Ինչու՞ է պետք զգուշանալ կատաղություն հիվանդությունից

Խնդիրներ

Կատաղությունը վարակիչ հիվանդություն է:

Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) ու գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջերավորներ): Մարդու համար վարակի աղբյուր են հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Վարակի փոխանցման մեխանիզմն անձի անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու արդյունքում, թքոտում մաշկի ու արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման պարագայում): Հիվանդությունն արտահայտվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև մեկ տարի և ավելի:

Կատաղությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ, վայրի) կողմից տուժելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումներ ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու նպատակով: Պետք է պահպանել ընտանի կենդանիների խնամքի ու պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,  վայրի կենդանիներին մոտ չթողնել կենդանիների հոտին, գոմերին: Պետք է տնտեսությունը սպասարկող անասնաբույժներին անհապաղ հայտնել կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին: Հարկավոր է  չգնել և չխնամել շներ՝ առանց անասնաբույժի տեղեկանքի՝ կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ։

 

Աղբյուր՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն