Ամենորեա․ ինչու՞ է դաշտանը բացակայում դեռահաս աղջկա մոտ

Խնդիրներ

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է ԵՊԲՀ-ի հրավիրված մասնագետ, «Բեգլարյան» ԲԿ-ի մանկական և դեռահասների գինեկոլոգ Լիանա Քոչարյանի հետ:

Դաշտանի բացակայությունը, թերևս, շատ աղջիկների կարող է անհանգստացնել և հիմքում ունենալ զանազան պատճառներ: Եթե օրիորդը 16 տարեկան է ու երբեք դաշտան չի ունեցել, ապա  դա համարվում է առաջնային ամենորեա: Իսկ եթե աղջիկն առնվազն մեկ անգամ ունեցել է դաշտան, որից հետո այն բացակայել է մեկ տարի, երկրորդային ամենորեա է: Դաշտանի բացակայությունը պայմանավորվում է և՛ սեռական, և՛ արտասեռական բնույթի խնդիրներով:  

Տարբերակում են իսկական ու կեղծ ամենորեա: Իսկական ամենորեայի պարագայում ունենք հստակ խնդիր որևէ համակարգի հետ կապված, օրինակ՝ հիպոթալամո-հիպոֆիզար, կենտրոնական նյարդային համակարգի, արգանդի և ձվարանների: Կեղծ ամենորեայի դեպքում կան լիարժեք ձևավորված արգանդ ու ձվարաններ, տեղի են ունենում ցիկլին բնորոշ փոփոխությունները, կատարյալ գործում է հիպոթալամո-հիպոֆիզար համակարգը: Այդպիսով, դաշտանային արյուն լինում է, սակայն չեն  լինում արյան արտահոսքի համար անհրաժեշտ պայմանները: Սա անբողջապես բնորոշ է կուսաթաղանթի ատրեզիային (կուսաթաղանթի անցքի բացակայություն): Կուսաթաղանթը լինում է փակ, ինչի հետևանքով արյունը կուտակվում է հեշտոցում, հաջորդիվ արգանդում և արգանդափողերում, կարող է լցվել փոքր կոնք ու, բնականաբար, դաշտանի բացակայությունից զատ, առաջ կգան մի շարք այլ գանգատներ: Կանոնավոր կերպով սկսում է դիտվել որովայնի ստորին հատվածում տեղակայվող ցավ, որը, նախ, մեղմ է և աստիճանաբար ուժգնանում է: Դրան կարող են զուգորդել մեջքի և ոտքի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, գլխացավն ու գլխապտույտը, թուլությունը, տրամադրության ու ախորժակի փոփոխությունները: Ախտորոշում իրականացնելու համար կատարվում է փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն: Փորձառու մասնագետը միանգամից հասկանում է նկատվող գոյացության ծագումը և ախտորոշում հեմատոկոլպոս (արյան կուտակումը հեշտոցում), հեմատոսալպինկս (արյան կոտակումն արգանդափողերում), հեմատոմետրիա (արյան կուտակումն արգանդի խոռոչում): Մանկական գինեկոլոգը, զննելով արտաքին սեռական օրգանները, տեսնում է արտափքված, կապտաբոսորագույն կուսաթաղանթ: Կատարվում է անցքի ստեղծում խաչաձև կտրվածքի միջոցով:

Առհասարակ, կեղծ ամենորեան կարող է լինել ոչ միայն կուսաթաղանթի ատրեզիայի դեպքում, այլ նաև հեշտոցի որևէ մասի բացակայության՝ լինի ստորին, միջին, թե վերին մեկ երրորդական հատվածը: 

 

 

 

 

 

Մանկական գինեկոլոգի հեռախոսահամարն է՝ 094 02 98 98, 095 02 98 98։