում ինհալացիան: «Ի՞նչ է ինհալացիան ու ինչպիսի՞ արդյունք է ապահովում», «Ի՞նչ կերպ է իրականացվում», «Անհրաժե՞շտ է կատարել ինհալացիա, երբ բալիկը պարզապես փռշտում է» և այլ հարցերի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ը պարզել է քիթ-կոկորդ-ականջաբան Էլյա Մուրադյանի օգնությամբ:
Ինհալացիան բուժական-պրոֆիլակտիկ միջոցառում է, որի ժամանակ անձը վերցնում է հատուկ սարք՝ ինհալատոր-նեբուլայզեր, ու դրա միջոցով ներշնչում դեղորայք հանդիսացող գոլորշիներ: Այդ գործընթացի գլխավոր նպատակը լորձաթաղանթի խոնավացումն է: Ինհալացիայի երկրորդ առավելություն այն է, որ տրվում է հասանելիություն դեպի ձայնալարեր: Սովորաբար, երբ երեխան դեղը խմում է, դա հաջորդիվ անցնում է կերակրափողով՝ չտալով մեծ բաժին ձայնալարերին: Վերջիններս գտնվում են շնչառական և մարսողական ուղիների «խաչմերուկում» ու մեծապես շահում են գոլորշի շնչելու պրոցեսի ընթացքում:
Որքան էլ ինհալացիան ունենա դրական կողմեր, պետք է չմոռանալ ախտաբանությունը հաշվի առնելու և վերահսկողություն սահմանելու մասին: Եթե երեխայի մոտ առկա է ընդամենը փռշտոց, թույլ է տրվում շնչեցնել նատրիումի քլորիդի 0.9%-ոց լուծույթ: Սա արվում է, որպեսզի լորձաթաղանթը մնա խոնավ ու թարթիչավոր էպիթելը, ինչն օժանդակում է հարբուխից վերականգնվելու հարցում, աշխատի: Հարկավոր է նաև իմանալ՝ մեծահասակների հայտնի ինհալացիոն տարբերակը, երբ կաթսայի մեջ ինչ-որ խոտաբույս են եփում ու շնչում՝ սրբիչի տակ ծածկվելով, չի խրախուսվում: Նման տաք ինհալացիաները երբեմն տալիս են լիովին հակառակ՝ վատ արդյունք: Ինհալացիայի կատարման հիմքը, ձևը, հաճախականությունը, տևողությունը կախված են կոնկրետ վիճակից: Լինում են դեպքեր, երբ ինհալացիան կատարվում է 15 րոպե և կրկնվում օրվա մեջ 4-5 անգամ, որոշ դեպքերում էլ` մեկ անգամ 7-8 րոպե:
Ինհալացիա կատարելն ու դեղեր օգտագործելը միշտ հնարավոր է, ուստի նախընտրելի է օրգանիզմի դիմադրողականությունը պահել նորմալ մակարդակի վրա, նախապես ապահովել սեփական մարմինն օգտակարով, որպեսզի հետո կարիք չլինի դիմել վերը նկարագրված տարբերակներին՝ սեզոնային վարակի դեմ պայքարելու համար: Պետք է ուղղակի թարմ, վիտամինային սնունդ և հեղուկներ ընդունել, զբաղվել մարմնամարզությամբ, ինչու ոչ՝ հաճախել որևէ սպորտաձևի: