Ելակ․ ի՞նչ վիտամիններ է պարունակում և ո՞ր տարիքից է կարելի փոքրիկին մատուցել

Սնունդ

Հաճելի համ ու հոտ ունեցող ելակը պարունակում է շաքար, օրգանական թթուներ, կալցիում, յոդ, ֆոսֆոր, երկաթ, կալիում, նատրիում, կոբալտ։

100 գ ելակի կալորիականությունը կազմում է մոտավորապես 30-37 կկալ։ Վիտամինային բաղադրությամբ է այն հատկապես աչքի ընկնում։ 100 գ ելակը պարունակում է 0․03 մգ վիտամին A, 0.03 մգ վիտամին B1, 0.05 մգ B2, 0.3 մգ B3, 0.06 մգ B6, 20 մկգ B9, 0.8 մգ վիտամին E, 60 մգ վիտամին C, 4 մկգ վիտամին H: Ելակն ամրացնում է արյունատար անոթների պատերը և իմունային համակարգը, ունի ֆիզետին հակաօքսիդանտը, որը կանխում է ուղեղի բջիջների դեգեներացիան, խթանում մտավոր գործունեությունը և լավացնում հիշողությունը։ Տվյալ հատապտուղը կարող է կարգավորել քունն ու նյութափոխանակությունը,  ունի հակամանրէային ազդեցություն և հակաբորբոքային հատկություններ։ Հատապտուղն օգնում է մաքրել օրգանիզմը` հատկապես լյարդը թունավոր նյութերից, տոքսիններից։ Ցինկը, որը ստանում է  օրգանիզմը ելակից, բարելավում է եղունգների և մազերի վիճակը։

Ինչպես արդեն նկատեցիք, ելակը շատ օգտակար է աճող ու զարգացող օրգանիզմի համար, ուստի ծնողները շտապում են այն ներառել երեխաների ռացիոնում։ Բայց հիմնական վտանգը, որ կարող է թաքնվել ելակում, ալերգիայի բարձր ռիսկն է: Նրա ալերգեն լինելը պայմանավորվում է բաղադրիչ հիստամինով։ Հետևաբար, «ո՞ր տարիքից կարելի է երեխային ելակ տալ» հարցի պատասխանը կախված կլինի նրանից, թե որքանով է երեխան հակված ալերգիկ ռեակցիաներին: Մանկաբույժները նշում են, որ ելակը երեխայի սննդակարգում մեկ տարեկանից շուտ չի կարելի ընդգրկել: Հատապտուղն օգտագործելուց հետո  կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա, որը լինում է առաջնային (հատապտղի առաջին փորձարկումից որոշ ժամանակ անց) և երկրորդային (մեծ չափաբաժնով ելակ ուտելուց հետո): Ալերգիկ ռեակցիայի դրսևորումներից են լինում շուրթերի այտուցվածությունը, փռշտոցը, քորը, մաշկի ցանը կամ կարմրությունը, շնչառության դժվարացումը, շնչահեղձությունը, մարմնի բարձր ջերմաստիճանը, փորլուծությունը և փսխումը, ցնցումները ծանր դեպքերում։ Ալերգիկ ռեակցիայի ամենափոքր դրսևորման պարագայում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, քանի որ բժշկական օգնության բացակայության դեպքում կարող է զարգանալ անաֆիլակտիկ շոկ, որը լուրջ վտանգ է ներկայացնում կյանքի համար: Եթե ​​ալերգիկ դրսևորումներ են առաջանում, ապա ելակը պետք է բացառել երեխայի սննդակարգից։ Նույնիսկ եթե ալերգիա ունի այլ սննդատեսակների հանդեպ, պետք է հետաձգել ելակի հետ ծանոթությունը,  սպասել մինչև 3 կամ նույնիսկ 5 տարեկանը և հատկապես զգույշ լինել, երբ առաջին անգամ փորձի բալիկը: Երբ ելակի առաջարկվող չափաբաժինը գերազանցում են, երեխաները կարող են ունենալ տարօրինակ զգացողություն աղիներում, փքվածություն, սպաստիկ ցավեր։