Ծիրան, ելակ, բալ․ ի՞նչ միրգ տալ փոքրիկին ամռանը և որո՞նք են դրանց օգտակար հատկությունները

3-6տարեկան

Ամառը վիտամինների պակասը լրացնելու ամենաբարենպաստ շրջանն է: Եթե ​մինչ այժմ դուք թույլ եք տվել ձեր երեխային ժամանակ առ ժամանակ խմել գազավորված ըմպելիք, ապա ժամանակն է այն փոխարինելու բալի կամ որևէ այլ մրգի թարմ քամած հյութով, չիպսերն ու շոկոլադե սալիկներն էլ՝ բանջարեղենային աղցանով:

Օգտագործեք թարմ հատապտուղներ, որոնք չեն սառեցվել: Հարկավոր չէ շաքար ավելացնել: Լավ կլինի, եթե երեխան զգա մրգի բնական համը և վայելի, եթե, իհարկե, որևէ ալերգիկ ռեակցիա չի դրսևորվում նրա մոտ: Դրանք կարելի է համադրել մածնի, կաթնաշոռի հետ և ստանալ յոգուրտ:

Հիմա ձեզ ծանոթացնենք մի քանիսի օգտակար հատկություններին․

 

Հաղարջ

Մասնակցում է իմունային համակարգի ամրապնդման գործընթացին, վիրուսային և բակտերիալ հիվանդությունների դեմ մղվող պայքարին: Հաղարջենու պտուղներում առկա է մեծ քանակությամբ վիտամին C: Հատապտուղը բարձրացնում է հեմոգլոբինը, օգնում պայքարել սակավարյունության դեմ, քանի որ վիտամին C-ի շնորհիվ երկաթն ավելի արագ է կլանվում և տարածվում: Այն կանոնավոր կերպով օգտագործելու պարագայում կարելի է մի կողմ թողնել ավիտամինոզին առնչվող խնդիրները: Բարձրացնում է նաև մարմնի տոնուսը, բալանսի բերում աղեստամոքսային տրակտի աշխատանքը: 

 

Ազնվամորի

Ազնվամորին կարելի է անվանել հիանալի հակասթրեսային միջոց: Այն պարունակում է բազմաթիվ հակաօքսիդիչներ, E և C վիտամիններ, կարոտինոիդներ, ֆլավոնոիդներ: Ազնվամորու ​​բաղադրիչներն օգնում են նվազեցնել օքսիդատիվ սթրեսը և պաշտպանել մարմնի բջիջները:

Մանրաթելը, պեկտինը բարելավում են մարսողական համակարգի աշխատանքը, նպաստում աղիներում օգտակար մանրէների զարգացմանը:

Հատապտուղը նպաստում է ախորժակի բացմանը, մագնեզիումը և կալիումն էլ անհրաժեշտ աջակցություն են տրամադրում սրտին ռիթմի խանգարումների, սրտամկանի թուլացման պարագայում: 

 

Ծիրան

  • Ծիրանում առկա կալցիումը մասնակցում է երեխայի կմախքային համակարգի զարգացմանը
  • Մագնեզիումը հավասարակշռում է նյութափոխանակության գործընթացները
  • Կալիումը սնուցում է սրտի մկանները
  • Երկաթը մասնակցում է արյունաստեղծման գործառույթին, արյունը հագեցնում թթվածնով, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը
  • Ֆոսֆորը խթանում է ուղեղի գործունեությունը, բարելավում հիշողությունը
  • Ծիրանի մեջ առկա B խմբի վիտամինները մասնակցում են երկաթի կլանմանը
  • Կարոտինը դրականորեն է ազդում մազերի, եղունգների, մաշկի վիճակի վրա
  • Մանրաթելն արդյունավետորեն պայքարում է փորկապության դեմ՝ ապահովելով մեղմ լուծողական ազդեցություն
  • Պեկտինը նպաստում է խոլեստերինի և թունավոր նյութերի դուրս բերման 

 

Ելակ

Ելակը հարուստ է A, B վիտամիններով, կալցիումով և կալիումով, յոդով, մագնեզիումով, այն ամենով, ինչի կարիքն ունի աճող օրգանիզմը: Այն բարելավում է տրամադրությունը, ուժեղացնում իմունային համակարգը, պահպանում սրտի առողջությունը:

Կարևորներից մեկն այն է, որ հատապտուղը պարունակում է հզոր հակաօքսիդիչներից մեկը՝ ֆիզետին: Հենց դա է կանխում ուղեղի բջիջների դեգեներացիան, խթանում մտավոր գործունեությունը և բարելավում հիշողությունը: Հրաշք հատապտուղը պարունակում է վիտամին C, որը քանակությամբ զիջում է միայն սև հաղարջին:

Ելակն օգնում է մարսողությանը, բարելավում աղիքային միկրոֆլորան: Դրա շնորհիվ մարմնից հանվում են տոքսինները, հաջող պայքար է մղվում աղիքային ինֆեկցիաների, երիկամային հիվանդությունների դեմ:

 

Բալ

Բալն օգնում է բարելավել նյութափոխանակությունը, նյարդային համակարգի աշխատանքը, աղեստամոքսային տրակտի, երիկամների աշխատանքը: Այն կարելի է համարել բնական անտիբիոտիկ․ կարմիր գույնը պայմանավորվում է անտոցիանինով, որը պրոֆիլակտիկ դեր է խաղում շատ հիվանդությունների կանխարգելման հարցում՝ պայքարելով ազատ ռադիկալների դեմ:

Բալը կարոտինի, միկրո և մակրոէլեմենտների աներևակայելի աղբյուր է, պարունակում է ցինկ, յոդ, ֆտոր, A, B, C վիտամիններ: Թուլացնող ազդեցություն է գործում և օգնում հեռացնել վնասակար նյութերն օրգանիզմից:

 

Հո՛գ տարե՛ք փոքրիկների առողջության մասին, հետևե՛ք սննդի ընդումանն ու միրգը ոչ թե աղանդեր համարեք, այլ սննդակարգի կարևոր բաղադրիչ: Դուք կարող եք օրերից մի օր երեխայի մոտ նկատել թուլություն, հիշողության վատացում, անկումային տրամադրություն, և չկռահեք՝ դա ինչ-որ տեղ կապ ունի երկար ժամանակ ճիշտ սնունդ չընդունելու հետ: Այո՛, այդպես կարող է պատահել, երբ մենք չունենք վիտամիններ, ֆիզիկապես ակտիվ չենք կամ էլ հոգեպես լարված ենք: Անհրաժեշտ է օրգանիզմն ապահովել բազմազան օգտակար մրգերով և ուտելիքներով, գոնե առավոտյան մարմնամարզությամբ զբաղվել և հոգու հանգստության մասին չմոռանալ: Հակառակ պարագայում երեխան մարմնապես այնպես կարող է հիվանդանալ, որ տևական  ժամանակ պահանջվի օրգանզմի վերականգնման համար: Եվ, իհարկե, ամռան ընթացքում կազմակերպեք երեխայի հանգիստը թարմ միջավայրում: Օրինակ՝ անտառի մաքուր օդը կտա ուժ և էներգիա: Եթե այդ հնարավորությունը չկա, գոնե հաճախ դուրս եկեք մոտակա այգի և զբոսնեք մի քանի ժամ: