Խելոք և ենթարկվող երեխա․ պե՞տք է միշտ այդպիսին լինել

3-6տարեկան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է  «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանի հետ։

Մեծահասակներն ունենում են փոքրիկների վարքի վերաբերյալ ցանկալի պատկերացումներ: Ծնողների համար ուրախալի է, եթե երեխան խելոք է, լսում է իր բոլոր խորհուրդներն ու խոսքերը: Սկզբում սակայն անհրաժեշտ է հստակեցնել՝ ի՞նչ է ընկալում  այդ մեծահասակը «փոքրիկը պետք է լինի լսող» արտահայտության ներքո:

Կոնկրետ իրավիճակներում, որտեղ առաջնորդվում են երեխայի շահով և անվտանգային կողմով, նորմալ է ակնկալել, որ բալիկը լսի մայրիկին: Եթե ծնողն ուզում է՝  երեխան անի այս կամ այն գործողությունը զուտ այն պատճառով, որ ինքն է ուզում, իրավիճակը գլխիվայր շրջվում է: Այսպես՝ «Պարի այդ  խմբակը քեզ պետք չէ, ավելի լավ է տուն գաս շուտ»: Տվյալ դեպքում «խոսում» է միայն մեծահասակի ներքին ցանկությունը, անտեսվում են բալիկի հետաքրքրությունն ու մղումները: Հայրիկը կարծում է՝ լավ է, երբ երեխան հնազանդվում է, հրահանգներն ընդունում է առանց մեկ բառ ասելու, չի ընդդիմանում, լուռ ենթարկվում է: Նկատի ունեցեք, որ երեխան պետք է խոսի, հայտնի իր կարծիքը, ցանկությունը և ծնողի հետ վերլուծի իրադրությունը: Երեխան սրտի խորքում ուզու՞մ է պարի գնալ, ուրեմն պետք է ասի դա բարձրաձայն ու չմտածի՝ տանը չեն ուզում, հետևաբար ինքը չի գնա: Նրան անընդհատ ճնշելով՝ դարձնում եք ընկճված: Ընկճված երեխան չի դառնա հետագայում ինքնավստահ, ինքնուրույն հետաքրքրություններ ունեցող, հույզերն արտահայտող անհատ: Հարմարավետության զոնան, որը ձևավորում են ծնողներն իրենք իրենց համար, չի ապահովելու այն քայլերը, որոնցով երեխան կարող է կառուցել անձնական կյանքը, շփվել հասակակիցների հետ: Չմոռանանք՝ ծնողը երեխայի անձի ձևավորման գործում շոշափելի ներդրում ունի: 

Իհարկե, երեխաներն ինքնին ունենում են հոգեբանական առանձնահատկություններ, խառնվածք, սակայն մեծահասակի խնդիրը պահպանվում է: Նրա խնդիրն է աջակցել երեխային, հասկանալ ու զարգացնել նրա հմտությունները, իրավիճակից ելնելով՝ ճիշտ խորհուրդներ տալ: Բալիկին ուղղակի ենթարկեցնելը խելամիտ ուղի չէ: