Ինչու՞ է բալիկի մոտ առաջանում փորկապություն և ե՞րբ է դառնում այն վտանգավոր

Խնդիրներ

Փորկապությունը՝ կղանքի երկարատև կանգն աղիներում կամ դժվարացած կղազատումը, երեխաների և ընդհանրապես բոլորի շրջանում հաճախակի հանդիպող խնդիրներից է: Տարբերում են ֆունկցիոնալ և քրոնիկ փորկապություն:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանի խոսքով՝ ֆունկցիոնալի դեպքում, որպես այդպիսին, օրգանական, կառուցվածքային, նյութափոխանակության կամ հորմոնալ խանգարումներ չեն լինում: Պարզապես դժվարանում է կղազատումը: Ֆունկցիոնալ փորկապությունը հաճախ կարող է դիտվել 0-1 տարեկանների մոտ: Եթե փոքրիկը նորածնային շրջանում անհանգիտ չէ, չի լացում, չի հրաժարվում կերակրումներից, կերակրվում է բացառապես կրծքի կաթով, բայց 3 օր և նույնիսկ մի փոքր ավելի նրա աղիները չեն գործել, կարելի է մտածել՝ դա նորածնի առանձնահատկություններից է: Սակայն եթե 48 ժամ և ավելի նորածնի աղիները չեն գործել, ու նա ճչում է, հրաժարվում կերակրումներից, շոշափելիս որովայնը փքված է, ցավոտ, ապա մայրիկն անհապաղ պետք է դիմի բժշկի: Քրոնիկ փորկապության ժամանակ լինում է ոչ հաճախակի կղազատում, որը կարող է ուղեկցվել որովայնի ցավերով, մետեորիզմի նշաններով, և եթե այս սիմպտոմները տևում են 3-6 ամիս, ապա հստակ քրոնիկ բնույթ է ստացել փորկապությունը: Այն հիմնականում առաջանում է հեղուկի քիչ օգտագործման, սննդակարգի խախտման, արագ ուտելու, արագ ծամելու հետևանքով:

«6 ամսականից հետո, երբ գումարվում է հավելյալ սնունդը, փոխվում են բալիկի սննդակարգը, սովորույթները․ կրկին հնարավոր է բախվել փորկապության խնդրին: Մանկաբույժը փորձում է շտկել իրավիճակը՝ սննդակարգի մեջ ուղղումներ կատարելով, ավելացնելով բջջանյութ պարունակող բանջարեղեն և մրգեր»,-ասում է մասնագետը: Նա ընդգծում է, որ ուշադրություն է պետք դարձնել երեխայի կյանքի հաջորդ՝ մանկապարտեզի և դպրոցի փուլերին: Տվյալ պարագայում փոխվում է երեխայի միջավայրը, նա շփվում է նոր մարդկանց հետ և գուցե ամաչում նրանց ներկայությամբ օգտվել պետքարանից, նրա համար անհարմարավետ պայմաններ են ստեղծվում: Եվ այս դեպքում հնարավոր է դառնում հոգեբանական փորկապության առաջացումը: Երեխան պահում է կղանքը, որի հետևանքով կղանքը դուրս է գալիս աննշան գնդիկների տեսքով, ցավոտ, դժվար, երբեմն էլ արյուն պարունակում՝ ուղիղ աղու ճաքերի արդյունքում: Անհրաժեշտ է, որ ծնողները լինեն ուշադիր և ժամանակին կանգնեցնեն խնդիրը՝ բարդություններից խուսափելու համար: