Ե՞րբ և ինչպե՞ս պատմել փոքրիկին՝ որտեղից են առաջանում երեխաները  

Դաստիարակություն

Որքա~ն արագ է անցնում ժամանակը:

Թվում է՝ երեկ էիք իմացել, որ դառնալու եք ծնողներ, իսկ այսօր այդ նույն երեխան մանկապարտեզ է գնում ու տալիս բազմաթիվ հարցեր:

«Իսկ որտեղի՞ց են առաջանում երեխաները». օրերից մի օր Ձեր փոքրիկն այս հարցը տալու է, և շատ քիչ ծնողներ են կողմնորոշվում՝ այդ պահին ինչ պատասխանել: 

Մանկական հոգեբանները պնդում են, որ այս հարցի վերաբերյալ որևէ արգելք չի կարելի դնել: Բոլոր հեքիաթները կաղամբի, արագիլի, երեխաների խանութի, ձմերուկ ուտելու մասին պետք է իսպառ մոռանալ: Սրանով ոչ միայն երեխային գցում եք մոլորության մեջ, այլև խաթարում եք Ձեր հանդեպ երեխայի վստահությունը, չէ՞ որ  ի վերջո նա իմանալու է իրականությունը:

 

Ե՞րբ և ինչպե՞ս պատմել երեխային՝ որտեղից են առաջանում երեխաները

Մոտավորապես 3 տարեկանից երեխաները նկատում են կանանց և տղամարդկանց միջև ֆիզիկական տարբերությունը,  սկսում են ուսումնասիրել մարդկանց ու հետաքրքրվել իրենց առաջացման պատմությամբ:

Ծնողներն, իհարկե, չպետք է ամբողջ «իրականությունը» պատմեն երեխային: «Դու սկզբում ապրում էիր մայրիկի փորիկում, իսկ հետո մեծացար և այլևս չտեղավորվեցիր այնտեղ, դուրս եկար ու ապրեցիր մեզ հետ նույն տանը»: Սկզբնական շրջանում այսքանը բավական է:

4-6 տարեկանում երեխան կխնդրի բացատրել, թե ինչ ճանապարհով է նա հայտնվել մայրիկի փորիկում: Նոր ինֆորմացիա տալու ճիշտ ժամանակն է: «Մայրիկը և հայրիկը շատ էին սիրում միմյանց և ցանկանում էին ունենալ քեզ  (կարևոր է՝ շեշտեք, որ հենց իրեն եք ցանկացել ունենալ): Հենց այդ ժամանակ հայրիկը մայրիկին հատուկ սերմ տվեց, որը մայրիկի փորիկում վերածվեց մարդուկի, իսկ արդեն հիվանդանոցում դու դուրս եկար մայրիկի փորիկից»:

Դպրոցական տարիքում երեխան դարձյալ խոսելու է այդ թեմայով: Այս պարագայում օգնության կհասնեն գրքերը: Սեռական դաստիարակության թեմայով մանկական գրքերը կօգնեն այս հարցի պատասխանը ստանալ: Այստեղ ամեն ինչ իր իրական անունն ունի, իսկ նկարները կօգնեն ճիշտ պատկերացնել:

 

Սեքսի վերաբերյալ հետաքրքրությունը մեծանում է

Երեխան մեծանում է, և սեռերի վերաբերյալ հետաքրքրությունն աճում է: 9-12 տարեկանում երեխաները դարձյալ տալիս են նույն հարցը՝ «որտեղի՞ց են առաջանում երեխաները»: Այս դեպքում նրան պետք է պատմել սեռական կյանքի ու հղիության մասին:

Շատ կարևոր է երեխային հասկացնել, որ սեռական կյանքով ապրում են միայն մեծահասակները: Սեռական ակտ ունենում են միայն այն ժամանակ, երբ կինն ու տղամարդը սիրում են միմյանց, այլ ոչ ուղղակի հաճույքի համար: Շատ նուրբ կարելի է բացատրել, որ պատահական սեռական կապերը կարող են առաջացնել մի շարք վատ հիվանդություններ:

Անցումային տարիքում (12–14 տարեկան) երեխայի մոտ կատարվում են հորմոնալ փոփոխություններ: Եթե սեռական կյանքի վերաբերյալ վերևում նկարագրված այս ճանապարհը Դուք անցել եք երեխայի հետ, ապա այս շրջանում Ձեզ համար շատ հեշտ կլինի: Շատ խնդիրներից կարելի է խուսափել:

 

 Ո՞վ պետք է երեխային պատմի սեքսի մասին

Հոգեբանները ծնողներին առաջարկում են, որ տղայի հետ սեքսի թեմայով զրուցի հայրիկը, աղջկա հետ՝ մայրիկը:

Ինչ էլ որոշեք, պետք է ընտրել համապատասխան պահ զրույցի համար: Այն պետք է լինի ընկերական զրույց, Ձեր երեխան պետք է իրեն հանգիստ զգա:

 

Աղբյուրը՝ vospitaj.com