Ի՞նչ անել ու չանել, որպեսզի երեխայի մոտ չձևավորվի սխալվելու վախ․ հոգեբանի խորհուրդները

3-6տարեկան

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը: 

«Գեղեցիկ չես գրել, տնային առաջադրանքի մեջ ճիշտ տարբերակը չես ընտրել, ասածս թերի ես կատարել, կարգին չէ»․․․ Ծնողները ժամանակ առ ժամանակ կարող են վրդովվել, որ երեխան սխալներ է անում, անուշադիր է, դիտողություն անեն և զայրանան: Իսկ մի՞թե պատեհ է նման դեպքերում բալիկի վրա բարկանալը: Օգնելու փոխարեն բացասական արձագանքը հակառակ ազդեցությունն է թողնում միայն: Մեծահասակների չ ափազանց մեծ պահանջները և ոչ դրական մոտեցումը երեխայի մոտ ձևավորում են սխալվելու վախ: Փոքրիկը ձգտում է ամեն կերպ չսխալվել՝ ծնողին գոհացնելու կամ նրա կողմից պատժի չարժանանալու համար:  Տվյալ երևույթը նրա մոտ արտահայտվում է որևէ գործողությունից առաջ կամ ընթացքում դրսևորվող բարձր լարվածությամբ, տագնապով, որի արդյունքում պրոցեսից ոչ թե հաճույք է ստանում, այլ ֆիքսվում է վերջնարդյունքի վրա: Մեծ լարվածության արդյունքում սխալվելու հավանականությունը ավելի է մեծանում, ինչից հետո էլ երեխայի մոտ վախն առավել ամրապնդվում է:  Սխալվելու վախը բալիկին հիմնականում ստիպում է խուսափել գործողություններից և ոչ թե հաղթահարել դրանք:

Ի՞նչ կարելի է անել: Նախևառաջ երեխային սովորեցնել հնարավոր է մեծահասակի օրինակով, երբ ծնողը վերահսկում է իր արձագանքը երեխայի սխալի հանդեպ, տալիս է նրան թևեր և աճելու հնարավորություն, մոտիվացիա: Օրինակ՝ փոքրիկն ինչ-որ բան է նկարել, որը թերի է ստացվել ու սպասում է մայրիկի կամ հայրիկի արձագանքին: Պետք չէ երեխային խաբել, եթե նկարը զարգացման կարիք ունի: Պարզապես պետք է առաջնայինը գնահատել նրա մեծ ցանկությունը, որից հետո արդեն առաջարկել միասին քննարկել՝ ինչպես կարելի է նկարն ավելի լավը դարձնել:

Ծնողը երեխային պետք է ցույց տա, որ ինքն էլ է սխալվում, անում հետևություններ և աշխատում իր բացթողումների վրա: Պրակտիկայում հաճախ հանդիպում ենք՝ «Ես մեծ եմ, ուրեմն ճիշտ եմ» ծնողական մոտեցմանը, որտեղ բալիկը միշտ սխալվող կողմն է լինում: Այդպես չի կարելի, երեխան ծնողից կսկսի հեռանալ: Երբ երեխային ծնողի ռեակցիան չի վախեցնում, ապա նա անձամբ է դիմում նրան ասելով՝ «օգնի՛ր ինձ», «սովորեցրու՛ ինձ»:  

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան