Կարո՞ղ է երեխան մասնակցել մահվան արարողությանը․ պարզաբանում է հոգեբանը

Դաստիարակություն

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Միակ կանոնը, որը կարող է օգնել այս հարցին պատասխանելիս, հետևյալն է. երեխաներին պետք է պատմել սգո արարողությունների մասին ևս։ Դրանից հետո պետք է պարզապես հարցնել՝ կցանկանա՞ ինքը մասնակցել դրանց, թե՞ ոչ։ Եթե երեխան պատասխանում է՝ այո, ապա չի կարելի թույլ չտալ, եթե հրաժարվում է մասնակցել, ապա թող չմասնակցի։ Երկու դեպքում էլ ամբողջ ընթացքում պետք է իր հետ լինի հարազատ մարդկանցից մեկը և պատրաստ լինի պատասխանել նրա բոլոր հարցերին։ Եթե, այնուամենայնիվ, երեխան ցանկանում է մասնակցել, ապա այն մարդը, որը կպատմի երեխային մահվան մասին, պետք է մահվան արարողությունների՝ հոգեհանգստի, թաղման և դրանից հետո արվող բոլոր քայլերի ժամանակ լինի նրա կողքին։ Ցանկալի է, որ այդ մարդը զբաղվի երեխայով այդ արարողությունների ամբողջ ընթացքում։ Երեխան պիտի զգա այդ մարդու ֆիզիկական ներկայությունը, նրա սատարող վերաբերմունքը։ Կարելի է բռնել երեխայի ձեռքը, գրկել, եթե կարիք կա, դիմանալ երեխայի լացին ու չստիպել դադարեցնել։ Ընթացքում պետք է հարցնել՝ կցանկանա՞ մնալ, թե՞ արդեն կարող եք գնալ։ Այսինքն՝ պետք է անընդհատ հետևել երեխայի ռեակցիաներին և հրատապ արձագանքել դրանց։ Նույնիսկ նախադպրոցական տարիքում պետք է երեխային պատմել և հարցնել մասնակցության ցանկության մասին։ Կանոնը նույնն է բոլոր տարիքների համար։ Միայն մի բան պետք է հաշվի առնել, որ երեխաներին թաղման և հոգեհանգստի արարողությունների ժամանակ մասնակից դարձնելիս պետք է տեղեկացնել բոլոր ներկաներին և խնդրել, որ կտրուկ և շատ սարսափազդու տեսարաններից և վարքից զերծ մնան։

Մի պահ երեխան կարող է գալ, լաց լինել, տեսնել իր հարազատին, գուցե համբուրել ու հրաժեշտ տալ նրան։ Անգամ ամենակրտսեր տարիքի երեխաներն ունենում են կարևոր խոսքեր, որ ցանկանում են ասել իրենց հարազատին։ Հավատացեք, եթե երեխային մանրամասն ներկայացվում է այն ամենը, ինչ ինքը տեսնելու է, երեխաները չեն վախենա իրենց հարազատի դին տեսնելիս, նրանք երևույթին նայում են երեխայի աչքերով և երեխայի անկեղծությամբ։ Նրանք կարող են դիմանալ դրան։ Պետք է երեխաներին ասել, թե ինչ ինքը կտեսնի արարողության ժամանակ։ Պետք է պատմել, որ դա շատ դժվար և ծանր իրավիճակ է, որ բոլորը լաց են լինելու և տխուր են լինելու։ Պետք է ասել, որ տխրելու և իրենց հարազատ մարդու նկատմամբ սիրո, ինչպես նաև իրենց հարգանքը ցույց տալու համար մարդիկ սև հագուստ են հագնում, բայց դրա պատճառն այն է միայն, որ բոլորը սիրում են այդ մարդուն և գալու են հրաժեշտ տալու նրան։ Պետք է պատմել, որ մարդուն թաղում են՝ դագաղի մեջ դնելով և հանձնելով հողին։ Պետք է ասել, որ դագաղը մահճակալի նման փոքրիկ տուփ է, որտեղ պառկած է լինում մահացած մարդը։ Երբ ինքը տեսնի նրան, մահացողը չի խոսի և չի պատասխանի իրեն, բայց ինքը կարող է ասել նրան ինչ ցանկանում է։ Ոչ մի դեպքում չի կարելի դրա մասին վախեցնող բաներ ասել։

Պետք է նաև ասել, որ մարդիկ իրենց սերն արտահայտելու համար են ծաղիկներ բերում մահացողին։ Բոլորը ասում են իրենց սիրո և հարգանքի խոսքերը, լաց են լինում։ Եթե մահացողը երեխայի ծնողներից մեկն է, ապա նույն կերպ է պետք վարվել։ Երեխաները կարող են հարցնել․ արդյոք դա վախենալու է, արդյոք մահացածը զգում է որևէ բան, արդյոք նա ուզում է, որ իր հետ նման կերպ վարվեն, արդյոք նա կկարոտի իրեն, արդյոք նա կիմանա, որ ինքը եկավ և կլսի՞ իրեն։ Երեխային պետք է ասել, որ մահանալուց հետո մարդու մարմինը որևէ բան չի զգում։

Պետք չէ մահը համեմատել քնի հետ, որովհետև այդ դեպքում երեխաները սպասում են, որ նա կարող է մի օր արթնանալ։ Պետք է ասել, որ մահանալիս մարդը այլևս ոչինչ չի զգում, իր մարմինը չի տանջվում և չի վախենում ոչ մի բանից։ Պետք է ասել, որ մահացած մարդիկ բոլորը թաղվում են, և գերեզմանոցը դառնում է նրանց ապրելու վայրը, որտեղ մահից հետո հարազատները ժամանակ առ ժամանակ գնում են այցի։ Պետք է ասել նաև, որ մահացողը չի լսի, բայց միշտ կիմանա, որ ինքը կկարոտի իրեն և միշտ կսիրի։

 

Որպես վերջաբան

 

Երեխային պետք է օգնել, որ նա արտահայտի իր զգացմունքները։ Ոչ մի զսպող, արգելող բան անել պետք չէ։ Եթե մահվան արարողությունները նրա համար են, որ մարդիկ ապրեն իրենց վիշտը, ողբան իրենց վիշտը, ապա երեխային ևս պետք է տալ այդ հնարավորությունը, երեխան ևս ունի հրաժեշտի իրավունք։ Երեխան ևս ունի վերջին խոսք ասելու իրավունք։