Ատամները լվանալ նախաճաշից առա՞ջ, թե՞ հետո․ պարզաբանում է ստոմատոլոգը

3-6տարեկան

Ատամներն օրվա ընթացքում լվանում են երկու անգամ՝ առավոտյան և  երեկոյան․ սա բերանի խոռոչի հիգիենայի կարևոր կանոններից մեկն է ու պետք է պահպանվի անվերապահորեն:

Տրամաբանական է, որ երեկոյան լվացումը կազմակերպվում է քնից առաջ, և դրանից հետո ցանկալի չէ որևէ տեսակի սննդի ընդունումը: Մի փոքր տարակուսանքի տեղիք է տալիս այն, թե առավոտյան կոնկրետ երբ իրականացնել ատամների մաքրումը: Մարդկանց մոտ առավելապես ծագում են նմանատիպ հարցեր՝ «նախաճաշից առա՞ջ է ճիշտ լվանալ, թե՞ հետո», «եթե նպատակահարմար է նախաճաշից առաջ լվանալը, ապա ի՞նչ անել ուտելուց հետո՝ ատամների արանքում նկատվող սննդի մնացորդներից ազատվելու համար»:   

Բժիշկ-ստոմատոլոգ Ոսկեհատ Գասպարյանը խորհուրդ է տալիս ատամները լվանալ նախաճաշից առաջ: «Գիշերը բերանի խոռոչում հավաքվում են զգալի քանակությամբ մանրէներ: Այդ մանրէների կենսագործունեության արգասիքները  տարածվում են ինչպես ատամների, այնպես էլ լեզվի վրա: Ուստի ճիշտ է, նախ, մաքրում իրականացնել, ապա միայն սնվել»,- բացատրում է նա: Մասնագետն ընդգծում է՝ նախաճաշից ու առհասարակ օրվա ընթացքում ինչ-որ բան ուտելուց հետո բերանի խոռոչը պարզապես ջրով ողողելը բավարար է, իսկ միջատամնային տարածությունները մաքրելու գործում օգտակար կլինեն  ատամնային թելերը:  

Ստոմատոլոգը շեշտում է, որ խոզանակելու ձևին նույնպես պետք է ուշադրություն դարձնել: Շատերն ատամները լվանալիս կատարում են հորիզանական կամ ուղղահայաց շարժումներ, որոնք չեն ապահովում ճիշտ ու լիարժեք մաքրում: Մասնավորապես հորիզանական շարժման ժամանակ խոզանակը կարող է վնասել ատամների վզիկները և դառնալ ատամների հարվզիկային հատվածում կարիեսի առաջացման պատճառ: Լվացումն իրականացնելիս հարկավոր է կատարել շրջանաձև շարժում՝ վերցնելով լնդից դեպի ատամ ուղղությունը: Կիրառելով խոզանակի գլխիկի հետևում առկա հատուկ հարթակը՝ հնարավոր կլինի նաև մաքրել լեզուն: