Ամառն ու երեխաները․ անվտանգության հինգ կարևոր կանոն

3-6տարեկան

Երեխաները, ամռանը մի կողմ դնելով դպրոցական պայուսակն ու տետրերը, շտապում են փողոց՝  հեծանիվ վարելու, վազելու, խաղալու, գնում են ճամբարներ կամ էլ մեկնում արշավի: Սա իդեալական կարող է հնչել, քանի որ փոքրիկները երջանիկ են, շփվում են ընկերների հետ, ծնողներն էլ ժամանակ ունեն իրենց գործերն անելու համար: Այնուամենայնիվ, մեծահասակները չպետք է մոռանան՝ ամռան ամիսները պահանջում են ուշադրություն: Պայծառ արև, միջատներ, կեղտոտ ձեռքեր, փչացող սնունդ. այս ամենը միանշանակ կարող է վնասել: Այդ դեպքում ինչպե՞ս պաշտպանել երեխային հանգստի անցանկալի հետևանքներից: 

Ահա՛ մի քանի կանոն․

✓ Արևառատ օրերին պետք է շատ ջուր խմել: Քաղցր ըմպելիքները միայն ուժեղացնում են ծարավի զգացողությունը, այնպես որ փորձեք երեխային սովորեցնել սովորական ջուր խմել առանց գազի, շաքարի և հավելյալ համերի: Թող երեխան ունենա իր ուսապարկը և դրա մեջ պարտադիր մեկ շիշ ջուր, որն անընդմեջ կթարմացնի: 

✓ Բացատրեք երեխային, որ առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 17:00-ն ընկած ժամանակահատվածը արեգակի «գործունեության» շրջանն է: Աշխատեք այնպես անել, որ այդ ընթացքում բալիկն արևի ուղիղ ճառագայթների տակ չհայտնվի, շրջի ստվերոտ վայրերում և կրի ազատ հագուստ, արևային ակնոց: Արժե հնարավորինս շուտ ներկայացնել նրան արևապաշտպանիչ միջոցների կարևորության մասին: 

✓ Բնության գիրկ գնալիս երեխան պետք է անպայման գլխարկ վերցնի իր հետ: Դա նրա գլուխը կպաշտպանի մանր միջատներից, որոնք կարող են ընկնել մազերի մեջ ու աննկատ կպչել գլխամաշկին: Ուսապարկի առաջին օգնության արկղիկի մեջ դրեք խայթոցների բուժման համար կիրառվող միջոցներ, ուղևորությունից հետո ստուգեք երեխայի մարմինը, զգուշորեն զննեք: Ավելորդ չի լինի վերցնել նաև հակաալերգիկ դեղեր, վերջիվերջո խայթոցները ոչ միայն ցավոտ են, այլև կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Ասեք երեխային, թե ինչու հարկավոր չէ ձեռքերը թափ տալ կամ կտրուկ շարժումներ անել, եթե շուրջդ միջատ է թռչում կամ հագուստիդ վրա է: Վտանգավոր միջատներից պաշտպանվելու համար կարելի է ընտրել վանող հոտավետ միջոցներ, ոչ մի դեպքում քաղցր բույրեր չցանել: 

✓ Հիշեցրեք երեխային անպայման լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, գրպանում պահել թաց անձեռոցիկ ու հետևել ուտելիքներին, դրանք երկար չպահել սենյակային ջերմաստիճանում:  

✓ Եթե երեխայի հետ խաղահրապարակ եք գնացել, համոզվեք՝ ճոճանակն ամուր է, նստատեղը հարթ է, բատուտն անվտանգ է: Երբ փոքր երեխան ցատկում է բատուտի վրա, մեծահասակը պետք է լինի մոտակայքում և թույլ չտա՝ շատ երեխաներ միաժամանակ ցատկեն դրա վրա: Պետք է նաև բացատրել երեխային, որ արևի տակ խաղային կառուցվածքների մետաղական մասերը շատ արագ տաքանում են, ուստի նախքան սահելը հարկավոր է համոզվել, որ դրանք տաք չեն: