Ձուն՝ երեխայի կերակրացանկում․ ինչպե՞ս մատուցել, որքա՞ն և ինչի՞ հետ համակցել

Սնունդ

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ:   

Ինչպե՞ս ձուն ներառել երեխայի ռացիոնում և ի՞նչ տեսքով՝ խաշա՞ծ, ձվածեղի՞, թե՞ այլ կերակուրների։

Ձուն, որպես հավելյալ սնունդ, նախատեսված է ներառել երեխայի սննդացանկում 7-8 ամսականում: Սովորաբար սկսում ենք խաշած ձվի դեղնուցից: Չափաբաժինը պետք է լինի դեղնուցի 1/8-րդ մասից մինչև ¼-րդ մասը:  Ձուն փոքրիկին պետք է տալ լավ խաշած վիճակում: Խաշելուց առաջ հարկավոր է շատ լավ լվանալ այն հոսող ջրի տակ, խաշել մոտավորապես 10-15 րոպե, որպեսզի լինի բացարձակ անվտանգ: Դեղնուցը փոքր-ինչ ջրիկացնում ենք կաթով կամ կաթնախառնուրդով և տալիս: Կարելի է նաև մի քիչ կարագ ավելացնել, մաքուր դեղնուցը հենց առաջարկել կամ ավելացնել բրնձի, հնդկաձավարի շիլաներին, ապուրներին: Ցանկալի է առաջին երկու ամիսներին՝ 7-9 ամսականում միայն դեղնուցն առաջարկել, ապա փոքր քանակությամբ ավելացնել նաև սպիտակուց: 1 տարեկան երեխան կարող է ամբողջական ձուն ուտել խաշած վիճակում, այնուհետև՝ ձվածեղ: Ձվի հետ կապված շատ զգույշ է պետք լինել, ալերգիա կարող է առաջանալ հատկապես սպիտակուցի հանդեպ: Ներմուծում ենք սննդացանկ քիչ քանակով, համոզվում, որ ալերգիա չկա, հետո միայն ավելացնում չափաքանակը: 

Օրվա ո՞ր ժամերին է կարելի ձու տալ երեխային։ Օրվա ընթացքում քանի՞ հատ է կարելի։

Ցանկացած նոր սննդամթերք երեխայի կերակրացանկ ներմուծելու դեպքում այն տալիս ենք առավոտյան, որպեսզի երեխան ողջ օրվա ընթացքում լինի հսկողության տակ և կարողանանք գնահատել վիճակը, արդյո՞ք կա ալերգիկ ռեակցիա տվյալ սննդամթերքի հանդեպ, երեխան ունենու՞մ է փորացավ, գազեր: Ցանկալի է նոր սննդամթերքը ներմուծել օրվա առաջին կեսին: Իսկ երբ երեխան սովոր լինի այդ սննդամթերքին, 4-5 օր անցնի, կարելի է տեղափոխել օրվա երկրոդ կես: Երբ ձուն նոր ենք ներմուծում երեխայի սննդակարգ, ցանկալի է շաբաթվա ընթացքում երկու անգամ տալ, այնուհետ, կախված բալիկի նախասիրություններից, ավելացնել, նույնիսկ մեկ տարեկան երեխան կարող է օրը մեկ ձու ուտել: 

Ինչու՞ է ձուն անհրաժեշտ երեխային

Ձուն օգտակար է, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ և միներալներ: Հատկապես ձվի սպիտակուցն է պարունակում ամինաթթուների ամբողջ կոմպլեքսը, իսկ դեղնուցն ավելի շատ հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով: Ձուն ունի ցածր կալորիականություն, բայց բարձր սննդային արժեք: 

Ինչպե՞ս հասկանալ՝ ձուն թարմ է, թե ոչ։

Ձվի թարմությունը տնային պայմաններում ստուգելու համար կարելի է այն դնել ջրով լի բաժակի մեջ: Եթե ձուն նստում է բաժակի հատակին, ապա թարմ է, իսկ եթե վերև է բարձրանում, ապա ձվի թարմությունը կասկածելի է և օգտագործել պետք չէ: 

Ի՞նչ կերակուրներ կարելի է պատրաստել ձվով։

Երեխաների մի մասը չի սիրում ձուն հենց այդպես ուտել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում ձուն օգտագործել տարբեր բաղադրատոմսերի մեջ, որով կլրացվի պակասը: Մայրիկը կարող է պատրաստել թխվածքաբլիթներ, որոնք բալիկները շատ են սիրում: