Ինչպե՞ս բարձրացնել երեխայի ինքնագնահատականը. հոգեբանի խորհուրդները

Դաստիարակություն

Երեխայի մոտ թերարժեքության մշտական զգացումը, ինքն իրեն, իր կատարած արարքները, արտահայտած մտքերը թերագնահատելը  խոսում է ցածր ինքնագնահատականի մասին:

Ցածր ինքնագնահատականի առաջացմանը նպաստող բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին էլ կխոսենք «Ժեստ» հոգեբանական կոնտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

«Ընդունված է համարել, որ ինքնագիտակցությունը անցնում է 4 փուլ, որոնցից 2-ը մինչև չափահաս դառնալն է տեղի ունենում: Առաջին փուլն ընդգրկում է 3 տարեկանի ճգնաժամը, երբ երեխան իրեն ընկալում է որպես սուբյեկտ: Մյուս փուլը դեռահասությունն է, երբ տեղի է ունենում սեռական նույնականացում, ձևավորվում է սեռական ինքնագիտակցությունը: Այս ճգնաժամերի ընթացքում երեխայի ինքնագնահատականը տատանվում է՝ պարբերաբար բարձրանալով և իջնելով»,-նշում է հոգեբանը։

Այս ամենից բացի, ինքնագնահատականի ձևավորումը մեծապես կախված է մեծահասակների՝ երեխայի վարքին, արարաքներին, մտքերին տված գնահատականներից:

«Դաստիարակաության մեջ մեծահասակների թույլ տված ամենատարածված սխալներից է փոքրիկներին թերագնահատելը․ «ես մեծ եմ, ավելի խելացի եմ քեզնից», «դու չես հասկանում, ուրեմն՝ արա այն, ինչ ասում եմ», «քո ցանկություններն ու մտքերը հիմարություն են»․ այս արտահայտությունները հաճախ կլսեք մեծահասակներից։  Մեծահասակը փորձում է ինքահաստատվել՝ փոքրին հոգեբանական ճնշման ենթարկելով: Սա առավելապես չգիտակցված գործընթաց է, որը հետևանք է ծնողի մոտ առկա անձնային խնդիրների»,- ասում է հոգեբանը և հավելում, որ երեխայի անինքնավստահության հաջորդ պատճառը կարող է լինել հենց մեծահասակի ցածր ինքնագնահատականը,  որն էլ ընդօրինակում  է երեխան: 

Երեխան ունի ցածր ինքնագնահատական, եթե․

 

  1. չի արտահայտում զգացմունքները,
  2. չի շփվում ինչպես մեծահասակների, այնպես էլ հասակակիցների հետ,
  3. խոսելիս հայացքը մշտապես թեքում է այլ կողմ,
  4. մշտապես խուսափում է պատմել իր կյանքի դրվագների մասին կամ դրանք խեղաթյուրում է՝ լավ տպավորություն գործելու համար:
  5. ստում է,
  6. այլ մարդկանց մասին վատ է արտահայտում: 

Հոգեբանի խոսքով՝ ցածր ինքնագնահատականը երեխայի մոտ կարող է առաջացնել նաև այլ խնդիրներ, որոնք կխանգարեն երեխային հասարակության մեջ գտնել իր տեղն ու դերը։

 

Որպեսզի երեխան ունենա բարձր ինքնագնահատական, ծնողը պետք է․ 

  1. նախ՝ վերլուծի և շտկի իր խնդիրները,
  2. չզայրանա, չպատժի, չծիծաղի երեխայի սխալների պատճառով,
  3. երեխային օգնի շտկել սխալները, օգնի գտնել լուծման տարբերակներ,
  4. երբեք չասի երեխային, որ չի սիրում նրան, որովհետև չի արել որևէ բան,
  5. վստահի երեխային և թույլ տա լինել ինքնուրույն։

 

Հեղինակ՝ Գեղեցիկ Ոսկանյան