Հնարավո՞ր է, որ երեխան հիվանդանա բացասական մտքերի պատճառով․ ներկայացնում է հոգեբանը

Խնդիրներ

Փոքրիկը հաճախակի է հիվանդանում, ունի անմիզապահություն կամ անկղապահություն, բողոքում է գլխացավերից, կակազում է կամ էլ ունի օտիտ՝ ականջի բորբոքում: 

Որպես կանոն` ծնողներն առաջին հերթին սկսում են փնտրել խնդրի ֆիզիկական պատճառները: Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ դրա հիմքում կարող են լինել հոգեկան ապրումները: Դա միանգամայն հնարավոր է, քանի որ երեխան վաղ տարիքից բախվում է վախերի, բացասական հույզերի ու անհանգստության զգացողության հետ, նրա հոգեկան աշխարհը զգայուն է իր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռայա Երեմիի բնորոշմամբ՝ հոգու և մարմնի միջև գոյություն ունի ուժեղ կապ, և երբ մարդը փորձում է ուղղակի վանել տհաճ մտքերը, դրանք մերժվում են և չեն վերլուծվում: Տվյալ ձևով տեղահանված խնդիրները տեղափոխվում են այլ հարթություն՝ սոցիալական (միջանձնային հարաբերություններ) կամ հոգեբանական մակարդակից (չկատարված ցանկություններ, երազանքներ ու ձգտումներ, զսպված հույզեր, ներքին կոնֆլիկտներ) դեպի ֆիզիոլոգիայի մակարդակ։ Այսպես` վերջույթներում առկա խնդիրները կարող են հուշել ապագայի նկատմամբ ունեցած անորոշության, ապագային ուղղված վախերի մասին, «ոտքերը հրաժարվում են առաջ շարժվել, ձեռքերը հրաժարվում են գործել»։

«Հիվանդությունը, կարծես, ազդանշան է, որ երեխայի ներսում կա լարվածություն ու անհարմարություն։ Այն օգնում է փոքրիկին թոթափել ներքին հուզական սթրեսը, «պատմել» ծնողին և ընդհանրապես շրջապատողներին իր հոգեբանական վիճակի մասին ու «օգնություն խնդրել» այդ տարբերակով»,- նկարագրում է հոգեբանը։ Շեշտում է՝ կան իրավիճակներ, որտեղ հոգեսոմատիկ ռեակցիաների հավանականությունն ամենաբարձրն է: Օրինակ՝ երեխան սթրեսային իրավիճակում է (ուսուցիչը մանկապարտեզում բղավել է, դպրոցում գրանցվել է կոնֆլիկտ դասընկերների հետ, կորցրել է հարազատին, ընտանիքում ծնողների միջև տարաձայնություններ ու բախումներ են սկսվել) և դրանից հետո առաջանում է որևէ ախտանիշ։ Սա չի նշանակում, որ հիվանդությունն անպայման կզարգանա։ Բայց եթե ծնողը գիտի իր երեխայի զգայուն լինելու մասին, պետք է  ուշադրություն դարձնի՝ ինչպես է բալիկն արձագանքում հուզիչ իրավիճակին: Մի երեխան կարող է երկար ժամանակ մեղավոր զգալ ցանկացած վիրավորանքի կամ վատը լինելու համար, պատժել իրեն դրա համար  ֆիզիկական տառապանքով, կարծել՝ «Ես հիվանդ եմ, ուստի արդեն պատժվել եմ և կարող եմ ինձ ավելի քիչ մեղադրել»:  Մյուս երեխան կարող է պինդ մնալ, չընկճվել սկանդալներից և անգամ դաժան դաստիարակի վերաբերմունքից։ «Պայմանական օգուտը ևս երեխաների հիվանդանալու պատճառներից մեկն է։ Օրինակ՝ փոքրիկը բավականաչափ չի շփվում մոր հետ և հանկարծ հիվանդանում է։ Ի՞նչ է ստանում: Նա նստում է տանը կամ գտնվում հիվանդանոցում, իսկ մայրը, արձակուրդի դուրս գալով, կողքին է, հոգատարություն, ուշադրություն և ջերմություն է տալիս։ Հենց այն, ինչ նրան պակասում էր: Երեխան, իհարկե, դա անում է անգիտակցաբար, նրա մոտ  իսկապես ինչ-որ բան  ցավում է»,- ընդգծում է մասնագետը:   

Պետք է նկատել, որ երբեմն հոգեսոմատիկ խնդիրները ստանում են քրոնիկ բնույթ:   Ամենատարածված նշաններն ու հիվանդություններն են՝  քթի գերբնակվածություն, անհայտ ծագման ջերմություն, աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիաներ (քրոնիկ գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր, գրգռված աղու համախտանիշ), մաշկային հիվանդություններ (նեյրոդերմատիտ, էկզեմա, պսորիազ, դերմատիտ), շնչառական համակարգի (բրոնխիալ ասթմա, հիպերվենտիլացիոն համախտանիշ, անպատճառ հազ, քրոնիկ բրոնխիտ), ուտելու խանգարումներ (նյարդային անորեքսիա, բուլիմիա, շատակերության տենչ և, որպես հետևանք, գիրություն), շաքարային դիաբետ,  անեմիա, ամենորեա և դիսմենորեա, ալերգիա, ռևմատոիդ արթրիտ, վահանաձև գեղձի հիվանդություն: 

Ի դեպ, գերխնամք և թերխնամք ստացող, ֆիքսված ու ծայրահեղ խիստ ծնողներ ունեցող երեխաները ռիսկի գոտում են: «Երբ փոքրիկը չունի բավարար մայրական հոգատարություն և սեր, նա ստիպված է լինում ինքնուրույն հաղթահարել իր էմոցիաները: Նա կունենա մշտական ​​անհանգստության զգացում և կմեծանա անվստահ: Նրա համար դժվար կլինի «մարսել իրավիճակը» և հաղթահարել արտաքին անապահով աշխարհի նկատմամբ ունեցած վախը։ Այս դեպքում հոգեսոմատիկան սովորաբար դրսևորվում է մարսողական համակարգի խանգարումների տեսքով: Որոշ երեխաների մոտ  զարգացնում է դեպրեսիա կամ նյարդաբանական ախտանշաններ»,- նշում է մասնագետը: Գերխնամքի պարագայում ահա մայրը բառացիորեն «խեղդում է փոքրիկին իր խնամքով» և «դժվարացնում շնչելը»։ Այսպես առաջանում են շնչառական համակարգի հիվանդությունները՝ հաճախակի և ձգձգվող բրոնխիտ, բրոնխիալ ասթմա։ «Երբ ծնողները չափազանց խիստ են բալիկի հետ, անպատշաճ պատիժ են կիրառում, հազվադեպ են գովաբանում, նա կարող է սուր կերպով զգալ անբավարարություն և մտածել՝ ինքը բավականաչափ լավը չէ կամ ընդունակ չէ որևէ բանի: Նկատելի է դառնում սխալվելու վախը։ Ամենը տանում է դեպի բողոքի քողարկված դրսևորման՝ գլխացավ, սրտխառնոց, որովայնի ցավ։ Կարող է ուղեկցվել անքնությամբ, գլխապտույտով։ Բալիկը չի կարողանում բացահայտ արտահայտել իր բողոքը։ Սա դառնում է նաև տոնզիլիտ ձեռք բերելու ճանապարհ, որովհետև խոսքը ծնվում է կոկորդում»,- շարունակում է նա: Իսկ եթե մայրն իրեն տնից դուրս դժվարությամբ է ընկալում որպես անհատ, եթե նրա բոլոր վախերն ու ուրախությունները պտտվում են ընտանիքի շուրջ, ապա երեխայի հիվանդությունը կօգնի զգալ՝ «անհրաժեշտ է»: Անընդհատ մտածելով ու բարձրաձայն արտահայտելով իր մտահոգությունները՝  նա թույլ չի տա, որ բալիկը սովորի ընկալել հիվանդությունը որպես անցողիկ երևույթ։ Նման դեպքերում կա նշանների արագ համախմբման և առանձին հոգեսոմատիկ ռեակցիաներից հաճախակի կրկնվող հիվանդության անցման բարձր ռիսկ:

Չնայած այն հանգամանքին, որ հոգեսոմատիկ խանգարումների պատճառները կարող են ընդհանրացվել, յուրաքանչյուր դեպք անհատական ​​է և պահանջում է հատուկ մոտեցում։ Աշխատանքը տարվում է արտթերապևտիկ ուղղություններով և բոլոր այն միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս կարգավորել երեխայի հույզերը, դուրս բերել ճնշված հույզերը, խոսքի միջոցով արտահայտել պահանջմունքները: Հոգեբանական աշխատանքի արդյունքում ծնողն էլ է կարողանում տարբերակել հոգեմարմնային խնդիրները, չցուցաբերել տագնապային մոտեցում փոքրիկի առողջության նկատմամբ:  Գտնելով հիվանդության հոգեբանական պատճառը՝ հույս ենք հայտնում, որ հնարավոր է փոխել իրավիճակը և օգնել բալիկին ապաքինվել կամ գոնե մեղմել վիճակը։ Անհրաժեշտ է հիշել, որ մարմինը կարծրացնելով՝ ամրացնում ենք ոգին, մեծանում է կյանքի դժվարություններին դիմակայելու կարողությունը։ Եվ հակառակը՝ կայունացնելով հուզական վիճակը և մեծացնելով սթրեսային դիմադրությունը՝ պաշտպանվում ենք տարբեր ֆիզիկական հիվանդություններից։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան