Ինչպես պայքարել գրիպի դեմ. կարևոր խորհուրդներ բժիշկ Կոմարովսկուց

Խնդիրներ

Սուր շնչառական վիրուսային վարակներ

Գրիպը սեզոնային է, խոզի, թե փղի, կարևոր չէ: Կարևոր է միայն այն, որ դա վիրուս է և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ու ախտահարում է շնչուղիները: Այստեղից էլ` կոնկրետ գործողությունները:

Պրոֆիլակտիկա

Եթե դուք (ձեր երեխան) հանդիպում եք վիրուսին, իսկ ձեր արյան մեջ չկան պաշտպանիչ հակամարմիններ, ապա դուք կհիվանդանաք: Հակամարմիններն ի հայտ են գալիս երկու դեպքում՝ կամ դուք հիվանդանում եք, կամ պատվաստվում եք:

Պատվաստվել հնարավոր է սեզոնային գրիպի դեպքում միայն: Ունենալ պաշտպանիչ հակամարմիններ այն երեք վիրուսների դեմ, որոնք մտնում են սեզոնային գրիպի կազմի մեջ, ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալ:

1. Եթե պատվաստվելու հնարավորություն ունեք, ապա պատվաստվեք, բայց միայն այն դեպքում, եթե առաջին՝ դուք առողջ եք, և երկրորդ՝ եթե պատվաստանյութ ընդունելու համար ստիպված չեք լինի նստել պոլիկլինիկայում` ամբոխի մեջ: Վերջին իրավիճակում ադեկվատ պատվաստանյութ ընդունելու ձեր շանսերը քչանում են:

 2. Ապացուցված պրոֆիլակտիկ էֆեկտիվությամբ ոչ մի դեղամիջոց գոյություն չունի: Առավել ևս՝ ոչ մի սխտոր, սոխ, ոչ մի դեղահաբ ի վիճակի չեն պաշտպանել տարածվող ոչ մի վիրուսից ընդհանրապես, իսկ գրիպի վիրուսից՝ մասնավորապես: Այն ամենը, ինչ առաջարկվում է դեղատներում՝ իբր թե վիրուսասպան միջոցները, ինտերֆերոն գոյացությունների ստիմուլյատորները, իմունիտետը բարձրացնող միջոցներն ու այդքան օգտակար վիտամինները չապացուցված էֆեկտիվությամբ դեղամիջոցներ են:  Այդ դեղահաբերի հիմնական օգուտը փսիխոթերապիան է: Դուք հավատում եք՝ ձեզ օգնում է:

3. Վիրուսի աղբյուրը մարդն է և միայն մարդը: Որքան քիչ մարդկանցով շրջապատված լինեք, այդքան քիչ է հիվանդանալու հավանականությունը: 

4. Շնչադիմակ: Օգտակար իր է, բայց ոչ միջոց: Պարտադիր պետք է կրի հիվանդը, եթե շուրջն առողջ մարդիկ են։ Այն չի կանխում վիրուսը, բայց կանխում է կաթիլների տարածումը, որոնք հարուստ են վիրուսով:

5. Հիվանդի ձեռքերը ևս վիրուսի աղբյուր են, ինչպես քիթն ու բերանը: Հիվանդը դիպչում է դեմքին, վիրուսն անցնում է ձեռքերին, նա դիպչում է շուրջը եղած իրերին, դուք դիպչում եք այդ ամենին, և՝ ողջույն, սուր շնչառական վիրուսային վարակ: Մի՛ դիպչեք ձեր դեմքին: Ձեռքերը հաճախակի լվացե՛ք և ձեզ հետ ունեցե՛ք թաց հակաինֆեկցիոն հիգիենիկ անձեռոցիկներ, լվացվե՛ք, մաքրեք, մի՛ ծուլացեք: Սովորե՛ք ինքներդ ու երեխաներին էլ սովորեցրեք՝ փռշտալիս օգտագործել ոչ թե ափը, այլ արմունկը: Ղեկավարնե՛ր, արգելեք ձեր աշխատակիցներին միմյանց ձեռքով բարևել: Օգտվե՛ք կրեդիտ քարտերից, քանի որ թղթադրամները վիրուսի տարածման աղբյուր են:

