Ինչպե՞ս երեխային դարձնել հոգատար․ հոգեբանի խորհուրդները

Զարգացում

Հոգեբան Վարդինե Մեսրոպյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է երեխայի մեջ բարություն և հոգատարություն սերմանելու կարևորության և մեթոդների մասին:

Փոքրիկը հոգատարության հետ «ծանոթանում» է տանը...

Ընտանիքում ձևավորվում են երեխայի պատկերացումներն ու փոխհարաբերությունները, որոնք հետագայում տեղափոխվում են սոցիալական միջավայր: Ուստի փոքրիկի մոտ սերը դեպի բնությունը և մարդիկ ձևավորվում են դեռ վաղ հասակում՝ տանն առկա հոգեբանական մթնոլորտի ազդեցությամբ:  Առաջին հերթին հենց հարազատները պետք է սովորեցնեն երեխային անտարբեր չլինել մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է, որ երեխան տեսնի նման վերաբերմունք: Եթե ընտանիքում կան կոնֆլիկտներ, տարաձայնություններ և ոչ առողջ հոգեբանական մթնոլորտ, փոքրիկը տեսնում է՝ ինչպես է հայրիկը բղավում մայրիկի վրա, եղբայրը հարվածում քրոջը, ապա նա կարող է որդեգրել տվյալ վարքագիծը: Որպեսզի երեխան տեսնի և յուրացնի հոգատարության գաղափարը, ձևական դրվագներ ստեղծելու կարիք չկա: Հակառակը՝ պետք է իրական ներդաշնակություն տիրի ընտանիքում: Իհարկե, մեծ նշանակություն ունեն նաև երեխայի ֆիզիկական, հոգեբանական զարգացման առանձնահատկությունները:     

 

Սերմանելու մեթոդները        

Փոքրիկի մեջ հոգատար լինելու գաղափարը ներդնելուց առաջ պետք է զարգացնել նրա հուզական ոլորտը: Հույզերը ճանաչելով՝ երեխան սովորում է ոչ միայն հասկանալ սեփական հույզերը, այլև տեսնել ու տարբերակել իրեն շրջապատողներինը: Քիչ դեպքերում է, որ ծնողները երեխաներին հստակ բացատրում են հույզերը, ասում՝ «ես ուրախ եմ», «տխուր եմ», «նայի՛ր, իմ դեմքի արտահայտությունը վկայում է  հետևյալի մասին»: Հարկավոր է մանրամասն ներկայացնել, պատրաստել խաղեր, որոնք պատկերում են տարբեր հույզեր: Երեխան անձամբ կարող է ավելացնել դրանք: Օրինակ՝ պատկերել ժպիտ, որը կխորհրդանշի ուրախություն կամ էլ արցունքներ, որոնք կարտահայտեն տխրություն: Մուլտֆիլմերի և թերապևտիկ հերքիաթների միջոցով էլ կարելի է փոքրիկի մեջ զարգացնել ուշադրությունը դեպի այլ մարդիկ: Դա ավելի շատ հոգեբանական աշխատանք է, և եթե ծնողը չի կարողանում ինքնուրույն իրականացնել, ապա պետք է դիմել մասնագետի: Երբ երեխաները չեն կարողանում դրսևորել նրբանկատություն այլոց նկատմամբ, կարելի է տանը պահել որևէ ընտանի, փոքրիկ կենդանի՝ շուն, կատու, թութակ, ծովախոզուկ: Կենդանու մասին հոգ տանելով՝ երեխան սովորում է հոգ տանել շրջապատողների մասին:

 

Հոգատար լինելն էական է, քանի որ...

Այն անտարբերությունը, որ երեխան կարող է դրսևորել ընտանիքի անդամների նկատմամբ, վկայում է հոգեբանական խնդիրների մասին: Փոքրիկը չի կարողանում ցուցաբերել իր զգացածը, բացակայում է վստահությունը: Պետք է, որ մեկ հարկի ներքո ապրող մարդկանց միջև լինի փոխհամաձայնություն, տիրի համերաշխություն, քանի որ սերը, որ երեխան տեսնում է յուրաքանչյուր օր առանց բեմադրված իրավիճակների ու ձևական դետալների, նույնությամբ կվերցնի ու կարտացոլի: Սա նրան կուղեկցի ոչ միայն ընկերների ու դասընկերների շրջանակում, այլև մինչև հասուն կյանք, դրանից այն կողմ:   

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան