Ինտրովերտ, էքստրավերտ և ամբիվերտ․ ինչպե՞ս հասկանալ՝ հոգեբանական որ տեսակին է պատկանում երեխան

3-6տարեկան

Փոքրիկներն անկաշկանդ շփվում են հասակակիցների հետ, զրուցում և ուշագրավ պատմություններ ներկայացնում, կազմակերպում համատեղ խաղեր, ծիծաղում ու վազվզում, հայտնվում զվարճալի իրավիճակներում։

Մեծամասնության պատկերացմամբ՝ մանկությունը պետք է լինի հենց այսպիսին, բայց կան երեխաներ, որոնք, պարզվում է,  շփման սիրահարներ չեն ու առանձնացնում են հիմնական խմբից։ Նրանք ավելի հարմարավետ են զգում իրենց անջատ աշխարհում ու խնդիր դրանում ամենևին չեն տեսնում։ Այնինչ մեծահասակները, հասկանալով հաղորդակցության կարևորությունը, անհանգստանում են և տագնապում։ «Բնականաբար, շփման միջոցով ակտիվորեն զարգանում են անձնական որակները, սակայն երեխային անընդհատ ասել, որ չի խոսում, ճիշտ չէ։ Տվյալ ձևով  բալիկին ճնշելը առավել կբարդույթավորի նրան, առանց այդ էլ նա հասկանում է՝ շատ մարդիկ իրեն դուր չեն գալիս, շատերի հետ շփվել չի ցանկանում, մնացածների հետ էլ պարզապես չի ստացվում խոսակցության ընդհանուր թեմա գտնել։ Ուստի առաջնահերթ է, որ ծնողն իմանա՝ ինչ է նշանակում ինտրովերտ լինել, ճանաչել ինտրովերտ երեխաների հատկանիշները»,- ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մելինե Խաչատրյանը։ Ըստ նրա՝ ինտրովերտ երեխայի նախասիրությունները կարող են լիովին տարբերվել ծնողի հետաքրքրություններից, սակայն դա դեռ չի նշանակում՝ բալիկի հետ ինչ-որ բան այն չէ։

Ընդհանրապես, ինտրովերտ են անվանում մարդկանց, որոնք հետաքրքրված են իրենց ներաշխարհի բացահայտմամբ, կենտրոնանանում են դրա վրա և ոչ թե շրջապատի։ Ինտրովերտներն այնքան էլ շփվող չեն, բայց, միևնույն ժամանակ, բավականին հաճելի զրուցակիցներ են դառնում, եթե շոշափվում է նրանց հետաքրքրող թեման։ Ինտրովերտ երեխաները հանգիստ են և հավասարակշռված, չեն սիրում բազմաֆունկցիոնալ աշխատանք ու ծանրաբեռնվածություն, ընկերներ են համարում նրանց, որոնց հետ սերտ, վստահելի հարաբերություններ են հաստատել։ Սիրում են ժամանակ անցկացնել միայնակ կամ խիստ մտերիմ և հարազատ մարդկանց հետ։ Այս փոքրիկները մտածում են, հետո միայն խոսում, նախընտրում են ընկերների նեղ շրջանակ, և սա սոցիալականացման հետ որևէ կապ չունի, այն ուղղակի անհատական մոտեցում է։ Նման պարագայում փոքրիկին ստիպելն՝ ավելի շատ հաղորդակցվի կամ ժամանակ անցկացնի հասակակիցների հետ,  նրան ավելի շփվող չի դարձնի, ընդհակառակը՝ կստիպի դառնալ դյուրագրգիռ։ «Ինտրովերտների հակառակ կողմում  էքստրավերտներն են։ Էքստրավերտ երեխաները ցանկանում են ուշադրության կենտրոնում գտնվել, չեն սիրում միապաղաղություն, հեշտությամբ են շփվում անծանոթ բալիկների և մեծերի հետ, հետաքրքրասեր են, արագորեն կարողանում են ընդգրկվել նոր աշխատանքում, ավելի շատ սիրում են խոսել, քան լսել զրուցակցին»,- շարունակում է մասնագետը և ընդգծում՝ գոյություն ունի նաև ամբիվերտ հասկացությունը, որը միջին գիծ է հանգիստ ինտրովերտի ու հիպերակտիվ էքստրավերտի միջև: Կախված կոնկրետ իրավիճակից՝ ամբիվերտը կարող է իրեն պահել և՛ ինտրովերտի, և՛ էքստրավերտի պես:

Հոգեբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  հաճախ լսում ենք ծնողներից՝ «երեխան առաջ այսպիսին չէր, աշխույժ էր, շատախոս, հիմա է միայն փոխվել»։ Վարքի փոփոխման պատճառները տարբեր են, մերթ ընդ մերթ էլ՝ տեխնոլոգիաները: Անկասկած կան երեխաներ, որոնց համար ինտերնետային խաղերը պատնեշ են իրականության ու ներաշխարհի միջև։ Նրանք փակվում են խաղերի և հավելվածների մեջ, կառուցում սեփական վիրտուալ աշխարհը։ Նմանօրինակ դեպքերում երեխային ստիպողաբար հեռացնելը համակարգչային սենյակից կամ արգելելը լավագույն տարբերակը չէ։ Պետք է համակարգչային խաղերին փոխարինող խաղ կամ խաղալիք առաջարկել բալիկին, որը կշեղի ուշադրությունը։ Միայն առաջարկելն ու երեխային խաղի հետ միայնակ թողնելն էլ հարցի լուծում չէ։ Անհրաժեշտ է խաղալ փոքրիկի հետ, բացատրել և սովորեցնել կանոնները։

Ընդհանրապես, ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխաների հետաքրքրությունների շրջանակին, փոքրիկի համար լինեն վստահելի ընկեր և զրուցակից, երբեք չանտեսեն փոքրիկի կողմից տրվող հարցերը, հնարավորինս նպաստեն երեխայի ինքնուրույնությանը: Սոցիալականացում ասվածը ձևավորվում է նախ ընտանիքում ու նկատելով, թե ծնողները և ընտանիքի մյուս անդամներն ինչ հաճախականությամբ են շփվում երեխայի հետ կամ շփման ինչպիսի մոտեցում են ցուցաբերում երեխայի հանդեպ, կարող ենք ասել՝ հետագայում բալիկը հասակակիցների կամ այլ մեծահասակների հետ նույն միջավայրում հայտնվելիս կունենա՞ շփման դժվարություններ, թե՞ ոչ։

 

Լուիզա Աբրահամյան