Կարելի՞ է պատժել երեխային, թե՞ ոչ և ինչպե՞ս․ հոգեբանի դիտարկումները

3-6տարեկան

Ներկայացնում է  Գալուստ Գյուլբենկյանի անվան N:190 ավագ դպրոցի հոգեբան Ասյա Անտոնյանը 

Երեխան բակից վերադառնում է տուն և ասում՝ «այսօր տնային առաջադրանքներս կատարել չեմ ուզում»: 

Ինչպե՞ս պետք է արձագանքի մայրիկը: Բարկանա՞, ստիպի երեխային բացել տետրերն ու շուտափույթ անցնել հանձնարարությունների կատարմա՞նը, միանգամից արգելի նրան դուրս գալ և խաղալ մյուս երեխաների հետ որպես պատի՞ժ: Մեկ րոպե կանգ առնենք և մտածենք, այլ հնարամիտ տարբերակ հաստատ կարող ենք գտնել: 

Ի՞նչ կասեք, եթե փակենք գրքերը, դնենք պայուսակում և նշենք` «բարի, այսօր չենք անի, բայց վաղը գնալու ես դպրոց՝ անկախ ամենից»: Բնականաբար, այսքանով չենք սահմանափակվի: Հաջորդիվ ցանկալի է կապ հաստատել դասղեկի կամ տվյալ առարկայի ուսուցչի հետ, տեղեկացնել՝ «փոքրիկ փորձարկում ենք անցկացնում, կխնդրեմ վաղը հարց տալ երեխային, ու եթե նա չկարողանա պատասխանել, ցույց տվեք նրան իր ուժեղ կողմերը, հիշեցրե՛ք՝  նա կարող էր»: Հաջորդ օրը, երբ փոքրիկը գա դպրոցից, մենք ենք հարցադրումներ անում՝ «դպրոց գնացել էիր առանց դասը սովորելու, ի՞նչ զգացիր», «երբ քեզ հարցրին, ու դու չկարողացար պատասխանել, ամաչեցի՞ր»: Այսպես կօգնենք նրան իրավիճակին նայել այլ տեսանկյունից, վերլուծել և ապրել տարաբնույթ հույզեր, ինքնուրույն միջոցներ գործարկել՝ սովորելու նախորդ ու հաջորդ դասերը:  

Չմոռանանք, որ փոքրիկները՝ հատկապես նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի, հստակ չեն պատկերացնում՝ ինչն է կարևոր, ինչը՝ ոչ: Հետևաբար, ծնողների առաքելությունն է ցույց տալ բալիկին երևույթների բոլոր կողմերը, պատճառահետևանքային կապերն ու արդյունքները, իսկ պատիժը թողնել միայն վերջում:  

 

Ինչի՞ց եք սկսում 

Նախապես հասկանալի և պարզ բառապաշարով, հեքիաթին բնորոշ էլեմենտների միջոցով պատմում եք երեխային, թե ինչն է ընտանիքում առաջնային, որոնք են ձեր տանը և դրսում գործող կանոնները:  Կարող եք նկարել, գրել և  կետերով առանձնացնել՝ ավելի պատկերավոր դարձնելու համար: Օրինակ՝ չի կարելի ծաղրել, դասը խանգարել, պատուհանին նստել: Սա ավարտելուց հետո փոքրիկի հետ պայմանավորվում եք, որ նա չի խախտելու կանոնները, և հետևողական եք գտնվում դրանց պահպանմանը:

 

Խախտու՞մ

Հավանական է, որ կանոնները լսելուց հետո որոշ ժամանակ անց երեխայի մտքով անցնի՝ «իսկ ի՞նչ կլինի իրականում, եթե չանեմ»: Բալիկի կողմից կատարված առաջին խախտումն արձանագրելուց հետո ծնողը պետք է «որսա» պահը, երբ երեխան հուզական հավասարակշիռ վիճակում է և զրուցի նրա հետ այնպես, որ փոքրիկի մոտ բաց հարցեր չմնան: Հարկավոր է ցույց տալ էմոցիաներն ու անվանել դրանք: Օրինակ՝ «ես շատ վախեցա և անհանգստացա, երբ դու ձեռքս բաց թողեցիր ու անցար փողոցը»: Արտահայտվող ժեստերը և դիմախաղը պետք է համապատասխանեն հնչող խոսքերի բովանդակությանը, որպեսզի երեխան հավատա՝ անկեղծ եք: 

 

Մոտենում ենք երրորդ՝ պատժի փուլին  

Եթե մինչ այս կատարված գործողությունները հաջողություն չեն ունենում, և երեխան շարունակում է խախտումների շարքը, ապա հարկ է դիմել պատժի օգնությանը: Ենթադրենք՝ պլանավորել էիք միասին որևէ տեղ գնալ․ այս պարագայում հետաձգեք այն կամ չեղարկեք, քանի որ երեխան պայմանավորվածությունը չի պահել:

Առհասարակ, պատիժ սահմանելիս պետք է առավելագույնս պահպանել հարգանքը երեխայի նկատմամբ ու չդիմել անձնային վիրավորանքների, հասկանալ՝ որքանով են ձեր պահանջներն իրատեսական և բալիկի խառնվածքին համապատասխան: Երեխան, որին ծնողը վիրավորում է, սկսում է քայլ առ քայլ հեռանալ ու փակվել իր մեջ: Եթե ծնողը փոքրիկի հանդեպ լինում է հարգալից, ապա ոչ միայն ստանում է դա փոխադարձության սկզբունքով, այլև բալիկը սովորում է՝ իրեն պիտի հարգեն միշտ և ամենուրեք: 

Կիրառվող պատժատեսակներից միանգամայն մերժելին բռնությունն է: Բռնությանը «ծանոթանալուց» հետո երեխայի համար կարող է սովորական դառնալ նվաստացուցիչ իրավիճակներում հայտնվելը: Բայց մենք չենք ցանկանում, չէ՞, որ փոքրիկն այդպիսին դառնա:

Անհրաժեշտ է զերծ մնալ նաև անարադարացի պատիժներից: Արդար չէ, օրինակ, երբ ծնողը բարկանում է աշխատանքի վայրում, բայց իր զայրույթը թափում է տանը  երեխայի վրա:  Վերջինիս մոտ ձևավորվում է գնահատական, որ անարդարացի վարվեցին իր հետ: Այսպիսի դեպքերի արդյունքում տարիներ հետո ունենում ենք ագրեսիվ մեծահասակ կամ մարդ, որն իրեն զգում է անկարող և անօգնական: Առաջինը փորձում է լինել չափից ավելի ագրեսիվ, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն: Երկրորդն էլ սկսում է կարծել, որ ինքը ոչինչ չի կարող փոխել և հուսալքվում է: