Ֆաստ ֆուդն ու երեխաները.  մասնագետը ներկայացնում է հիվանդությունների ցանկը

Սնունդ

Թեև ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ հիվանդությունների 60 %-ի առաջացման պատճառ է հանդիսանում բոլորի կողմից սիրելի ֆաստ ֆուդը, սակայն այն ճաշացանկում բացառելը, թվում է, անհնար է:

Ֆաստ ֆուդը, որը թարգմանաբար բառացի նշանակում է արագ սնունդ, տարբեր կիսաֆաբրիկատներից և կարճ ժամանակահատվածում պատրաստվող ուտելիք է:  Հատկապես երեխաների դեպքում դրա վատ ազդեցությունը չափազանց մեծ է:  

Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ ֆաստ ֆուդ պատրաստելիս օգտագործում են մեծ քանակությամբ կասկածելի որակի ճարպեր, մասնավորապես՝ տրանսճարպաթթուներով հարուստ հիդրոգենացված յուղեր և աղ, ինչն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ: Խնդիրները սրվում են հատկապես զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց դեպքում:

«Ֆաստ ֆուդի հումքը կասկածելի է. արագ ստացվող մթերքն աճում և հասունանում է տարբեր հորմոնների ազդեցությամբ և քիմիական միջամտությամբ,-նշում է սննդաբանը,-բացի դրանից, քանի որ բնական հումքի համային հատկանիշները լավը չեն, ավելացնում են բազմաթիվ արհեստական արոմատիզատորներ: Իսկ  այդ արհեստական համերից, աղի և ճարպի մեծ քանակից հատկապես երեխաները դառնում են կախյալ»:

Փաստորեն, պարբերաբար ֆաստ ֆուդ ուտելով՝ երեխաների համային զգայարանները փոխվում են, ինչի արդյունքում նրանք մյուս սննդատեսակներից ցանկալի համ չեն ստանում, հետևաբար չեն հավանում այդ սնունդը:

Վարդանուշ Պետրոսյանը նշում է, որ նույնիսկ շաբաթական 2 անգամ ֆաստ ֆուդ օգտագործող երեխաների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մեծանում է 50-60 անգամ:

Չետք է մոռանալ նաև ամենատարածված խնդրի՝ ճարպակալման մասին. սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը կարծում է, որ այս պարագայում կա ֆաստ ֆուդին օգնող գործոն. «այդ կերակուրը հիմնականում մատուցվում է գազավորված, գունավոր ըմպելիքի հետ, որպեսզի ավելի հեշտ մարսվի  և ուտելու ավելի մեծ ցանկություն առաջանա: Սրանք միասին են նպաստում ճարպակալմանը, քանի որ սնունդը ճարպերի պաշար է, իսկ ըմպելիքը՝ շաքարի»:

Սննդաբանի խոսքով՝ արագ սննդի հետևանքով կարող Է մեծանալ  այլ հիվանդությունների առաջացման ռիսկը.

* երիկամային խնդիրներ

* աթերոսկլերոզ

* արյան մեջ լիպոպրոիդների մեծացում

* կարիես

* զարկերակային գերճնշում

* խոցեր և գաստրիտ

* լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ

 Սննդաբանները խորհուրդ են տալիս ծնողներին տուրք չտալ երեխայի կամքին ու հոգալով նրա առողջության մասին՝ բացառել նմանօրինակ սնունդը:


Հեղինակ՝ Գեղեցիկ Ոսկանյան