Փոքրիկի ինքնագնահատականի ձևավորումը․ ի՞նչ դեր ունեն ծնողները

3-6տարեկան

Երեխան ունի գիտելիքներ, սակայն չի կարողանում արտահայտել, նրա մոտ չի ստացվում շփումներ հաստատելը, մտածում է՝ իր ուժերից վեր է․ այսպիսի խնդիրներն ուղիղ կապ ունեն բալիկի ինքնագնահատականի հետ։

«Ինքնագնահատականի կազմավորումը սկսվում է ծննդյան պահից և ընթանում մինչև 14 տարեկանը։ Հիմքը դրվում է մանուկ հասակում ծնողների միջոցով, իսկ դպրոցական տարիների ընթացքում փոփոխվում է՝ տարբեր գործոնների ազդեցությամբ։ Այդտեղ նշանակալի բաղադրիչներ են բալիկի ինքնավստահությունն առաջին քայլերում և ինքնուրույնության դրսևորումը կազմակերպվող խաղերում»,- ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանը։ Մասնագետն ընդգծում է, որ ծնողները պետք է թույլ տան երեխային զգալ իրեն անկախ, լինել պատրաստ պատասխանատվություն կրելուն։ Եթե որևէ բան չի ստացվում, ծնողը պետք է աջակցի նրան և գիտակցության մեջ ներմուծի հատուկ կոդավորում՝ «Քեզ մոտ անպայման կստացվի։ Եթե անգամ դժվար է, ջանքեր գործադրիր և կհաջողես»։ Գիտակից ծնողավարության շնորհիվ բալիկի մոտ ժամանակի հետ կձևավորվի ադեկվատ ինքնագնահատական։

 

Ինքնագնահատականի տեսակները

Առանձնացնում ենք ինքնագնահատականի երեք տեսակ՝ ադեկվատ, բարձր և ցածր։ Ադեկվատ ինքնագնահատական ունեցող բալիկը կարողանում է ճշտորեն գնահատել իր հնարավորությունները, հեշտորեն մտնում է շփման մեջ  և կառավարում վարքը։ Չի վախենում նոր երևույթներից,  ունակ է խնդիրներն ինքնուրույն լուծել,  չհաջողելու պարագայում փորձում է կրկին, գտնում սեփական սխալներն ու ձգտում ուղղել։

Բարձր ինքնագնահատական ունեցող երեխայի մոտ սեփական «ես»-ը գերագնահատվում է։ Դա արտահայտվում է էգոցենտրիզմով։ Բալիկը շատ է սիրում, երբ ուշադրության կենտրոնում է, ամեն ինչ կարող է անել, որ իրեն շրջապատող մարդիկ աչք չկտրեն իրենից։ Այդպիսի փոքրիկները դժվար են ընկալում քննադատությունները և դիտողությունները, դրսևորում են ագրեսիա հասակակիցների նկատմամբ։

Ցածր ինքնագնահատական ունեցող երեխաների մոտ բարձր է տագնապայնությունը, նրանք անինքնավստահ են սեփական ուժերի հանդեպ։ Ամաչկոտ են, դժվարությամբ են հաստատում շփում, շրջապատի հետ այդքան էլ վստահելի հարաբերությունների մեջ չեն, նեղացկոտ են, ունենում են տրամադրության կտրուկ անկումներ։ 

 

«Համեմատել կարելի՞ է» հարցի պատասխանը մեկն է

Երբեմն այգում զբոսնելիս կարող ենք նկատել՝ ինչպես է ծնողը բոլորի ներկայությամբ հանդիմանում երեխային և նշում՝ «նայի՛ր, Արամն ավելի լավ է սահում, քան դու» կամ «ի տարբերություն քեզ՝  նա չի թրջում իր տակը, ամոթ քեզ»։ Նման բառերն են հենց ապահովում երեխայի ցածր ինքնագնահատականը, և կապ չունի՝ կասեն ծնողները, թե այլ մարդիկ։ Դրանից հետո երեխան կարող է տեսնել, ըստ իրեն, ավելի գեղեցիկ, ավելի հաջողակ մեկին և ներքուստ  դժգոհել իրենից։ Հետևաբար ծնողը պետք է ձգտի ապահովել երեխայի ներդաշնակ զարգացումը և ընդունել՝ երեխան յուրօրինակ է իր արտաքինով, բնավորությամբ ու շարժուձևով, դրսևորի նրա նկատմամբ միայն սեր և հարգանք։ Ծնողի առաջնահերթ առաքելությունն է սովորեցնել բալիկին նկատել այն դրական երևույթները, որոնք նրան շրջապատում են։ Օրինակ՝ կարող է հարցնել՝ «կնշե՞ս կետեր, որոնք առնչվում են օրվադ հետ և ուրախացնում քեզ»։

Հայրիկն ու մայրիկը պետք է դադարեն երեխաների վրա բարկանալ, գործածել արտահայտություններ, որոնք նրանց սահմանափակում են։  Օրինակ՝ «դու մեղավոր ես», «քեզ միշտ վատ ես պահում», «հիմարն ես», «ձախողում ես»։ Հարկավոր չէ պահանջել բալիկից ավելին, քան նա կարող է կամ ցանկանում է։ Պարտադիր չէ՝ հինգ տարեկան փոքրիկը շատ լավ լուծի մաթեմատիկական խնդիրներ, երեք տարեկանն ամբողջովին տիրապետի գույներին, խաղային հմտություններին։ Նա պետք է իմանա այն, ինչը նրան կօգնի զարգանալ տվյալ տարիքային փուլում։

Անհրաժեշտ է նաև երեխաներին սովորեցնել մանկուց պատասխանել «ոչ»։ Ժամանակ առ ժամանակ մարդկանց «ոչ» ասելը նորմալ է, ու միշտ չէ, որ պետք է համաձայնել բոլորի հետ։ Հարկավոր է ունենալ սեփական տեսակետ։ 

 

Հասկանանք, թե ինչ վիճակում է փոքրիկի ինքնագնահատականը

Մեթոդ ընտրելիս դիտարկում ենք երեխայի վարքը և հույզերը, արդյո՞ք նա հասնում է հաջողության խաղային գործընթացում, որոշ իրավիճակներում, պարտության դեպքում ինչպիսի՞ պահվածք է արտահայտում, ի՞նչ է ցույց տալիս։ Կարող ենք խնդրել երեխային նկարել աստիճան և ասել՝ աստիճանի որ հատվածում է պատկերացնում իրեն, ինչ է զգում, ինչպիսի ապրումներ է ունենում, երբ իր մոտ ոչինչ չի ստացվում։