Ծնողներն ամեն ինչ անում են երեխայի փոխարեն․ հոգատարությու՞ ն, թե՞ գերխնամք՝ իր վատ հետևանքներով

3-6տարեկան

Երբեմն ընտանիքի անդամները չափից ավելի ուշադրություն են դարձնում երեխայի յուրաքանչյուր քայլին․ հանկարծ չընկնի, չմրսի, մեկ վայրկյան ուշ տուն չմտնի, անում են նրա փոխարեն ամեն ինչ և մտածում՝ տվյալ իրավիճակներն իրենց սիրո դրսևորումներն են։

Կարելի՞ է կոչել սա առողջ հոգատարություն, թե՞ գերխնամք է։ Ըստ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի՝ ցանկացած երևույթի գերադրական աստիճանն արդեն իսկ խոսում է ծայրահեղության մասին։ Գերխնամքին բնորոշ արտահայտություններն են՝ «վայ», «կարող է», «բա որ», «բայց․․․» և բազում «Չ»-եր,  որոնք ընկած են տագնապի հիմքում։  

 

Գերխնամքն իրականացվում է, որովհետև․․․    

«Գերխնամք իրականացնող ծնողն իրականում բավարարում է իր պահանջմունքը, որի արդյունքում «կլինի հանգիստ»։ Հիմնականում երկու բացատրություն կա սրան։ Առաջինն այն է, որ ծնողը ստացել է գերխնամք մեծահասակից, որի հետ ապրել է և հիմա նույնը կիրառում է իր իսկ բալիկի դեպքում։ Երկրորդը՝ ծնողի մոտ առկա են մանկական տրավմաներ ու սպասումներ, որոնք ի կատար չեն ածվել, և նա փորձում է լինել «իդեալական մայր կամ հայր»՝ բավարարելով իր բազային պահանջմունքը»,-մանրամասնում է մասնագետը։

Լինում է՝ ծնողի մոտ գործում է այնպիսի պաշտպանական մեխանիզմ, ինչպիսին «ձուլումն» է։ Երեխան չի ունենում իր անձնական տարածքը, ներընտանեկան խնդիրների դեպքում դառնում է «միջոց»՝  մյուսին պատժելու կամ ինչ-որ բան ապացուցելու համար։ Անհրաժեշտ է կատարել հոգեբանական աշխատանք ծնողի հետ, որպեսզի վերջինս չշարունակի իր հոգեբանական խնդիրները լուծել փոքրիկի միջոցով։

  

Բացասական հետևանքները շատ են  

Գերխնամքը, նախ, սահմանափակում է։ Ծնողը երեխային դնում է «քառակուսու մեջ»՝ չթողնելով ինքնուրույն մտածել։ Բալիկին սովորեցնում է փախչել այն ամենից, ինչն իր  կարծիքով վտանգավոր է և սխալ։ Չի փոխանցում «անհրաժեշտ գործիքները»՝ ելքեր փնտրելու, սխալվելու, զարգանալու։ Մեծացնում է երեխա, որը կյանքի փոփոխություններին պատրաստ չէ, քանի որ չի կարողանում դուրս գալ իր հարմարավետ «քառակուսուց»։  

Գերխնամքին սովոր երեխան պահանջում է շարունակություն, սպասում է նույն վերաբերմունքը մյուսներից։ Այս պարագայում պետք է մեծահասակի սպասումները վերադարձնել իրեն, ավարտել  ծնող-երեխա սեպարացիան՝ անջատումը, որը գերխնամքի պատճառով տեղի չի ունեցել։ Առնվազն պետք է ասելիքն այլ կերպ ձևակերպել։ Օրինակ՝ «դուրս չգաս, ցուրտ է» ոչ կառուցողական մտքի փոխարեն օգտագործում ենք «դրսում ցուրտ է, հագուստ վերցրու քեզ հետ, երբ մրսես, հագիր»։ Առաջինի դեպքում արգելում ենք կատարել գործողությունը, երկրորդի դեպքում՝ ուղղորդում։ Այդտեղ պարտադրանք չկա, այլ միայն խնամք։ Ամենևին պետք չէ խնամքի հարցում ապացուցել «լավ, ճիշտ ծնող» լինելը։ Հարկավոր է զգալ բալիկին, հասկանալ ու ճանաչել, լինել թեկուզ բացթողումներով, սակայն «երջանիկ» ծնող և ունենալ ինքնուրույն երեխա։