Ինչպե՞ս ճիշտ խրախուսել, գովել երեխային․ այս հարցը շատ կարևոր է, քանի որ խրախուսանքը, գովասանքը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն:
Հոգեբանների կարծիքով` գովասանքը վնասակար է, եթե
1. Երեխային գովաբանում են այն բանի համար, ինչը նրան տրված է ի ծնե, կամ երբ տվյալ բանն անելու համար նրանից ջանք չի պահանջվում:
Առանց հիմքի գովասանքը գործում է թմրադեղերի նման. երեխան սովորում է դրան ու առանց ծանրակշիռ առիթի սպասում ծնողներից գովասանքի:
Նրա գիտակցության մեջ ձևավորվում է միտքը, որ ինքն առավելություն ունի այլոց նկատմամբ: Իսկ եթե նա չի սովորում իր ունակությունները գործի դնել և զարգացնել, դա նաև խանգարում է որպես անձ նրա կայացմանը: Էգոցենտրիզմը երեխային կկենտրոնացնի միայն իր վրա, և նա անընդհատ կսպասի հիացմունքի և գովասանքի իր անձի նկատմամբ: Դրանց դադարեցումը կբերի նախանձության, անբարյացկամության, նեղացկոտության և էգոցենտրիզմին բնորոշ այլ հատկանիշների առաջացման:
2. Առավել վտանգավոր է, երբ գովաբանում են երեխային այն բանի համար, ինչն իր մոտ հեշտ է ստացվում և նրան օրինակ դարձնում այն երեխաների համար, որոնց մոտ նույնը ստացվում է դժվարությամբ և մեծ ջանքերով: Ջանքերի ոչ ճիշտ գնահատումը ազդում է երեխայի հոգեկան աշխարհի վրա և նվազեցնում այդ գործով զբաղվելու նրա ցանկությունը: Երեխաների` միմյանց հակադրումը բերում է անառողջ մրցակցության, որն էլ իր հերթին՝ էգոցենտրիզմի, ոչ թե երեխայի ճիշտ զարգացման:
3. Վնասակար է, երբ երեխային գովաբանում են շատ հաճախ, առանց անհրաժեշտության: Սա արժեզրկում է գովասանքը և երեխային վարժեցնում էժանագին հաղթանակների:
Ինչպե՞ս է պետք ճիշտ գովաբանել երեխային
Երեխային պետք է գովաբանել միայն անկեղծ, լուրջ և համոզիչ: Գովասանքն անհրաժեշտ է երեխային ինքնավստահություն, եռանդ հաղորդելու համար, երեխայի` կյանքի հանդեպ ունեցած օպտիմիզմը լրացնելու համար: Յուրաքանյուր գովասանք որոշակի նպատակաուղղվածություն պետք է ունենա և երբեք չպետք է հնչի պատահական, հենց այնպես:
նյութը կազմելիս օգտվել ենք www.kid.ru կայքից