Մի՞թե կարող է հոգնած և լարված ծնողը հուզական կապ հաստատել երեխայի հետ

Խնդիրներ

Մարդիկ ժամանակ առ ժամանակ կարող են բախվել «հուզական մոխրացում»  կոչվող երևույթին։  Տվյալ հասկացությունը սկսել է շրջանառվել,  նախ, մասնագիտական ոլորտում:

Հատկապես բնորոշ է այն մասնագետներին, որոնց աշխատանքը ենթադրում է մարդ-մարդ շփում, մասնավորապես՝ բժիշկներ, փրկարարներ և այլն: Այլ կերպ ասած՝ աշխատանք, որը ենթադրում է հուզական մեծ ներդրում, ինչն էլ հաճախ բերում է հուզական մոխրացման: Այսօր, սակայն, այդ խնդիրը լայնորեն նկատվում է նաև առօրյա կյանքում. մարդու հոգեկանը չի հասցնում կյանքի, տեղեկատվության, աշխատանքի տեմպի հետևից և դարձյալ կանգնում ենք մոխրացման խնդրի առջև:

Դա լինում է փուլ առ փուլ, անձը նույնիսկ չի հասցնում նկատել, որ ինքը մոխրացման մեջ է։ Մոխրացման նշաններն են՝ հետաքրքրությունների կորուստ, աշխատանքային մոտիվացիայի կորուստ, հույզերի բթացում, մեխանիկական վերաբերմունք, ավելի խորքային մակարդակում՝ սոցիալական շփումներից մեկուսացում ու խուսափում, իսկ առավել խորը՝ ֆիզիկական նշաններ՝ անքնություն, ստամոքսացավ, գլխացավ և այլն։

Մոխրացած ծնողը վատ օրինակ է երեխայի համար. նա հոգնած է, լարված, ինչի պատճառով չի կարողանում հուզական կապ հաստատել երեխայի հետ, չի կարողանում ճիշտ արձագանքել բալիկի դժվարություններին, ապրումներին: Ընտանիքին կամ աշխատանքին մինչև վերջ նվիրվելը հաճախ է ամբողջովին սպառում ու մաշեցնում անհատին։ Արդյունքում առաջանում են առողջական մի շարք խնդիրներ, ի դեպ, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական: Մինչդեռ նույն «նվիրվել»-ը կարելի է ու պետք է հասկանալ այսպես՝ լինել առողջ, լինել բավարարված, երջանիկ ու հենց այդ երջանկությունը տալ ընտանիքին: Այս պարագայում պետք է հիշել, որ երեխաները միշտ օրինակ են վերցնում ծնողից, և ավելի լավ է՝ նրանք սովորեն իրենց մասին հոգ տանել, հավասարակշռել կյանքը, քան սովորեն մինչև վերջ սպառվել, մոխրանալ ու  մաշել առողջությունը։ 

Հոգեբան Իրինա Խանամիրյանի խորհրդով՝ հուզական մոխրացումից խուսափելու կամ դրանից ազատվելու համար անհրաժեշտ է առաջին հերթին օրվա անելիքները պլանավորելիս առանձին ժամանակ հատկացնել  սիրելի գործերի, հետաքրքրությունների և հանգստի համար: Դա կարող է լինել տասը րոպե, բայց պիտի լինի միայն անհատինը։ Մյուս կողմից՝ փորձեք ամեն առիթ օգտագործել բնության գրկում լինելու համար: Չի՞ ստացվում հաճախակի, ուրեմն սկսեք բույսեր, ծաղիկներ աճեցնել տանը: Նույն սկզբունքով կարելի է սկսել ընտանի որևէ կենդանի պահել: Մաքուր ու կոկիկ պահեք ձեր միջավայրը, ազատվեք անպիտան, ճնշող իրերից: Պարզվում է՝ հոգեկան հանգստության ու ներդաշնակության համար կարևոր է նաև, որ մաքուր լինի ֆիզիկական միջավայրը՝ տունը, աշխատասենյակը: Իհարկե, սա պետք չէ անել ֆանատիկորեն: Փորձեք հնարավորինս շատ շփվել ձեզ հաճելի մարդկանց հետ: Սկսեք մարզվել, քայլել, վազել: Բարեբախտաբար, այսօր դա կարելի է անել նաև առանց տնից դուրս գալու և գումար ծախսելու: Երեկոյան ժամերին, ինչպես նաև երբեմն-երբեմն հայտարարեք առանց բջջայինի ու համակարգչի օր: Միտքն արժանի է լռության, ինչը հնարավոր է ապահովել միայն բոլոր սարքերն անջատելով: 

Ներկայացված ցանկը կարելի է երկար շարունակել։ Բայց ինչպես նկատեցիք, ամեն բան պտտվում է ինքնախնամքի շուրջ, իսկ եթե ընդունում ենք դրա կարևորությունը, ուրեմն նաև հասկանում ենք՝ մարդիկ շատ տարբեր պահանջներ ու նախընտրություններ ունեն, պետք է պարզապես ժամանակ ու տեղ ազատել կյանքում՝ պահանջները բավարարելու համար: Եթե խոսենք ֆիզիկականի մասին, ապա ինքնախնամքի լավ օրինակներ են ֆիզիկական ակտիվությունը՝ զբաղվել որևէ մարզաձևով, հանգստյան օրերին մեկնել քաղաքից դուրս, հաճախել գեղեցկության սրահ և այլն: Եթե խոսենք հոգեկան առողջության տեսանկյունից, ապա ինքնախնամք հասկացության մեջ կարող են տեղավորվել բոլոր այն գործողությունները, որոնք հաճույք են պատճառում մարդուն՝ ընթերցանությունից մինչև հաճելի մարդկանց հետ անցկացրած համատեղ ժամանցը։ Սկսեք պարզել, թե ինչն է իսկապես օգտակար ձեր մտքին, հոգուն ու մարմնին․ կազմեք հստակ ցանկ։ Սա կարևոր է նախ և առաջ ձեզ համար, իսկ հետո ձեր երեխաների ու սիրելիների համար․ եթե ծնողը հոգ է տանում իր մասին, հետևաբար հանգիստ է, ուրախ, ավելի կայուն տրամադրություն ունի, բնականաբար նա այդ տրամադրությունը տարածում է շրջապատում, հետևաբար իր շրջապատի անդամներն էլ ավելի հանգիստ և ուրախ են։

Կարևոր է անպայման հիշել, որ երբ խնդիրը լուրջ է, ուղղակի թեթև փոփոխությունները կամ մեկ-երկու շաբաթյա հանգիստը չեն օգնում։ Այս պարագայում պետք է կենսաոճի փոփոխություն լինի։ Օրինակ, եթե գնում եք ֆիթնեսի, ուրեմն պետք է առնվազն կես տարի ստաբիլ գնալ կամ ուղղակի երեկոյան 7-ից հետո անջատում եք հեռախոսը և աշխատանքային զանգերի այլևս չեք պատասխանում։ Փոխեք կենսաոճը, որպեսզի կարողանաք խուսափել իսպառ մոխրացումից։   Եթե իրավիճակը սրվել է, եթե զգում եք, որ այն արդեն հստակ ազդում է ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, ուրեմն անպայման դիմեք մասնագետի օգնությանը։ Խնամեք ինքներդ ձեզ, նվիրվեք ձեզ, հետո ընտանիքին։ Դա շահեկան է բոլոր կողմերի համար։  

 

Աղբյուրը՝ babysef.am