6. Օդը: Վիրուսային մասնիկները ժամերով պահպանում են իրենց ակտիվությունը տաք և անշարժ օդում, բայց գրեթե միանգամից քայքայվում են թարմ, խոնավ ու շարժվող օդում: Զբոսնել կարելի է՝ ինչքան ասես: Զբոսնելու ընթացքում վիրուս ձեռք բերելու հավանականությունը գործնականում ռեալ չէ: Այս առումով՝ եթե դուրս եք եկել զբոսնելու, պետք չէ ցուցադրաբար շնչադիմակ կրել փողոցներում: Ավելի լավ է թարմ օդ շնչեք, իսկ շնչադիմակը կրեք ավտոբուս նստելիս, գրասենյակում կամ խանութում: Սենյակի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 20°С, խոնավությունը՝ 50-70%: Պարտադիր է տարածքի հաճախակի և ինտենսիվ օդափոխումը: Ցանկացած տաքացնող միջոց չորացնում է օդը: Ուշադրություն դարձրեք խոնավությանը: Լվացե՛ք հատակը: Օգտագործեք օդը խոնավացնող միջոցներ: Ավելի լավ է տաք հագնվեք, բայց չմիացնեք ավելորդ տաքացուցիչներ:

7. Լորձաթաղանթի վիճակը: Վերին շնչառական ուղիներում անընդհատ արտադրվում է լորձ: Լորձն ապահովում է տեղային իմունիտետի աշխատանքը: Եթե լորձը կամ լորձաթաղանթը չորանում են, ապա տեղային իմունիտետի աշխատանքը խանգարվում է, վիրուսները հեշտությամբ հաղթահարում են թուլացած տեղային իմունիտետի սահմանը, ու մարդը հիվանդանում է: Տեղային իմունիտետի գլխավոր թշնամին չոր օդն է, ինչպես նաև այն դեղերը, որոնք չորացնում են լորձաթաղանթը:

Խոնավացրե՛ք լորձաթաղանթը: 1 թեյի գդալ սովորական կերակրի աղը լուծեք 1 լիտր եռացրած ջրում: Լցրեք ցանկացած սրվակի մեջ և սիստեմատիկ փչեք քթանցքի մեջ: Նույն նպատակով դեղատնից կարելի է գնել շնչուղիները խոնավացնող միջոցներ:

Բուժման կանոնները

1. Տա՛ք հագնվեք, բայց սենյակում պետք է լինի զով և թարմ օդ:

2. Ստիպողաբար մի՛ կերեք: Եթե ուզում եք (կամ ուզում են), ապա ընդունեք թեթև, ջրալի կերակուր:

3. Շատ հեղուկ օգտագործեք:

4. Քթի մեջ հաճախ աղային լուծույթներ կաթեցրեք:

5. Բոլոր տնային միջոցները (ոտքերը տաք ջուր դնելը, ինհալացիա և այլն) ծնողական սադիզմ են, բայց նաև՝ փսիխոթերապիա:

6. Եթե որոշել եք պայքարել բարձր ջերմության դեմ, ապա՝ միայն պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Կատեգորիկ արգելվում է ասպիրինը:

7. Շնչառական ուղիների ախտահարման դեպքում ինքնաբուժումը ոչ մի օգուտ չի տա:

8. Հակաալերգիկ միջոցները սուր շնչառական վիրուսային վարակների հետ ոչ մի կապ չունեն: 

9. Վիրուսային ինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Հակաբիոտիկները չեն քչացնում, այլ մեծացնում են բարդությունների ռիսկը: