Թխսկան հավը դուրս էր բերել ճուտիկներին և չգիտեր ինչպես պահել նրանց։ Մի օր մտածում-մտածում է ու ասում ճուտիկներին․
- Նորից մտե՛ք ձվիկների կեղևների մեջ։ Ես կնստեմ ձեզ վրա առաջվա պես, այդպես կպաշտպանեմ։
Ճուտիկները հնազանդվում են և իսկույն փորձում մտնել պատյանների մեջ, բայց ոչ մի կերպ չեն կարողանում, միայն վնասում են իրենց թևերը։ Այդ պահին մի ճուտիկ առաջ է գալիս ու ասում մորը․
- Եթե մենք պետք է մնանք պատյանի մեջ, ավելի լավ կլիներ՝ երբեք էլ դուրս չհանեիր մեզ:
Առակը փոխանցում է երեք հիմնական գաղափար․
․ Երեխային տվեք ձեր ողջ ջերմությունն ու բարությունը, բայց մի՛ փորձեք անընդհատ պաշտպանել նրան իրական աշխարհից: Մենակ մնալով իր խնդիրների հետ՝ նա չի իմանա, թե որ ճանապարհով գնա և ինչպես ինքնուրույն քայլ կատարի:
․ Սովորե՛ք ժամանակին բաց թողնել երեխային, տալ ազատ ընտրության իրավունք, պետք չէ պարուրել նրան գերխնամքով:
․ Հիշե՛ք, որ ծնողների՝ բալիկին մոտ պահելու կպչուն ցանկությունը սխալ է ու ձևավորում է կախվածություն: