Հաճախ ծնողները փոփոխում են երեխային նշանակված բուժումը՝ հետևելով այլ մարդկանց խորհուրդներին:
Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը խորհուրդ է տալիս մասնագետների նշանակած բուժումները չփոխել և չքննարկել այլոց հետ: Մինչ նման քայլի դիմելը ծնողները պետք է գիտակցեն, որ ամեն երեխա յուրահատուկ է, և ուրիշի բուժումը կարող է բացարձակ չհամապատասխանել իր փոքրիկի առողջական վիճակին: Յուրաքանչյուր բժիշկ, որ զննում է երեխային, կատարած նշանակումների համար կրում է պատասխանատվություն:
Ընդհանրապես, ջերմող կամ հազացող, սուր շնչառական վարակ ունեցող երեխայի բուժումը ներառում է քթի մաքրում, ջերմիջեցում, առատ հեղուկներ: Անհրաժեշտության պարագայում կիրառվում են հակաբիոտիկ, բրոնխալայնիչ, հորմոնալ թերապիա, որոնք որոշվում են միայն երեխայի զննումից հետո: Հակաբիոտիկների ավելորդ նշանակումը չի կրճատում վիրուսային վարակի ընթացքը: Ավելին՝ հակաբիոտիկներիի անտեղի օգտագործումը բերում է հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացմանը, որոնցով հետագա վարակումը կարող է ունենալ անգամ մահացու հետևանք, քանի որ այդ բակտերաների վրա որևէ հակաբիոտիկ չի ազդի:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր