Ինչպե՞ս դաստիարակել առանց բարդույթների երեխայի

Դաստիարակություն

Շատերը գիտեն, որ բարդույթների ակունքը մանկությունն է։ Հոգեբանները կարծում են, որ դրանց պատճառը մեծահասակներն են՝ ծնողները, ընտանիքի մյուս անդամները, ուսուցիչները և այլն։  

Այլ խոսքով՝ ծնողները չեն մտածում, որ իրենց արտաբերած յուրաքանչյուր արտահայտություն կարող է ազդել երեխայի նոր-նոր զարգացող ներաշխարհի վրա և, կարծրանալով՝ վերածվել բարդույթների։ Ասածն ավելի շատ վերաբերում է վաղ տարիքի երեխաներին, քանի որ հենց այդ ժամանակ է փոքրիկը ձևավորվում որպես անհատ։

 

Սխալ ձևակերպումներ

Շատ ծնողներ իրենց երեխաներին հաճախ են ասում հետևյալ արտահայտությունները՝ «դու շատ վատ աղջիկ/տղա ես», «բոլորի երեխաները խելացի են, իսկ իմ երեխան՝ ոչ»։ 5-ից բարձր տարիքի երեխան պարզապես կանտեսի այս խոսքերը, այսինքն՝ ուշադրություն էլ չի դարձնի, իսկ ահա մինչև 5 տարեկան երեխան ասվածը կընդունի ամենայն լրջությամբ։ Բոլոր արտահայտությունները կդաջվեն նրա ենթագիտակցության մեջ։ Այդպիսով՝ երեխայի մոտ կառաջանա մեղքի զգացում։ Եթե երեխայի վրա զայրացած եք և ցանկանում եք, որ ավելի խելոք լինի, պարզապես վերոնշյալ արտահայտությունների փոխարեն օգտագործեք սրանք․ «դու շատ լավն ես, պարզապես ես կցանկանայի, որ անեիր այսպես», «հայրիկը/մայրիկը շատ կնեղվի, եթե դու չարություն անես»։

 

Մեղքի զգացում

Շատ ծնողներ երեխային պատմում են, թե ինչ խնդիրներ են առաջացել փոքրիկի ծննդից հետո, թե ինչից է ստիպված եղել հրաժարվել մայրիկը, որպեսզի ծնվի փոքրիկը։ Այս պատմությունները երեխայի մոտ կարող են առաջացնել իր գոյության հետ կապված մեղքի զգացում։ Փոքրիկը կսկսի մտածել, որ եթե ինքը չապրի, մայրիկը չի ունենա դժվարություններ։

Երեխայի մոտ բարդույթներ են առաջանում, երբ ծնողներն անընդհատ շեշտում են, որ մեծանալու, լրջանալու ժամանակն է։ Արդյունքում՝ երեխան ամաչում է իր տարիքին բնորոշ մանկական ցանկություններից։ Մեկ այլ խնդիր է, երբ ծնողները փոքրիկներին ասում են, որ ամոթ է ինչ-որ բանից վախենալը, կամ ամոթ է լաց լինելը։ Հետագայում երեխան ամաչելու է իր հույզերն արտահայտել։

 

Այսպիսով, ինչպե՞ս դաստիարակել առանց բարդույթների երեխայի 

Մեխանիզմը շատ պարզ է․ երեխան պետք է կարողանա արտահայտել իր բոլոր զգացմունքները՝ վախ, զայրույթ, տխրություն, սեր։ Միայն այդ դեպքում նա կարող է իրեն կառավարել տարբեր իրավիճակներում։ 

Այո՛, պետք է երեխայի վրա զայրանալ, բայց զգուշավոր, պետք է գովել, բայց չափավոր։ Օգնեք երեխային մտածել, վերլուծել, սովորել, սիրել։ 

Այո՛, դժվար է երեխային մեծացնել առանց բարդույթների, եթե հենց ծնողներն են բարդույթավորված։ Պարզապես վերլուծեք ինքներդ Ձեզ, հասկացեք՝ ինչ բացթողումներ են ունեցել Ձեր ծնողները Ձեր դաստիարակության հարցում և փորձեք շտկել ու վերացնել այդ բացերը՝ դաստիարակվելով Ձեր երեխայի հետ միասին։

 

Աղբյուրը՝ mama.ua