Ինչպիսի՞ ճգնաժամ է ապրում 3-ամյա երեխան և ինչպե՞ս օգնել նրան

3-6տարեկան

Երեխայի նյարդային համակարգը շարունակաբար զարգանում է և երեք տարեկանին մոտ հերթական անգամ «բռնկվում» ու դառնում ճգնաժամի պատճառ։

Գալուստ Գյուլբենկյանի անվան N:190 ավագ դպրոցի հոգեբան Ասյա Անտոնյանի խոսքով՝ երեք տարեկանի ճգնաժամը մի փոքր բարդ իրադրություն է, քանի որ փոքրիկը վերածվում է անկանխատեսելի էակի, նրա մոտ մեծանում են անընդհատ ավելին ունենալու ցանկությունն ու «փնթփնթանությունը»: Բալիկը սկսում է այդքան էլ մեծ կարևորություն չտալ այն երևույթներին և առարկաներին, որոնք մի քանի ամիս առաջ անչափ էական էին իր համար:  «Երբ փոքրիկին շատ բան է հասանելի դառնում, նրան թվում է, որ ունակ է ավելիին և ինքնուրույնության ձգտելու մակարդակը հասնում է գագաթնակետին: Նա կարծում է՝ կարող է անել ցանկացած բան»,- ասում է հոգեբանն ու ավելացնում՝ այդպիսով առաջանում է այնպիսի գործողություններ կատարելու մղում, որոնք կարող են վտանգ պարունակել: Հենց այսպիսի պահերին են ծնողների ու երեխաների միջև սկիզբ առնում տարակարծություններ, և ծնողն անվերջ հորդորում է բալիկին զգույշ լինել:

 

Փորձենք հասկանալ՝ ինչու՞  է երեք տարեկան երեխան ձգտում առաջ տանել իր խոսքն ու անում ասվածի հակառակը:

Ասյա Անտոնյանի բացատրությամբ՝ երբ փոքրիկի մոտ ուղեղի կանխատեսման ֆունկցիան ավելի է զարգանում, նա սկսում է պատկերացնել ու գծագրել գործողությունների հերթականությունը: Օրինակ՝ եթե նա մայրիկին ասում է ինչ-որ տեղ գնան միասին, ապա իր գլխում ունի արդեն պատրաստի սցենար: Եվ եթե հանկարծ իրադարձությունների ընթացքը շեղվի իր կանխատեսածից, ապա ցայտուն կդառնան կամակոր դրսևորումները: «Բացի այդ, փոքրիկը պարզապես չի կարող ուրիշի դիրքից որևէ բան դիտարկել: Ծնողը կարող է ասել նրան, որ խաղալիքը փոխանցի երկրորդ բալիկին, բայց ապարդյուն: Երեխան երեք տարեկանում դժվար թե հասկանա այլ փոքրիկի հուզական վիճակն ու ցանկությունները: Նա ամեն ինչին նայում է միայն իր դիրքից»,- ասում է հոգեբանը: Ամենից հետաքրքրականն այն է, որ երեխան սկսում է կամակորություններ անել հատկապես այն մարդու ներկայությամբ, ում ամենից մոտն է ընդունում:

  

Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքեն ծնողները:

Մասնագետը նշում է, որ որքան էլ դժվար լինի, ծնողը պետք է ձգտի պահել հավասարակշռությունը: Մայրիկը միգուցե բարկանա փոքրիկի վրա, երբ նա խանութում լաց է լինում և ամեն ինչ ուզում: Խանութ գնալն անցնցում կազմակերպելու համար պետք չէ փոքրիկին ասել` «կոնկրետ չափի գումար ունեմ, որ նախատեսված է մի քանի ապրանքի համար»: Դա նրա համար անհասկանալի կլինի: Փոխարենը կարելի է իրավիճակը փրկել խաղի միջոցով: Հարկավոր է նախապես տանը կազմակերպել խանութ-խանութ խաղը: Կարելի է երեխային հանձնել սահմանափակ քանակով մետաղադրամներ, տալ և՛ գնորդի, և՛ վաճառողի դերը: Նա կգնի իր ուզած իրն ու կտեսնի` գումարը վերջացավ, իսկ ժամանակի հետ գումարի քիչ լինելն ավելի ճիշտ կհասկանա: Բալիկն ամենը կհասկանա սեփական օրինակով: Պետք է սկսել քչից, նրա առաջ դնել երկու կամ երեք իր և տալ ընտրության հնարավորություն: Անել տարրական այլ գործողություններ, հարցնել` ապու՞ր կուտես, թե՞ պյուրե: Այսպես բալիկն անձամբ կկատարի ընտրություն և պատասխանատվության փոքրիկ  բաժին կվերցնի իր վրա: 

 

Հիշեցում

«Երբ երեխան այս տարիքում ուզում է քանդել ինչ-որ բան ու հավաքել, դա բավականին կարևոր նյուանս է: Սա նույնիսկ հիմք է հետագայում ուսումնառության նկատմամբ հետաքրքրության դրսևորման համար: Անհրաժեշտ է նստել երեխայի հետ, խաղալ, բացել իրը և բացահայտել` ինչ կա ներսում: Առհասարակ, պետք է այս շրջանում շատ խաղալ բալիկի հետ, քանի որ խաղն այդ պահին երեխայի հոգեկանի զարգացման ամենաուժեղ շարժիչ ուժն է: 

 

Խորհուրդներ

Ընտանյոք հանդերձ տրամադրվե՛ք, որ բալիկը թափթփելու է իր շուրջը: Պետք չէ արդարանալ ուրիշների մոտ խառնաշփոթի համար, վերջիվերջո տանը երեխա է զարգանում: Կարելի է փոքրիկին սովորեցնել հավաքել խաղալիքներն իր ետևից և փորձել այդ հավաքման գործընթացին տալ խաղի տեսք: Աշխատե՛ք չծանրաբեռնել երեխային տարբեր բարդ ուսումնական խմբակներով, քանի որ նրա առաջատար գործունեությունն այս տարիքում խաղն է: 

Հնարավորինս դրական եղեք, ծիծաղեցրեք փոքրիկին ու սիրեք: Դա նրան թե՛ կակտիվացնի, թե՛ կսպառի կուտակված էներգիան: 

Հստակ արձանագրե՛ք, որ ճգնաժամը բացասական իրողություն չէ: 3 տարեկանի ճգնաժամի արդյունքում բալիկի մոտ առաջանում է կամքի ուժ, սեփական հաջողություններով հպարտանալու կարողություն և ինքնուրույնություն: 

Բոլոր ճգնաժամերի դեպքում մայրիկների հոգեվիճակն անասելի կարևոր է: Եթե բալիկը կամակորություն էլ է անում, դա չի նշանակում` լավ մայրիկ չեք կամ պետք է այլոց բացատրություն տաք: Ամեն ինչ ժամանակավոր է, սա էլ դաստիարակման պրոցես է: Հարկավոր չէ լինել իդեալական մայրիկ, քանզի այդ ձգտումները կբերեն  հուզական այրման: Երեխաները շատ նուրբ և զգայուն են, միանգամից զգում են մայրիկի տրամադրության անկումները: Կինը պետք է զրուցի ամուսնու հետ, կիսվի ընտանիքի անդամների հետ և հնարավորինս պարզ ներկայացնի իր պահանջմունքները, որպեսզի դրանք ադեկվատ լուծում ստանան: Հակառակ դեպքում արձագանք չի լինի: 

 

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան