«Մյուսներն ինձանից լավն են»․ ի՞նչ անել, որպեսզի երեխան ձեռք չբերի ինքնակոչի համախտանիշ

Խնդիրներ

Ծանո՞թ է այն զգացողությունը, երբ թվում է՝ աշխատանքը (առաջադրանքը)  բավականաչափ լավ չեք կատարել: Սկսում եք քննադատել ինքներդ ձեզ և նախատել, եթե չեք հասել ներքին երևակայական իդեալին: Ունեցած հաջողությունները ժխտում եք ու փորձում ամեն կերպ արժեզրկել։ Հաջողությունը բավարարվածություն չի բերում, բայց կա տարօրինակ զգացում, որ այն ամենը, ինչ ձեռք է բերվել, պարզապես զուգադիպություն է։ Իսկ ամենափոքր սխալը կամ ձախողումը հավասարազոր է աղետի, որը ոչ ոք չի մոռանա:

Անգամ անհատին թվում է՝ անարժանաբար զբաղեցրել է  ուրիշի տեղը և անընդհատ սպասում է «բացահայտման»։ Ամաչում է գովեստներ ու հաճոյախոսություններ լսելուց, կարծում է՝ առանձնահատուկ բան չի արել, քանի որ ցանկացած մարդ գլուխ կհաներ իր գործից։ Նրան թվում է, որ եթե մարդիկ առավել ուշադիր լինեն, կտեսնեն՝ նա իսկապես արժանի չէ, խաբեբա է: Թերագնահատում է իր արժանիքները, մտածում է՝ խելացի ու  գեղեցիկ չէ, շատ ավելի քիչ ջանքեր է գործադրում համեմատ ուրիշների և միշտ զիջում է նրանց: Հոգեբանության մեջ այս վիճակը կոչվում է ինքնակոչի համախտանիշ, որը միմիայն խանգարում է անհատին, ու արգելակում նրա ներդաշնակ զարգացումը։

 

 

Ճանապարհ, որը երեխային տանում է․․․

 

«Ինքնակոչի համախտանիշը» երեխաների մոտ զարգանում է, երբ ծնողները լինում են պահանջկոտ, մեծ սպասելիքներ են ունենում բալիկից, սահմանում են նշաձող, և անընդմեջ բարձրացնում այն: Մեծահասակները բալիկին ասում են, որ նա պետք է գերազանց սովորի, գերազանցությամբ ավարտի, լավ վարձատրվող աշխատանք ստանա և այլն։ Բայց, միևնույն ժամանակ, երեխան չի ստանում անկեղծ գովասանք, խնամք ու ճանաչում: Նա աստիճանաբար  դադարում է հավատալ սեփական ուժերին և տաղանդին: Երբեմն մեծահասակն իրեն հաջողակ ու բանիմաց է ցույց տալիս, իսկ փոքրիկին ասում՝ նրա առաջընթացը ծնողների ջանքերի արդյունքն է: Դրանից հետո բալիկը ցանկացած ձեռքբերում համարում է ուշադրության ոչ արժանի, բախտի նվեր։

Այսպիսի երեխաները սովորաբար լինում են պերֆեկցիոնիստական հատկանիշներով գերազանցիկներ: Վախենում են առաջադրանքը սխալ լուծելուց և ցածր գնահատական ստանալուց։ Նրանց համար ցանկացած սխալ սթրես է: Այնուամենայնիվ, մասնակցում են մրցույթների, օլիմպիադաների, հաճախ մրցանակներ են շահում, սակայն գովեստից շփոթվում են։ Այցելելով որևէ տեղ՝ ձգտում են անել ամեն ինչ կատարյալ ձևով։ Սա տարիքի հետ չի անհետանում։ Ավելի ուշ դրսևորվում է քննությունը ձախողելու, բարձրագույն ուսումնական հաստատություն չընդունվելու, աշխատանքային հարցազրույցը  չանցելու վախի տեսքով։ Երեխան չի կարողանում օբյեկտիվորեն գնահատել իր ուժերը։ Նա սովորում է առաջնորդվել ոչ թե սեփական նպատակներով և ցանկություններով, այլ ուրիշների ակնկալիքներով։ Վախենում է ուսուցչից, ղեկավարից, ունենում է սեփական կարծիքն արտահայտելու անկարողություն, խնդիրներ փոխհարաբերությունների մեջ, քանի որ իրեն մղում է երկրորդ պլան՝ մտածելով միայն ընկերոջ ցանկությունների մասին։

Համախտանիշի զարգացմանը նպաստում են նաև համեմատությունները և սոցցանցերը։ Բոլորս գիտենք, որ սոցցանցերում մարդիկ ստեղծում են իդեալական կերպարներ, տեղադրում են անթերի լուսանկարներ, հնարավորինս շտկում դրանք։ Իրականությունը կարծես խեղաթյուրվում է։ Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝  երեխաների կողմից սոցցանցերի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել դեպրեսիայի, աուտոագրեսիվ վարքի, ցածր ինքնագնահատականի և սեփական մարմնի պատկերի խեղմանը աղջիկների ու տղաների մոտ հավասարապես։

 

 

Ծնողների քայլերը

 

✓ Երեխաները գտնվում են նույն հարթության վրա, ինչ ծնողները, կրկնօրինակում են նրանց պահվածքն ու վերաբերմունքը կյանքին: Առաջին բանը, որ մայրիկն ու հայրիկը պետք է անեն, իրենց կարողությունների ճանաչումն է: Անձնական օրինակով նրանք պետք է բալիկին հասկացնեն՝ «ամենը ջանքերիդ արդյունքն է, ոչ թե սովորական պատահականություն»։

✓ Պետք չէ տեղի-անտեղի գովաբանել կամ սաստել, հարկավոր է ընդամենը ճանաչել երեխայի արժանիքները, ընդունել և զարգացնել:

✓ Երեխան պարտավոր չէ իրականացնել ծնողների երազանքները։ Թող նա գնա իր ուղով, գտնի իր ցանկությամբ աշխատանք, որում կկարողանա լիովին ցուցադրել տաղանդը։

✓ Ծնողների նպատակն է բալիկին սովորեցնել կյանքում գիտակցված ընտրություն կատարել և հասկանալ, որ ընդունած որոշումներն ազդում են ապագայի վրա: Եթե, օրինակ,  ​​երեխան սիրում է խաղալ մինչև կեսգիշեր, կարիք չկա նրա վրա բարկանալու: Պարզապես հարցրեք, թե ինչի կարող են հանգեցնել այդ գործողությունները։

✓ Երբ ​​փոքրիկն անհանգիստ է, անհրաժեշտ է, որ ծնողը հանգիստ հարցնի  պատճառի մասին, բացատրի՝ ցանկանում է օգնել նրան։ Այդ ժամանակ փոքրիկը կկարողանա բացահայտել ներաշխարհը։ Երեխաները պետք է ծնողներին համարեն օգնական, որի հետ կկարողանան անկեղծորեն կիսվել խնդիրներով ու փորձով: Հիշե՛ք, որ փոքրիկի դաստիարակությունը բազմակողմանի գործընթաց է՝ առանց ալգորիթմների, որտեղ կարևոր են ներկայությունը, գիտակցումը և ապրումակցումը:

 

 

 

 

Թարգմանությունը կատարելիս օգտվել ենք psychologies.ru և letidor.ru կայքերից