Երեխաների մտածողությունը զարգացնող խաղ-վարժություններ

Ժամանց

Ինչպես ընկալումը, ուշադրությունը և հիշողությունը, այնպես էլ երեխայի մտածողությունն ունի զարգացման իր առանձնահատկությունները:

Կրտսեր դպրոցական տարիքում այն ​​կենտրոնական տեղ է զբաղեցնում հոգեկան գործընթացների համակարգում։ Շատ հաճախ դպրոցում առաջացող դժվարությունները կապված են լինում հենց մտավոր գործողությունների անբավարար զարգացման հետ։ Որպեսզի երեխան կարողանա մտածել և վերլուծել, անհրաժեշտ է նրա առջև անընդհատ նոր խնդիրներ դնել։ Առօրյայում դուք կարող եք որոշ հանձնարարություններ տալ փոքրիկին, նրա հետ քննարկում կազմակերպել ու դրանով նպաստել մտածողության զարգացմանը։

 

Վարժություն 1․ Երեխայի հետ խոսեք թվերի մասին: Առաջարկեք նրան դիտել շրջապատը և պատմել` օգտագործելով թվերը, օրինակ` ես տեսնում եմ 1 մարդ, 2 ծառ, 4 ծաղիկ, «Ճամփորդները» հեքիաթում երկուսն էին ճանապարհ ընկել և այլն:

Վարժություն 2․ Ուշադրություն դարձրեք մարդկանց, շինությունների, գործիքների, առարկաների ձևերի և բնության երևույթների միջև եղած նմանություններին, տարբերություններին, օրինաչափություններին: Միասին նկարեք կենդանիներ և գտեք օրինաչափությունները (1 գլուխ, 4 ոտք, 1 պոչ կամ 1 գլուխ, 2 ոտք):          

Վարժություն 3 Արի մտածենք, թե ինչ է անում անձրևը: Եկ պատմենք իրար՝ ինչ գիտենք գետերի մասին:

Վարժություն 4․ Միասին ծաղկամանում որևէ սերմ ցանեք և խնամեք: Հետևեք, թե ինչպես են աճում բույսերը, ինչ է լողում ջրի երեսին և այլն:

Վարժություն 5․ Սեղանին դրեք մրգեր և առաջարկեք երեխային տեսակավորել, գտնել շատն ու քիչը, ապա հավասարեցնել դրանք տարբեր եղանակներով: Փորձեք հիշել ձեր  իմացած բոլոր կարմիր մրգերը:

Վարժություն 6. Երեխային տվեք նույն չափի առարկաներ (մետաղադրամներ, լոբու հատիկներ կամ կոճակներ), տարբեր երկարություն ունեցող առարկաներ և ասեք՝ դասավորիր դրանք` ըստ չափերի: Օգնեք չափել այդ առարկաները ձեր տված մետաղադրամների կամ լոբիների միջոցով: Նայեք ձեր շուրջն ու ասեք՝ ո՞ր շենքն է ավելի մեծ, ո՞ր տունն ավելի շատ պատուհաններ ունի, ո՞ր վերնաշապիկի կոճակներն են ավելի քիչ:

Վարժություն 7․ Խնդրեք երեխային օգնել տնային գործերում: Ասեք, որ ուշադիր հիշի, թե որ իրը որտեղ է դրված: Օգնեք նրան դասավորել ճաշի սեղանը, առաջարկեք, որ օրինաչափություններ գտնի ընտանիքի անդամների թվի և դրված սպասքի միջև:

Վարժություն 8․Խնդրեք փոքրիկին, որ օգնի չափել տան մեջ եղած որևէ բան` սենյակը, սեղանը կամ էլ աճող բույսի երկարությունը, ճաշ եփելիս անհրաժեշտ բաղադրիչներից մեկը:

Վարժություն 9. Միասին զբոսնելիս, խանութ ու մանկապարտեզ գնալիս կամ տուն գնալու ճանապարհին կարդացեք խանութների ցուցանակներին և ցուցատախտակներին եղած թվերը:

Վարժություն 10 Ծանոթացրեք նրանց թղթադրամին և մասնակից դարձրեք խանութում կատարելիք առևտրին:

Վարժություն 11․ Գծեք երեխայի ոտքի թաթը թղթի վրա և առաջարկեք դրանով չափել տան իրերը` որպես միավոր ընդունելով իր ոտնաչափը: Նույնը կարելի է կատարել թիզով, ձեռքի ափով և այլն:

Վարժություն 12  Խաղեր կազմակերպեք լոբիներով, կոճակներով, որոնք ընթացքում կարելի է շարել թելի վրա կամ սոսնձել թղթին և սովորել թվերը:

Վարժություն 13.    Գունավոր թղթերից կտրտեք երկրաչափական պատկերներ և առաջարկեք երեխային կառուցել տուն, ճուտիկ, մարդ, ձնեմարդ և այլն: Առաջարկեք երեխային բնության մեջ գտնել երկրաչափական տարբեր ձևեր: Կամ ասեք մի երկրաչափական ձև, և թող փոքրիկը թվարկի նման պատկերների օրինակներ: Այսպես` գունդ (գնդակ, գլուխ, ձմերուկ…), երկար ու բարակ (օձ, պարան…):

Վարժություն 14.     Օգնեք երեխային նկարել օրվա տարբեր պահերը, բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, տեսնել լուսնի և արևի փոփոխությունները, կենդանիների վարքը և կապել եղանակի փոփոխությունների հետ:

Վարժություն 15.     Միասին օրացույց գծեք և առաջարկեք երեխային գույների միջոցով արտահայտել յուրաքանչյուր օրվա իր տրամադրությունը: Շաբաթվա վերջում բալիկը կարող է հաշվել, թե որ գույնից քանի հատ է: Խնդրեք երեխային ասել, թե ժամը քանիսն է: Դա շատ կարևոր հմտություն է:          

Վարժություն 16. Թաքցրեք որևէ առարկա (միրգ, կոնֆետ, խաղալիք), և թող երեխան գտնի այն հարցերի միջոցով:

 

 

Աղբյուրը՝ babycef.am