Փոքրիկի կոկորդը ցավում է. ի՞նչ չի կարելի անել

3-6տարեկան

Երբ փոքրիկի կոկորդը ցավում է, որոշները փորձում են համացանցից գտած  բաղադրատոմսերի և մեթոդների օգնությամբ մեղմել ցավը, կանխել հիվանդության սրումն առաջին իսկ ախտանշանների դեպքում:

Բայց անհրաժեշտ է իմանալ, որ այդ մեթոդներից շատերը ոչ թե օգնում են, այլ ընդհակառակը՝ վնասում: Քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանը նշում է՝ եթե փոքրիկի կոկորդացավի ժամանակ խորհուրդ են տալիս օգտագործել կիտրոն, նարինջ, ապա դա անել պետք չէ: Պարզապես ցիտրուսների օգտագործումն այդ պահին կարող է բերել հազի և շնչահեղձության: Բացի այդ, գտնվում են մարդիկ, որ ասում են՝ պատրաստեք երիցուկի, եղեսպակի կամ վաղինակի թուրմ ու տվեք երեխային: Հարկավոր է իմանալ, որ մինչև 6 տարեկան երեխաներին նման պատրաստուկները չեն թույլատրվում:

Մասնագետի ընդգծմամբ՝  համացանցում տեղ գտնող այն խորհուրդները, թե կոկորդացավի ժամանակ պետք է երեխայի վիզը փաթաթել շարֆով, ձեռնոց հագցնել կամ վզի հատվածում կոմպրես դնել, միանշանակ սխալ են: Կոկորդի ցավն առաջանում է օրգանիզմի սառեցումից, և առհասարակ հարկավոր է շեշտը դնել երեխաների կոփման, քան տաք փաթաթելու ու այդպես նրանց տանջելու վրա:

Մեկ բան ևս․ եթե որևէ տեղ ընթերցեք, որ բալիկի մոտ բարձր ջերմության, կոկորդի ուժեղ ցավի առկայության դեպքում օգտակար կլինի վզամասին յոդով ճաղվանդակներ նկարելը (յոդի կլետկա), ապա չշտապեք իրագործել: Իրականում յոդով ճաղավանդակներ անելը կվնասի փոքրիկի մաշկը: